Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Վեներա Ղարայանը պատերազմում կորցրել է ամուսնուն ու երկու որդիներին

Ապրիլի 26, 2023

Սկզբում ամուսնուն հուղարկավորեց՝ հոկտեմբերին, հետո գտան ավագ որդու մարմինը՝ հունվարն էր, փետրվարին թաղեց միջնեկ որդուն, Վեներա Ղարայանի ամուսնուն ու երկու որդիներին այս պատերազմը տարավ. Դավիթ, Վազգեն, Գարեգին. 21, 23 ու 48 տարեկան Ղարայանները հիմա Եռաբլուրում են:

Վեներան՝ սկեսուրի հետ, երեք դրոշների մեջ խճճված խունկ են ծխում երեք խնկամաններում։ Ասում է՝ ամենաշատը սարսափում է՝ քանի երեխա ունեք հարցից. «Էդ հարցին կարելի է ասել, չեմ պատասխանում»:

Այս լուսանկարում նրանք բոլորով են՝ 6 հոգանոց երջանիկ ընտանիք, Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում: Վեներան հիմա փոքր որդու, դստեր, սկեսուր-սկեսրայրի հետ տուն են վարձակալում Երևանում: Ընտանիքի վերջին ուրախությունը պատերազմի նախօրեին էր՝ փոքր որդու Մհերի ծննդյան տոնը նշեցին, առավոտյան արդեն վեր թռան պայթյունների ձայներից. «Դավիթը վեր թռավ տեղից՝ ես պիտի ընդեղ լինեմ​»​

Դավիթը պայմանագրային զինծառայող էր Մարտունիում, պատերազմի հենց առաջին օրը ընտանիքի հայրն ու ավագ որդին էլ՝ Վազգենը Ֆիզուլի գնացին:

Պատերազմում էին Քյուրաթաղի բոլոր չափահաս տղամարդիկ, ասում են ընտանիքի կանայք, որ հետո այս ու այն կողմից լսում էին, թե հադրութցի տղամարդիկ փախել -չեն կռվել. «Ասում են՝ հադրութցին փախել ա, ես էլ եմ ասում, հադրութցին փախել ա, բայց գիտեն ովքեր են փախել, հա, ճիշտ են ասում, որ փախել են, փախնողները փախել են, մնացողները մնացել են»​:

Գարեգին Ղարայանը Վազգենի հետ ֆիզուլիում նույն օրն են զոհվել, հոկտեմբերի 15-ին, հոր մարմինը մարտադաշտից դուրս են բերել, բայց Վազգենի մարմինը հունվարին են կարողացել գտնել: Իսկ Դավիթը այն 72 զինվորների թվում էր, որոնց հոկտեմբերի 11-ին բերել էին արդեն ադրբեջանցիներով լցված Հադրութ: Ընտանիքին զինվորականները հանգստացնում էին, թե միջնեկը ողջ է՝ անտառներում թաքնված: «Ասում էին՝ իրանք անտառներում են, լավ են, ասում էին՝ Կարմիր խաչը կմտնի անտառներից կհանեն, վերջում պարզվել ա, որ իրանք ամսի 11-ին էլ զոհվել են», - պատմեց Վեներա Ղարայանը:​

Վեներան որդիների դեմքն էլ չի տեսել հողին հանձնելուց առաջ, միայն ամուսնունը: Երեքի մահվան համար մեղադրում է մարտադաշտում որոշում կայացնողներին, ասում է, նրանք երեքն էլ զոհվել են սխալ, փնթի հրամանների հետևանքով. «Ամսի 10-ին Հադրութը Թուրքի ձեռքն էր, ինչո՞ւ էդ 72 հոգուն ուղարկեցին Հադրութ, մեղադրում եմ, դատի եմ տվել, բայց ոչ մի պատասխան: Եթե հաշվենք Ֆիզուլիում ծառայությունը իրանց ոնց ա եղել, թուրքերը, որ մասում են եղել, ինչ հրաման են տվել, մեղադրում եմ, բա ինչ եմ անում»:​

Վեներան փոքր որդու հետ հայրենի Քյուրաթաղում էր մնացել պատերազմի օրերին, որպեսզի ամուսնուն ու որդիներին մոտ լինի, հետո արդեն գյուղն էլ թեժ առաջնագիծ էր դարձել, ստիպված էին հեռանալ:

Ասում է՝ որքան գյուղից «հեռանում էի, այնքան թուլացնում էի ամուսնուս ու որդիներիս թիկունքը՝ թեպետ նրանցից միայն հուսադրող խոսքեր է լսել ու հորդորներ, թե գնացեք Երևան ու զգուշացեք քովիդից»:

Երեք տղամարդկանց մահվան բոթերը հերթով լսել են հայաստանյան տարբեր հասցեներում, ընտանիքն այստեղ 4 տուն է փոխել։ Եռաբլուրն այստեղ է, Արցախում ապրելու մասին ընտանիքում մտածող չկա, բայց Վեներան ասում է՝ կցանկանար անցնել սիրելիների անցած ճանապարհներով. «Չեմ պատկերացնում, որ գնամ Ղարաբաղ հիմնական ապրեմ, բայց եթե մեր հողերը մեզ տան, ես մտածում եմ՝ ախր մեր էրեխեքը ընդեղ են մեծացել, գոնե իրանց քայլած տեղերը ես էլ քայլեմ»:​

Քյուրաթաղի տնից վերջին պահին միայն լուսանկարների ալբոմն է վերցրել. բոլոր լուսանկարներում քայլ-քայլ հասակ են առնում Դավիթն ու Վազգենը՝ կենսուրախ հայրիկի թևի տակ: Ավագ որդուն հենց մահվան ամսում պետք է նշանեին:

Արցախի կառավարությունը ընտանիքին տուն է խոստացել, սպասում են, հստակություն չկա։ Զոհվածների համար նախատեսված դրամական փոխհատուցում 3 զոհ ունեցող այս ընտանիքը դեռևս չի ստացել. «Ներկա պահին պետությունից ոչ մի բան, ինչ պետություն ասես, մեր տեղն էլ չգիտի»:​

Վեներան ընդամենը 42 տարեկան է, ուզում է, որ իրեն մնացած երկու երեխաները՝ Լիլիթն ու Մհերը, լավ սովորեն, հաջողեն, հասնեն իրենց նպատակներին, իսկ ինքը մտքերն ու կյանքը դասավորելու ուժ դեռևս չունի. «Նայում եմ դուրս, ասում եմ, արդեն լուսացել ա, մթնել ա, ասում եմ՝ արդեն մթնել ա»:​

Մանրամասները՝ տեսանյութում

azatutyun.am