2 տարի հետո կգամ, կսովորեմ ու հայտնի խոհարար կդառնամ. անմահ հերոս Նարեկ Ղազարյան
Նարեկ Գեղամի Ղազարյանը ծնվել է 2002թ-ի փետրվարի 13-ին Էջմիածնում: Ուսումը չհասցրեց շարունակել: 2020թ-ի օգոստոսին կամավոր դիմում ներկայացրեց և ծառայության անցավ Ջաբրայիլում, սակայն պատերազմի ընթացքում նրան տեղափոխել էին Հադրութ:
«Դպրոցն ավարտեց և անմիջապես մեկնեց ծառայության: Մեկնելուց առաջ ասում էր՝ 2 տարի հետո կգամ, կսովորեմ ու հայտնի խոհարար կդառնամ: Բոլորդ կհպարտանաք ինձնով: Ամենամեծ երազանքը Իտալիա մեկնելը և հետագայում, հնարավորության դեպքում, աշխատանքն այնտեղ շարունակելն էր: Տարբեր սպորտաձևերով էր զբաղված: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ոչ մի հանդիպում բաց չէր թողնում, պարտությունների մասին էլ մեծ ցավով էր խոսում: Շատ լավ վոլեյբոլ էր խաղում: Ամեն տարի գարնանը դպրոցում վոլեյբոլի մրցումներ էին անցկացվում: Նարեկը դասարանի խմբի հիմնական կազմի մեջ էր ու անբացատրելի ոգևորությամբ էր սպասում մրցումների մեկնարկին», – հիշում է Էմմա Սիմոնյանը՝ Նարեկի քույրը:
Հոկտեմբերի 12-ին հետախուզական գործողությունների ժամանակ Նարեկն ու իր 7 ընկերները վիրավորվել են: Նահանջելով պատսպարվել են Հադրութի Վանք գյուղի տներից մեկում: Չիմանալով, որ այդ գյուղը ևս թշնամուն է անցել՝ սպասել են օգնության, սակայն օգնություն ուղարկելու հնարավորություն այդպես էլ չի եղել:
Առաջին բանը, որ Նարեկի մասին խոսելիս բոլորը նշում են, նրա ժպտերես լինելն է: Նույնիսկ մականունը «Ժպիտ» էինք դրել:
«Նարեկի հետ նույն դասարանում ենք սովորել, և վստահաբար կարող եմ նշել, որ նա այն մարդկանցից էր, ով բոլորի հետ լեզու էր գտնում ու նրա հետ բոլորին հաճելի էր: Շատ կատակասեր էր, չնայած որ հանկարծակի կարող էր լրջանալ. բոլորս զարմանում էինք այդ վայրկյանական փոփոխության վրա: Շատ էր սիրում կարգապահություն: Ընկերներ շատ ուներ, բայց շատ քչերին էր կարողանում լիովին վստահել: Բոլորիս պաշտպանն էր Նարեկը ու հիմա էլ վստահ եմ, որ երկնքից միշտ հետևելու և պաշտպանելու է մեզ», -պատմում է քույրը:
Նարեկը վերջին անգամ հոկտեմբերի 5-ին էր տուն զանգահարել: Զգուշացրել էր, որ իրենց ապահով վայր են տեղափոխում, չանհանգստանան, եթե ուշ-ուշ զանգահարի: Դրանից հետո 2 ամիս զանգ չի եղել Նարեկից: Չնայած ընկերներն ասում էին, որ շրջափակման մեջ է հայտնվել, սակայն հարազատները չէին ուզում հավատալ, որ Նարեկին ինչ-որ բան է պատահել, և սպասում էին նրա զանգին: Ցավոք, այդ լուրերը ճիշտ էին։
Դասընկերները միայն լավ հիշողություններ են պատմում նրա մասին: Ասում են՝ խելացի էր ու ինֆորմացված էր տարբեր ոլորտներից.
«Շատ լավ ընկեր էր, ով միշտ պատրաստ էր օգնել բոլորիս ամեն հարցում: Իր հետ շփվելը շատ հաճելի էր, որովհետև միշտ լավ տրամադրություն էր փոխանցում: Նրանից շատ բաներ էինք սովորում, հետևում էր համաշխարհային լուրերին: Մի անգամ դասարանով գնացել էինք «Դենդրոպարկ» ու հավաքվել էինք մի ծառի տակ: Ես կիթառ էի նվագում: Մեր դասընկերներից մեկի մոտ աղբ կար, բայց աղբաման չէր գտնում: Նարեկը գնաց ու երկու րոպե հետո եկավ մի մեծ աղբամանով (անիվներով աղբաման էր), քշելով բերեց»,- հիշում է Նարեկի դասընկերը՝ Սարգիս Ավետիսյանը:
Դասընկերուհին՝ Ինգա Մելքումյանը, պատմում է, որ նա միայն ընկեր չէ եղել իր համար:
«Նարեկն իմ եղբայրն է եղել: Մենք միասին հաճախել ենք մանկապարտեզ, հետո դպրոց: Նա շատ լուսավոր էր, շատ նուրբ, յուրահատուկ, ուրիշ էր նա: Մենք 7-րդ դասարանից մինչև 12-րդ դասարան իրար կողք ենք նստել, և կարելի է ասել, միասին ենք մեծացել: Նա այն եզակի մարդկանցից էր, ում պատմում էի գաղտնիքներս և խորհուրդներ էի լսում նրանից, և նույնը ինքն էր անում: Չափից շատ խնամված էր, անգամ մի մազը պետք է ծուռ չլիներ, կոշիկները միշտ փայլում էին: Շատ աշխատասեր էր, սիրում էր աշխատել և ամեն ինչ ինքնուրույն ստեղծել:
Ինգան ասում է՝ մինչև հիմա չի հավատում, որ նա չկա: Ամեն օր, ամեն ժամ սպասում է նրան: Շատ հիշողություններ ունի Նարեկի հետ կապված, բայց առանց արցունք չի կարողանում խոսել.
«Նարեկն իմ մանկությունն ու պատանեկությունն է եղել: Մի տարի իր ընկերներից մեկը մահացել էր, շատ ծանր էր տանում, դասերի ընթացքում նստում էինք ու միասին լացում: Շատ էր վստահում ինձ: Անգամ անձնական, ընտանեկան գաղտնիքները, միշտ ինձ հետ էր կիսվում»:
Պատերազմը ցավոք խլեց շատ հայորդիների կյանք։ Նրանցից մեկն էլ Նարեկ Ղազարյանն է, ով հերոսացավ, բայց մեծ ցավ թողեց հարազատների ու ընկերների սրտերում։