Սիրտը նվիրեց արցախահայուհուն, կյանքը՝ Արցախին
«Նա փորձում էր հասցնել արագ ապրել»,-ասում է Դավիթ Մայիսի Քոչինյանի կինը՝ Լանա Քոչինյանը:
Դավիթը ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 1990թ.-ի հոկտեմբերի 28-ին: Նա շատ ճարպիկ երեխա էր, մեծ սեր ուներ ֆուտբոլի նկատմամբ, սակայն որոշել էր՝ պետք է սպա դառնա. «2008թ.-ին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Ռադիացիոն քիմիական, կենսաբանական ակադեմիան: Ուսանելու տարիներին աչքի էր ընկնում բարձր առաջադիմությամբ, գերազանց գիտելիքներով, կազմակերպվածությամբ, պատասխանատվության բարձր զգացումով», -ներկայացնում է Լանան ու հավելում, որ 2016թ.-ին կարգ ու կանոն սիրող զինվորականը նշանակվել է Ստեփանակերտի քիմիական զորամասի հիամանատար. «Այդ ժամանակ արդեն կապիտան էր ու մեծ ոգևորությամբ, պատասխանատվությամբ էր վերաբերվում ծառայությանը: Ինքը շա՜տ պահանջկոտ էր, շատ խիստ էր ծառայության մեջ, բայց նաև անչափ հոգատար էր ծառայակիցների նկատմամբ: Դավիթը շատ բարի մարդ էր»:
Դավիթը կնոջ հետ ծանոթացել է 2015թ.-ին, երբ արդեն 3 տարի է, ինչ ծառայության էր անցել Արցախում. «Ես Ստեփանակերտից եմ, մի օր հանդիպեցինք, մեկ հայացք գցեցինք իրար ու գնացինք ամենքս մեր ճանապարհով: Անցավ երկու ամիս, ինքը փնտրեց, գտավ ինձ ու փորձեց կապի դուրս գալ: Որոշ ժամանակ անց հանդիպեցինք: Դեկտեմբերի 3-ն էր, առատ ձյուն: Երկար քայլեցինք, խոսեցինք ամեն ինչից ու ինքն առանց ճանաչելու որոշել էր, որ իր ընտրյալը ես եմ ու պատմում էր, թե ինչպիսին պետք է լինի մեր ընտանիքը: 4-5 բալիկ պետք է ունենայինք, անպայման տղա էր ուզում, բայց աղջիկների ծնվելուց հետո զգաց, որ ավելի շատ սիրեց»:
Ամուսինները մոտ 3-4 ամիս են շփվել ու միանգամից որոշել են իրենց կյանքը միմյանց հետ կապել՝ առանց մեծ խնջույքի ու ավելորդությունների. «Արդեն ասացի, որ շատ հոգատար էր, աշխատանքային լարվածության մասին տանը մոռանում էր, կյանքով ու հույսով լեցուն մարդ էր: Նա նաև ճշմարտախոս էր, զգացածը հենց նույն պահին ասում էր»:
Հերոսի կինը պատմում է, որ ամուսինը շատ հոգատար էր, ընկերասեր, չափից շատ էր սիրում ընտանիքը. «Դավիթը շատ նվիրված էր, կյանքում ամեն ինչից առավել սիրում էր մեր աղջիկներին: Ինքը շրջագայել էր սիրում, աղջիկներին էլ միշտ տարբեր տեղեր էր տանում: Երևի զգում էր, որ քիչ ժամանակ ունի ու փորձում էր ոչնչից չզրկել երեխաներին»:
Դավիթը նաև խոհանոցից էր «գլուխ հանում». «Ինձ շա՜տ էր օգնում, սիրում էր և՛ համեղ պատրաստել, և՛ ուտել»:
Դավիթը կնոջը միշտ մեծ ոգևորությամբ էր պատում, թե ինչքան է սիրում հայրենիքը, ծառայությունը, որն իր համար ոչ թե աշխատանք էր, այլ հայրենիքի առաջ պարտքի կատարում. «2018թ.-ի ապրիլ ամսից Դավիթին նշանակեցին ՀՀ Խաղաղապահ զորքերի քիմիական ծառայության պետ և տեղափոխեցին ծառայությունը շարունակելու Բալահովիտում: Ամուսինս չէր սիրում աշխատանքային թերությունները, նա կիսատ գործերը վաղվան թողնողներից չէր. գիշերներն արթուն էր մնում, որ ամեն ինչ հասցնի գերազանց անել»:
Այս ամենի հետ մեկտեղ,Դավիթն իր արմատներից կտրված չէր, երազում էր թոշակի անցնելուց հետո Վանաձոր վերադառնալ. «Երազում էինք մեր մեծ տունն ունենալ ու ապրել լիքը բալիկներով շրջապատված, սակայն երկուսիս երազանքը կիսատ մնաց…»:
2020թ.-ի հուլիսին Դավիթ Քոչինյանը մայորի կոչում էր ստացել:
Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Դավիթը եղել է Արարատի դիրքերում, հետո մեկնել է Արցախ՝ Հադրութի շրջան: Հոկտեմբերի 21-ին պետք է Ազոխից գնար Կարմիր շուկա, գնաց ու Դրախտիկում՝ դիպուկահարի կրակոցից զոհվեց. «Նա հենց կռվի սկզբից ինձ անընդհատ ասում էր, որ երկարատև պատերազմ է ու դժվար թե շուտ ավարտվի: Անընդհատ հարցնում էր, թե ինչպես ենք ու ինքն էլ կրկնում էր, որ լավ է, ապահով է, իսկ վերջում ասաց, թե գիտի, որ հնարավոր է այնտեղից էլ հետ չգա, բայց ոչինչ մեր հայրենիքն է և պաշտպանելը մեր պարտքն է»:
Մայորն ունի բազմաթիվ պատվոգրեր՝ Լավագույն սպա, Բարեխիղճ ծառայության համար, Լավագույն հրամանատար: Արժանացել է Մարշալ Բաղրամյանի շքանշանի:
Լանան հպարտությամբ է ասում, որ չնայած Դավիթից մեկ տարով է փոքր, բայց անընդհատ նրանից սովորում էր. «Նա միշտ, ցանկացած հարցի համար 7-8 լուծման տարբերակ ուներ: Նա ինձ վստահություն էր ներշնչում կողքիս ամուր կանգնելով: Ինքը հսկա էր, բայց և շատ զգացմունքային էր»:
Կնոջ համար Դավիթը իդեալական ընկեր էր, իսկ հայրենիքի համար դարձավ նվիրյալ որդի…