Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Այսօր Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. Վրեժ ունեմ լուծելու. Քյարամ Սլոյանի հայր

Ապրիլի 27, 2023

Քառօրյա պատերազմի հետեւանքով Մարտակերտում զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը 2016 թվականի ապրիլի 30-ին մեկնեց մարտական դիրքեր: Այս մասին Xnews.am-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Քյալաշ Սլոյանը: Վերջինս՝ որդուն վերահուղարկավորելուց հետո էր որոշել մեկնել առաջնագիծ, սակայն նրան արգելել էին: Հիմա վճռական է տրամադրված, մեկնելու է, որպեսզի սեփական աչքերով  տեսնի այն  վայրը, որտեղ որդին է զոհվել: «Պետք է գնամ, որ այնտեղ նաեւ զոհվածի կոյկա պետք է տեղադրենք այնտեղ»,- նշեց Քյալաշ Սլոյանը, հավելելով, որ նախկինում էլ էր ցանկություն հայտնել որպես կամավոր մեկնել առաջնագիծ, բայց զինկոմիսարիատից թույլ չեն տվել:

Հիմա զոհված 20 –ամյա Քյարամ Սլոյանի հայրն առավել քան պատրաստ է մեկնելու առաջնագիծ: Հայտարարում է վրեժ ունի լուծելու:

Մեզ հետ զրույցում Քյալաշ Սլոյանը պատմեց, որ որդու հերոսական արարքների մասին բազմաթիվ անգամներ է լսել, տեղյակ է նաեւ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կարող էր փրկվել,  բայց մինչեւ վերջ որոշել է կանգնել հրամանատարի կողքին: Իսկ Քյարամի հրամանատարը կապիտան Արմենակ Ուրֆանյանն է եղել: Երկուսն էլ զոհվել են: «Ինքն իրա աֆիցերի, իրա ընկերոջ հետ՝ 3-4 հոգի են էլե, չեն թողել, որ առաջ գան, մինչև իրանց պատրոնները պրծել ա, նոր իրանց խփել են: Հրամանատարը վիրավոր ա եղել, իրան ասել ա՝ փախի, ասել ա՝ չէ, ես քեզի չեմ թողի մենակ, ու իրան էլ են խփել, որ պատրոնները պրծել են», - պատմեց հայրը:

Քյարամ Սլոյանը բազմաթիվ երազանքներ ուներ: Ամենակարեւորը կիսախարխուլ բնակարանն էր ցանկանում վերականգնել: Այդ գործը նրան ավարտին հասցնել չհաջողվեց:  Հայրը փոխանցեց, որ տան տանիքի վերանորագման աշխատանքներն ավարտվել են, ներկայումս ընթանում է ներքին հարդարման աշխատանքներ:

Նշենք, որ Սլոյանների ընտանիքին օգնելու պատրաստակամություն շատերն էին հայտնել: Տանիքի վերանորոգման աշխատանքները կատարելու պատրաստակամություն էր հատնել ՀՀ Արդարադատության նախարարությունը:

asekose.am