Անմահ հերոս Միշա Հակոբյան
2001թ.-ին Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում ծնված Միշա Արծրունի Հակոբյանը մեկն է այն հայորդիներից, ով հայրենիքի համար կռվում չխնայեց ամենաթանկը՝ կյանքը:
Միշան դպրոցում շատ լավ է սովորել, դպրոցին զուգահեռ հաճախել է նաև երաժշտական դպրոց: Հարազատները պատմում են, որ նա շատ էր սիրում մեքենա վարել ու երազում էր բանակից վերադառնալուն պես իրեն մեքենա գնել:
Միշան ժամկետային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2019թ.-ի դեկտեմբերի 25-ին: Զինվորը ծառայությունն անցկացնում էր Մարտակերտի զորամասում՝ որպես հրետանավոր:
Ընտանիքի անդամների խոսքով Միշան սիրում էր ծառայությունը և երբեք չէր բողոքում. «Նա տեսակով ընկերասեր, կատակասեր անձնավորություն էր, սիրված ու հարգված էր բոլորի կողմից: Բանակից ամեն օր զանգում էր և երբեք չէր դժգոհում, միշտ ասում էր՝ մի նեղվեք, ամեն ինչ լավ կլինի ու դուք մի եկեք, ես կգամ…»:
Միշային նկարագրելիս ասում են, որ շա՜տ գաղտնապահ էր, յուրահատուկ էր, քանզի իր մեջ աննկարագրելի աշխարհ ուներ: Տղայի մասին խոսելիս ընտանիքի անդամները ներկայով են խոսում ու անսահման ցավի մեջ՝ հպարտ են, որ իրենց կյանքում Միշայի նման հերոս ունեն. «Բառերն այնքան քիչ են Միշային նկարագրելու համար: Կարելի է փաստել, որ նա կենսուրախ, թեթև մարդ էր ու յուրաքանչյուր խնդիր, ինչ բարդության էլ որ լինի՝ ժպիտով լուծում էր»:
Միշան իր սրտի խորքում հավանած աղջիկ ուներ ու տանեցիների հետ խոսելիս ասել էր, որ երբ վերադառնա, այդ ժամանակ էլ Աստծո կամոք ամեն ինչ լավ կլինի, քայլեր կձեռնարկի:
Ավաղ Միշան դարձավ հավերժի ճամփորդ. թեժ մարտերի ընթացքում մինչև վերջին շունչը պայքարեց թշնամու դեմ՝ ոչնչացնելով վերջինիս մեծաթիվ զինտեխնիկա ու մարդուժ, սակայն հոկտեմբերի 13-ին՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից ինքն էլ քաջաբար ընկավ: