Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

<<Ոսկե արծիվ>> շքանշանակիր Արայիկ Սերգեյի Գրիգորյան

Ապրիլի 29, 2023

Արցախյան վերջին պատերազմում հանուն հայրենիքի անմահացածների շարքում կան այնպիսի անհատներ, որոնք անուրանալի ավանդ ունեն հայրենի երկրի տարբեր ոլորտների կայացման, բարգավաճման գործում: Իր ծննդավայրը, հայրենիքը, ինչպես նաև տարիներով ստեղծածը պաշտպանելու գիտակցությունն է այդպիսի մարդկանց մղել առաջնագիծ, պարտավորեցրել դառնալ զինվոր ու իրենց վրա վերցնել նոր պատասխանատվություն: Այդպիսի անհատներից է Արցախի հերոս, գեներալ-մայոր, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Սերգեյի Գրիգորյանը:

Գործընկերներն ու հարազատները նրան բնորոշում են որպես արհեստավարժ, խելացի մասնագետ, բարի, ազնիվ, իր գործին ու ընտանիքին նվիրված, մեծահոգի անձնավորություն:

Ծնվել է 1970 թվականի հունիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 միջնակարգ դպրոցում, որի դասասենյակներից մեկն այժմ կրում է նրա անունը: Արայիկ Գրիգորյանը և կրթության մեջ էր աչքի ընկնում, և արտադպրոցական միջոցառումների ժամանակ:

1988-1992 թվականներին սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Ֆիզիկական կուլտուրա բաժնում։ 2015 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրան՝ Քրեական իրավունք մասնագիտությամբ։

1994-1995 թվականներն ընկած ժամանակահատվածը ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում։

1995 թվականի հոկտեմբերի 19-ից ծառայության էր անցել ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում`զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ սկսելով ծառայության ստորին օղակներից, հետագայում զբաղեցնելով բաժնի պետի և վարչության պետի պաշտոններ։ 2019 թվականի նոյեմբերի 15-ից զբաղեցնում էր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ՆՀ-152-Ա առ 29.08.2020թ. հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Իր երկարամյա ծառայության ընթացքում Արայիկ Գրիգորյանը պարգևատրվել է գերատեսչական բազում մեդալներով ու պատվոգրերով, հետմահու՝ ԱՀ Մարտական Խաչ 1-ին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշաններով:

Չնայած աշխատանքային գերծանրաբեռվածությանը, նա միշտ կարողանում էր ընտանիքի համար ժամանակ գտնել: Ունի երկու դուստր՝ Մարիամ և Աննա: Հոր մասին պատմելիս, չնայած անհուն ցավին, Մարիամի աչքերը յուրահատուկ փայլ են ստանում. «Շատ լավ հայր էր ինձ և քույրիկիս համար: Մեր հարաբերությունները դասական հայր-զավակ հարաբերությունները չէին, շատ մտերիմ էին այն առումով, որ այնպիսի մի թեմա չկար, որ չխոսեինք ու չքննարկեինք: Ինձ համար նա տղամարդու իդեալ էր: Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ և արտաքնապես, և բնավորությամբ նրա նման եմ: Առաջին հերթին աշխատասիրությունը, պատասխանատվության բարձր աստիճանը ու կարգապահությունը ժառանգել եմ հորիցս»:

Աշխատանքի բերումով միշտ ծանրաբեռնված էր, բայց մանուկ ժամանակից նրան և քրոջը հատուկ ուշադրություն էր դարձնում: «Հանգստյան օրերին պարտադիր մեզ տանում էր զբոսանքի: Նրա աշխատավայրի դիմացի այգին էինք հիմնականում գնում տաք եղանակային պայմանների դեպքում: Երբեմն հագեցած աշխատանքային օրվանից հետո օգնում էր դասապատրաստման պրոցեսին: Հիշում եմ, թե ինչպես էր իմ ռուսերենի շարադրությունները գրում: Այնպես որ, որպես հայր՝ միշտ այդ ջերմությունն ստացել ենք»,- նշում է Մարիամ Գրիգորյանը:

Հոր ու դստեր երեկոյան զբոսանքները Ստեփանակերտի կոլորիտային իրադարձություններից էին: «Ամենացավալին այն է, որ ամեն օր սպասում ենք աշխատանքից գալուն: Բանալու ձայն լսելիս, մտածում ենք, թե նա է ավտոտնակի դուռը բացում: Հոգեբանորեն այնքան կապված ենք, որ ներկայությունը միշտ զգում ենք»,- պատմում է Մարիամը: Արգելված թեմա չունեին, ամեն ինչից խոսում էին. «Երբ խոսում էինք կոռուպցիոն երևույթների մասին, միշտ ասում էր՝ Մարիամ, ամենակարևորն այն է, որ աշխատանքից հետո մաքուր խղճով գլուխդ հանգիստ դնում ես բարձին»:

Մի յուրահատուկ հատկանիշ էլ ուներ. շատ շուտ ներում էր, հնարավոր է ջղայնանար, բորբոքվեր, բայց երկու րոպե հետո ներում էր ու մոռանում դրա մասին: Գործից դուրս այլ հետաքրքրություններ էլ ուներ: «Առաջին հոբբին ֆուտբոլն էր, ամեն շաբաթ ֆուտբոլ էր խաղում: 2018թ. Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականի հետ  մեկնել է Աբխազիա, և նրանք առաջին մրցանակային տեղն են գրավել: Նաև այգի ուներ Խրամորթում: Վերջին լարված օրերին մենք  մտահոգվում ենք նաև այգու համար, որովհետև դրա ամեն ծառը նրա ձեռքով էր տնկված: Արևոտ եղանակներին առավոտյան շուտ արթնանում էր, գնում այգին, իր ձեռքով խնամում, ջրում, այնուհետև գալիս պատրաստվում աշխատանքի գնալուն»,- հիշում է Մարիամը:

Արայիկ Գրիգորյանի կինը՝ Արմինե Թորոսյանը նշում է, որ նա միշտ ուզում էր ԱԱԾ համակարգում աշխատել, դպրոցական տարիներից էլ սպորտի, հատկապես ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրություն ուներ: Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում սովորելն էլ պայմանավորված էր ԱԱԾ-ում աշխատանքի ընդունվելու ցանկությամբ:  Ավարտելուց հետո, 1995 թվականի դեկտեմբերի 4-ին մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դասընթացները և այն ավարտել 1996թ. հունիսի 15-ին։

«Շուտ ենք ամուսնացել, ինքը 20 տարեկան էր, ես՝ 18: Ուսանող էինք Երևանում, երբ Մարիամին ունեցանք»,- պատմում է կինը:  

«Շատ էր աշխատում, և այսքան տարիներին չեմ հիշում գեթ մի օր, որ ինքը երկարատև աշխատանքային արձակուրդ գնար: Նրա արձակուրդը մեկ-երկու օր էր, և երբևէ երկու-երեք օրից ավելի Արցախից չէր բացակայել: Ինձ թվում է՝ դա պայմանավորված էր նաև նրանով, որ շուրջ երկու տասնամյակ համակարգում պատասխանատվության ու ծանրաբեռնվածության մեծ չափ էր դրված իր առջև»,- նշում է Մարիամը:

Կապ չուներ՝ ժամը քանիսն էր, եթե ինչ-որ խնդիր լինում էր, հասնում էր, բոլորին ինքնամոռաց օգնում: Չէր հոգնում, միշտ սովորում ու սովորեցնում էր, իր աշխատողների համար լավ օրինակ ու ուսուցիչ էր:

Գործընկերներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, փաստում է, որ իրենք Արայիկ Գրիգորյանից շատ բան են սովորել՝ և օպերատիվ գործունեության նրբությունների, և ընդհանրապես մարդկային-բարոյական հատկանիշների առումով. «Նրան կարող եմ բնութագրել՝ որպես արհեստավարժ մասնագետ, կարգապահ, բարեխիղճ, պատասխանատու, իր ենթակաների նկատմամբ հոգատար, կարողանում էր ճիշտ ժամանակին կողմնորոշվել տարբեր իրավիճակներում: Իր բնավորության առանձին գծերից կարելի է առանձնացնել մարդամոտ լինելը, պետական շահից բխող իր գործողությունները»:

«Իրականում համակարգը մեծ կորուստ ունեցավ: Բայց Արայիկ Գրիգորյանը հարուստ ժառանգություն է թողել: Նրա ենթակայությամբ աշխատած մի շարք ծառայողներ տարբեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, կուտակած հարուստ փորձն ու գիտելիքները կարողանում են օգտագործել իր ենթակայության տակ գտնվող համածառայակիցները, որոնք այդ հմտությունները ձեռք են բերել նաև իր շնորհիվ»,- նշում է գործընկերը, ով ավելի քան 10 տարի ծառայել է նրա ենթակայության տակ գործող ստորաբաժանման մեջ:

Մարիամ Գրիգորյանն ասում է, որ այնպիսի մի դեպք չի եղել, որ աշխատանքից ուշանա: Աշխատանքը նորմավորված ժամանակ չուներ, շատ ժամանակ չէր հասցնում ընտանիքի հետ ընթրել կամ տոների ժամանակ կես ժամով գալիս-գնում էր, բայց արդեն սովորել էին: «Մենք, մայրիկը ամեն ինչ անում էինք, որ բարդ աշխատանքային խնդիրների վրա կենտրոնանա և տնային գործերի համար չանհանգստանա: Թեկուզ ամեն ինչին ամբողջությամբ մասնակից էր դառնում: Յուրահատուկ մարդ էր, բոլորին հասնում էր, օգնում»,- ասում է նա:

Արայիկ Գրիգորյանը գործուն մասնակցություն է ունեցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ՝ իրագործել հույժ կարևոր օպերացիա: Իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած պատերազմի ընթացքում մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Շուշիի պաշտպանության համար մղվող մարտերին։ Զինծառայակիցները փաստում են, որ Արայիկ Գրիգորյանը, չնայելով իր պաշտոնեական դիրքին, իր աշխատակիցների հետ զենքը ձեռքին համառ պայքար է մղել թշնամու դեմ:

Իհարկե, նման մասնագիտական ունակություններով, կոչումով մարդուն ռազմաճակատ ուղարկելն այնքան էր արդարացված չէր, և Արցախի Հանրապետությունն ավելի շատ կշահեր, եթե նա կենդանի լիներ և թիկունքում կոնկրետ լիազորություններ իրագործեր: Բայց, հարազատների խոսքով, Արցախի նկատմամբ նվիրվածությունն այդ ձևով է փորձել արտահայտել: «2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում համակարգը լիովին ներգրավվել է ռազմական գործողություններին՝ ազգային անվտանգության խնդիրներից ելնելով: Դա իրենից ենթադրում է ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման համար հակառակորդի զինված խմբավորումների դեմ միջոցառումներ, օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախուզության, ահաբեկչության դեմ պայքար, և այդ շրջանակներում է համակարգը ներգավվել պատերազմական գործողություններին: Արայիկ Գրիգորյանը, հանդիսանալով ծառայության տնօրենի առաջին տեղակալ, խնդիր է ստացել կոորդինացրել, կազմակերպել այն ստորաբաժանումների գործունեությունը, որոնք պայքարում էին այդ սպառնալիքների դեմ: Պատերազմական ժամանակաշրջանում, ինքն իր անձնական նախաձեռնությամբ, հաշվի առնելով երկարամյա ծառայության փորձը, մասնագիտական գիտելիքները, ամենայն պատասխանատվությամբ ստանձնել է այդ պարտականությունների կատարումը»,- նշում է ծառայակիցը:

«Ասում էինք, որ դա քո տեղը չէ, բայց նրա մոտ  արժանապատվության զգացումն այնքան մեծ էր, որ մեկնել է ռազմաճակատ: Ամբողջ ռազմաճակատի երկայնքով մասնակցել է ռազմական գործողությունների, նույնիսկ մի քանի օր չկարողացանք հետը խոսել: Պարզվել է, որ հոկտեմբերի 4-ին իր ծառայակիցների հետ շրջափակման մեջ է հայտնվել: Առաջանագիծ մեկնելու պահին նա համակարգի միակ գեներալ-մայորն էր, որ անմիջական մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին: Անմիջապես խրամատում էր՝ զինվորների մոտ: Կան գյուղեր, որոնք հայկական են մնացել հենց իր և իր ծառայակիցների դրսևորած խիզախության շնորհիվ»,- ասում է դուստրը: Նա հիշում է, որ հայրը պատերազմի ժամանակ միշտ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելու մասին էր խոսում. «Իր մահից հետո, իհարկե, շատ դժվար էր  նորից վերադառնալ գիտական գործունեության: Բայց յուրաքանչյուր առավոտ արթնանալիս մտածում եմ, որ դա անում եմ նրա համար ու յուրաքանչյուր օր փորձում եմ ապրել այն արժեքներով, որը նա է սերմանել: Շատ դժվար է, բայց փորձում ենք հանուն նրա ապրել»:

Պատերազմի օրերին հիմնականում լավատես էր, բայց վերջին օրերին հարազատները նրա ձայնի մեջ տխուր երանգներ են նկատել: Պատերազմից երեք օր առաջ ասել էր, որ զրահաբաճկոնը հագնելիս կնունքի խաչը խրամատում կորցրել է: «Լուսացույցով փնտրել են ու չեն գտել: Ինքը հավատացյալ էր ու կնքվելուց հետո խաչը չէր հանում: Ասացի՝ բան չկա, նորը կգնենք, բայց իմ սրտում էլ մի բան փոխվեց, վատ նշան էր»,- պատմում է Արմինե Թորոսյանը:

 

«Վերջին անգամ խոսել եմ նոյեմբերի 4-ի երեկոյան: Ասացի՝ երևի անքուն ես, ձայնդ լավ չի, չպատասխանեց: Ասացի՝ լավ, վաղն առավոտյան կզանգեմ»,- ամուսնու հետ վերջին խոսակցությունը հիշում է կինը: «Առավոտյան զանգերին չի պատասխանել: Մտածեցինք՝ երևի հարմար չէր, որովհետև այդպիսի դեպքեր էլի են եղել: Հետո քույրիկս զանգեց իր ամուսնուն, վերջինս ասաց, որ զոհվել է: Դրանից հետո մեր կյանքը բաժանվել է մինչև նոյեմբերի 5-ը և դրանից հետո»,- ցավով նշում է Մարիամը:

«Եղել է համարյա բոլոր ուղղություններում՝ Հադրութից մինչև Եղնիկներ: Վերջին օրերին կռվել է Շոշ-Սղնախ պաշտպանական գծի հատվածում, որտեղ էլ նոյեմբերի 5-ին գեներալ-մայոր Միրզոյանի հետ մարտական խնդիր կատարելիս զոհվել է: Մենք պարբերաբար իրար տարբեր հատվածներում հանդիպում էինք, ինքը միշտ լավատես էր, անձնակազմին հույս էր ներշնչում թե ռազմահայրենասիրական գաղափարներով և թե իր արհեստավարժությամբ: Նաև իրեն պահում էր որպես սովորական զինվոր, հայրենիքի պաշտպան, մյուս բոլոր ծառայողների հետ իր խնդիրներն էր կատարում»,- ասում է գործընկերներից մեկը:

Արայիկ Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 7-ին, մայրաքաղաք Երևանում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։

2021 թվականի նոյեմբերի 1-ին Արայիկ Սերգեյի Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

«Պատերազմից հետո մայրիկը չէր ուզում Արցախում մնալ, քանի որ հայրիկը Եռաբլուրում է թաղված ու շատ ենք գնում Երևան: Ես ուզում եմ մնալ Արցախում, մայրիկն էլ է այստեղ: Մենք հասկանում ենք, որ մեծ է հայրիկի ներդրումն Արցախի Հանրապետության կայացման գործում, և մեծ ցավ կապրենք, որ այնքան ներդրած էներգիան ու նաև այսքան կիսատ կյանքերը իզուր լինեն: Յուրաքանչյուրս պետք է, զսպելով մեր արցունքները, կոկորդում խեղդելով ցավը, փորձենք որևէ ձևով նպաստ բերել: Ամեն մարդ իր ոլորտում փորձի նպաստել Արցախի Հանրապետությանը, նրա անվտանգ ապագային: Եվ մեր իրավիճակում գտնվողներին խորհուրդ ենք տալիս ապրել նրանց հիշատակի համար և փորձել ինչ-որ գործով նպաստ բերել Արցախին»,- խոսքը եզրափակում է Արցախի հերոսի դուստրը:

«Արցախի հերոս» կոչմանն արժանանալը գնահատական է Արայիկ Գրիգորյանի գաղտնի սխրանքների և կատարած այն անձնվեր աշխատանքի, որն ահռելի էր և նախքան պատերազմը, և դրա ընթացքում: Նա Արցախի հերոսի դասական օրինակ է և ուղենիշ կլինի ԱՀ մարմիններում ծառայողների համար:

aparaj.am