Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024

Տիգրանի շքանշանները Մատաղիսի զորամասում են՝ զորամասային հագուստին ամրացրած

Ապրիլի 26, 2023

Լուսավոր, ժպտերես Տիգրան Վահանի Մելքոնյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում։ Շատ աշխույժ և չարաճճի էր։ Դեռ չորս տարեկանից գնացել է պարի. պարը շատ էր սիրում, հիանալի պարում էր։ Սովորել է N 174 հիմնական դպրոցում, այնուհետև Սերո Խանզադյանի անվան ավագ դպրոցում։ Մինչև հինգերորդ դասարան գերազանց է սովորել, ուսուցիչները և՛ սիրում էին, և՛ բողոքում նրանից։ Ներգրավվում էր դպրոցական գրեթե բոլոր միջոցառումներում, պարում էր, վարում միջոցառումները։ Կազմակերպչական մեծ ջիղ ուներ. տնօրենն ու ուսուցիչները նրան էին վստահում շատ միջոցառումների կազմակերպչական աշխատանքները։

Ակտիվ էր, հայոց լեզվի ուսուցչի՝ տիկին Բուրնազյանի բնորոշմամբ Տիգրանը դաստիարակված խուլիգան էր։ Որ առարկան կամ ուսուցչին սիրում էր, պիտի լռությամբ հետևեր դասին։ Մաթեմատիկա էր սիրում, հայոց լեզու, հայոց և հայ եկեղեցու պատմություններ։

-Համբերատար էր, եթե անգամ ես կամ հայրը բարկանայինք, երբեք չէր պատասխանի։ Առավել ևս բարձր տոնով չէր խոսի մեր հետ,- պատմում է Տիգրանի մայրը՝ Նարինե Գալստյանը։
Տղան շատ մաքրասեր էր, տուն մտնելիս պիտի ամեն բան կարգին լիներ։ Բանակի ննջարանի վերանորոգումն էլ էր կազմակերպել։ Ծանր տոպրակներով բակ մտնող հարևանները շատ անգամներ էին արժանանում Տիգրանի օգնությանը։ Ազնիվ էր, սուտը տանել չէր կարողանում։ Քինախնդրություն նույնպես չէր սիրում։ Ընկերական էր բոլորի հետ։ Որտեղ կռիվ կար, ինքը մեջտեղում էր՝ հաշտեցնողի դերում, իսկ ծանոթ աղջիկներին էլ նեղացնող չպիտի լիներ։
Ընկերուհի ուներ, ժամանակին համադասարանցիներ էին, բայց տանը այդ մասին չէր խոսում, դեռ փոքրուց էլ քչախոս էր։ Մանկապարտեզից սկսած տուն գալիս առօրյայի մասին չէր պատմում։ Առավոտյան զանգում էր ընկերուհուն ու մինչև համալսարան հասնելը զրուցում էին, շատ հարցերով էին կիսվում իրար հետ։

Տիգրանը ընդունվել է Տնտեսագիտական համալսարանի վիճակագրության բաժինը, ցանկանում էր բանակից գալուց հետո տարբերության քննություն հանձնել և տեղափոխվել Ֆինանսների բաժին։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել էր բանակ։ Ծառայությունից չէր բողոքում, ինչ-որը տեղ ցավեր էլ, հայրը վստահ է, չէր անհանգստացնի ոչ մեկին։ Ո՛չ հագուստից էր դժգոհում, ո՛չ սննդից, ասում էր՝ այնքան միս են տալիս, արդեն մսից հոգնել եմ։

Մոր մտավախություններին պատասխանում էր. «Մամ, քո եփածի նման ա»,- ավելի ուշ ծնողներն իմացել էին, որ շուրջ քսան օր միայն ցամաք հաց է կերել։ Ծառայում էր Մատաղիում։ Ծառայության առաջին տարում տեղափոխվել է Մարտակերտ՝ սերժանտական դասերի, իսկ Մատաղիս վերադարձել է արդեն ուսադիրներով։ Ծնողները դրա մասին իմացել են միայն վերադառնալուց հետո։ 165 մ/դ-ի ավագը մարտական հերթապահության համար պարգևատրվել է։ Շքանշանները սակայն Մատաղիսի զորամասում են՝ Տիգրանի զորամասային հագուստին ամրացրած։
Ընկերասեր էր, ընկերներից մեկը ձմեռային բաճկոն չուներ, ինքը երկուսն ուներ և իհարկե, «կիսեց» ընկերոջ հետ։ Մատաղիսում գրեթե բոլորը ճանաչում էին նրան, հարգում և գնահատում էին՝ զինվորներից մինչև հրամանատարներ։

Սեպտեմբեր ամսին գումարտակով մատաղ էին արել, գնացել եկեղեցի, հետո սեպտեմբերի 25-ին բարձրացել դիրքեր։ Սեպտեմբերի 26-ի գիշերն էլ մինչև կեսգիշեր խոսել է ընկերների հետ. զանգել է իմանալու, թե մյուս դիրքերում հերթապահող իր ընկերներն ինչպե՞ս են։ Առավոտյան 165-րդ մ/դ-ի ուղղությամբ թշնամին ակտիվ գրոհ է սկսել՝ տանկեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր։ Ծանր դիմադրությունից հետո՝ անհավասար մարտում դիրքի համար անձնվիրաբար պայքարելով Տիգրան Մելքոնյանը սեպտեմբերի 27-ին անմահացել է։
Ծառայակից ընկերներն ամեն ինչ արել են, որ Տիգրանի մարմինը հանեն այնտեղից։ Ընկերները, հրամանատարները հստակ մի բան էին ասում՝ հյուծվածության և հոգեբանական խնդիրների միջով անցնելուց հետո էլ Տիգրանի դուխը ոչ մեկ չուներ, նրա պես ոչ մեկ չէր կռվում։

-Ես որ բանակային ընկերներին տեսնում եմ, ուրախանում եմ, Աստծուց գոհ եմ, որ հասել են իրենց ծնողներին,- ասում է Տիգրանի հայրը՝ Վահան Մելքոնյանը։
Տիգրանը հուղարկավորվել է Եռաբլուրում: Բակում շուտով իր անունով խաչքար կգանգնեցնեն։ Ընկերներն ուզում են Տիգրանի հիշատակի համար մատուռ կառուցել։

banak.info