Երազում էր Արցախի նախագահը դառնալ
Հայրենիքի համար իր կյանքը տված Հայկ Ղուլյանը 19 տարեկան էր, Արցախի Շեխեր գյուղից: Սովորում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Իր տեսակով տարբերվող Հայկը ապագայի համար մեծ պլաններ էր կազմել. «Ամեն ինչ հաշվարկով էր անում, իր յուրաքանչյուր ասած խոսք ու գործ կյանքի էր կոչում: Բանակից զորացրվելուց հետո ցանկություն ուներ սովորել Գերմանիայում, հետո նաև ասում էր, որ ուզում է դառնալ Արցախի նախագահ, իսկ մեզ էլ խոստանում էր պաշտոններ տալ»,- ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց Հայկի համակուրսեցի Մանե Ստեփանյանը:
Ըստ կուրսընկերուհու՝ բոլոր դասախոսները ճանաչում էին Հայկին, որովհետև շատ ակտիվ էր ու ճարպիկ, բայց միևնույն ժամանակ համեստ:
«Շատ հումորով էր Հայկը: Մի անգամ երկուսս ուշացել էինք դասից, լսարան մտնելուց առաջ ասաց՝ դու բան չխոսես, ես կասեմ: Մտանք լսարան, դասախոսը բարկացավ մեզ վրա, Հայկն ասաց՝ ընկեր Խաչատրյան, բա չիմացաք ինչ ա եղել, մետրոյի տակ եմ ընկել, հազիվ եմ փրկվել, Սյուզին էլ վկա»,-կուրսընկերոջ արկածների մասին պատմեց Սյուզի Գրիգորյանը:
Հայկն ուզում էր «Շեխեր» գինին այնքան հայտնի դարձնել, որ ամբողջ աշխարհն իմանա ամենահամեղ ու ամենամաքուր գինու մասին: Հայկը գերազանց էր սովորում, իսկ կուրսընկերներին միշտ ասել է, որ կյանքում պետք է վստահ լինել ու երբեք չվախենալ:
Կուրսընկերներն ասում են՝ Հայկը բանակից վերադառնալու օրերն էր հաշվում, իսկ վերջին անգամ քրոջ հետ խոսելիս ասել է, որ շուտով վերադառնալու է: