Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Անկարող եմ չկռվել

Ապրիլի 29, 2023

Տեր-Ստեփանյան Աղավնի Հարությունի

Ծնվել է 1966 թվականի հունիսի 18-ին, Երեւանում: Ավարտել է Երեւանի թիվ 142 դրոցը, այնուհետեւ՝ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանի ժամագործության բաժինը: 1984 թվականին ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ, եւ այնտեղ սովորելուն զուգահեռ աշխատել է <<Հայէլեկտրո>> գործարանում:

1984 թվականից երգել եւ պարել է <<Ակունք>> ազգագրական, այնուհետեւ՝ <<Զարթոնք>> համույթներում: 1990 թվականից սկսած Աղավնին նկարահանվել է Համո Բեկնազարյանի անվան կինոստուդիաներում՝ <<Ընկեր Փանջունի>> եւ <<Գողը>> ֆիլմերում: Վերջինը, ցավոք, մնացել է անավարտ:

Զոհվել է 1992 թվականի հուլիսի 29-ին, Լաչինի /Բերձոր/ շրջանի Հոչազ գյուղում /Աիմավան-6/:

 

Ժամանակն անսահմանորեն խտացել էր: Դեպքերն ու իրադարձություններն այնպես էին մոտեցել, որ լցվում էին միմյանց մեջ՝ խախտելով ժամանակի ու տարածության զգացողությունը: Փողոցներն ու հրապարակները ծփում էին ժողովրդական երթերից ու միտինգներից: Հայոց ոգին արթնացել էր դարավոր նիրհից:

Աղավնին՝ մի փոքրիկ աղջիկ, փոքրիկ կաթիլն էր այդ խռովահույզ ծովի: Ժամանակը չէր բավականացնում: Պետք է ֆիլմում նկարահանվեր, հարություն տար հին երգերին, որոնք յոթանասուն տարվա մեջ միտումնավոր մոռացության էին մատնվել, պետք է օգներ կարոտյալներին՝ հասցնել հատկացվող օգնությունը, գնալ միտինգների, պետք է լրացներ օտարազգի զինվորներին դիմակայող ցուցարարների շարքերը, պետք է… Գործերը շատ էին, ժամանակը՝ քիչ:

Փոքրիկ, փխրուն կազմվածքով աղջկա համար այսքանը շատ-շատ էր, սակայն Աղավնին չէր բավարարվում արածով, ավելին էր ուզում անել:

Առիթը ներկայացավ ինքն իրեն: Մի օր Աղավնին հանդիպեց Արտաշատի թատրոնի դերասաններ Հովհաննես Փանոսյանին եւ Ռուբեն Կիրակոսյանին: Հովհաննեսը ջոկատ էր հավաքում Աիմավան գնալու համար: Աղավնին զգաց, որ ներսում մի լույս վառվեց՝ ինքը պետք է գնա տղաների հետ:

– Ոչ մի դեպքում, – առարկեց Հովհաննեսը, – հենց էդ էր պակաս: Դու այստեղ ավելի շատ անելիք ունես:

Տղաները շատ համոզեցին, որ հրաժարվի այդ գաղափարից, բայց Աղավնին գիտեր, որ գնալու էր: Մեկնելու օրը նա ներկայացավ գեղեցիկ զինվորական համազգեստով եւ ջոկատի հետ մեկնեց որպես բուժքույր: Իր բնավորության մեղմությամբ եւ հոգատարությամբ կարճ ժամանակում դարձավ ջոկատի քույրը: Երբ տղաները տրամադրություն չէին ունենում, երգում էր նրանց համար, եւ նրա երգը սիրելի էր, ոգի բարձրացնող: Տղերքը նրա Աղավնի անունը փոխեցին Աղունիկի, ապա ավելի մտերմիկ կանչում էին Աղուն:

Աղավնին ամեն օր խնդրում էր հրամանատարին, համոզում, որ իր տեղը պահակետում է, ոչ թե շտաբում: Այստեղ էլ հասավ նպատակին՝ իր համար ծանր զենքը կախում էր ուսից եւ գնում ծառայության: Փորձառու տղաները սովորեցնում էին զենքի հետ վարվելու ձեւը, ունեցած սուղ փամփուշտներից տրամադրում, որ կրակել սովորի:

Արդեն երկրորդ ամիսն էր լրանում, ինչ Աիմավաններում էին: Փախստականներ էին գալիս: Գյուղերը շնչում էին կենդանությամբ: Այդ օրերին հիմնականում խաղաղ էր: Խաղաղ սկսվեց նաեւ հուլիսի 29-ը: Զինվորների մի մասը գիշերային հերթապահությունից հետո քնած էր: Մի քանի օր էր, ինչ եկել էին Աիմավան-6: Այդ օրն իրենց պետք է ուղարկեին հանգստանալու: Լսվեց պայմանական նշանը՝ երեք կրակոց: Եկել էր հրամանատար Ռոդենը եւ պահանջում էր հավաքվել գյուղի ծայրի բլրակի մոտ, որտեղ ջոկատի պահակետն ու դիտակետն էր:

Աղավնին ջոկատի մի քանի տղաների հետ շտապեց այնտեղ: Բոլորն արդեն հավաքվում էին պահակետի բլրակի ստորոտում, երբ որոտացին համազարկերը: Թշնամին ամենուրեք էր: Ուղիղ նշանառությամբ վերացրին ջոկատի միակ, հարմար դիրքում տեղադրված պահակետն ու գրոհեցին: Կրակում էին մոտակա բլուրներից, աջից, ձախից: Շուտով ազերիների մի խումբ, արագորեն իջնելով սարից, մտավ գյուղ: Դրությունը դարձավ անկառավարելի:

Աղավնին անմիջապես դիրքավորվեց մոտակա ցանկապատի ետեւում: Տղաները նույնպես դիրքավորվեցին: Չէին կարողանում գոնե գլուխները բարձրացնել, որ կողմնորոշվեն: Այսպիսի իրադրության մեջ խուճապն անխուսափելի է: Այդպիսի մի պահ եղավ Աղավնու մոտ: Տեսնելով դիմացից վազող հակառակորդին, նա մի ակնթարթում դատարկեց իր մոտ եղած միակ պահունակը եւ մնաց առանց փամփուշտի: Դրանից հետո խուճապն ավելի սաստկացավ, երբ զգաց, որ թշնամու դեմ անզեն է:

– Տղե՜րք, – կանչեց իր զրնգուն ձայնով ու ցանկանում էր ոտքի ելնել, երբ տղաներից մեկը քաշեց, գետնին սեղմեց ու մեկնեց լիքը պահունակը:

Չիմացավ էլ, թե ով էր՝ ոչ դեմքն էր կարողանում տեսնել, ոչ՝ ձայնը լսել: Նրանց մոտ նռնակ պայթեց: Հակառակորդը հարմար դիրքից կրակում էր նռնականետով: Փոշին, ծուխը, տարբեր կողմերից թռչող բեկորներն ու քարերը թնեցնում էին պարզ օրը:

– Աղուն ջան, – լսեց մեկի ձայնը, – հատ-հատ կրակիր եւ աշխատիր նշան բռնել, նոր… ես քեզ պահում եմ, ետ քաշվիր մինչեւ մոշի թփերը՝ այնտեղ ապահով է:

Աղունը ձայնից ճանաչեց Արթուր Գրիգորյանին: Սկսեց ետ սողալ: Երբ հասնում էր մոշի թփերին, նռնականետով խփեցին քիչ առաջվա իր պառկած տեղին: Սարսափով ետ նայեց. իր փրկիչը գալարվում էր արյան ծովի մեջ:

– Շնե՜ր, – գոռաց սեղմած ատամների արանքից, – շնե՜ր… , – ապա դիրքավորվելով մոշի թփերի ետեւում եղած քարակույտում, նայեց առաջ, դեպի թշնամին, որն արդեն դիմադրության չհանդիպելով, գյուղից շարժվում էր ուղիղ իր վրա: Մի պահ հրաձգությունը կարծես դադարել էր: Կրակոցները գնալով հեռանում էին: Հասկացավ, որ ինքը մենակ է մնացել թշնամու դեմ, բայց վախն առաջին խուճապը հաղթահարելուց հետո անցել էր:

Ադրբեջանցի զինվորներն աննպատակ կրակելով մոտենում էին: Աղունը թողեց, որ նրանք մոտենան որքան հնարավոր է, ապա կրակահերթ տվեց: Մի քանի հոգի ընկան, մյուսները դես ու դեն փախան՝ հարմար դիրքեր գտնելու: Մի կրակահերթ էլ տվեց: Սկսեցին հայհոյել: Ապա մի ակնթարթում գնդակները հնձեցին մոշի թփերը: Կրակում էին նաեւ ձախ կողմի բլրից:

Աղավնին ավելի սեղմվեց քարակույտերի մեջ ու լռեց: Բավականին երկար կրակելուց հետո, կարծելով, որ թփերի մեջ դիրքավորված զինվորը սպանված է, ադրբեջանցիները զգուշորեն ոտքի կանգնեցին: Հենց այդ պահին ինչ որ մեկը նորից կրակեց: Երեւի վիրավորներից մեկն էր, որ ուշքի էր եկել: Հակառակորդը կրակն ուղղեց այնտեղ: Վիրավորը լռեց: Աղավնին, նույնպես, դավադիր լռությամբ սպասում էր: Երբ համոզվեցին, որ բոլորը զոհվել են, ադրբեջանցիները համարձակորեն սկսեցին առաջանալ: Աղավնին երկար կրակահերթով մի քանիսին եւս տապալեց գետնին: Հակառակորդը ողջ կրակը կենտրոնացրեց նրա վրա: Ձախ կողմի բլրից սկսեցին խփել գնդացրով: Նռնակն ընկավ Աղավնու կողքին, ոտքից վիրավորվեց: Մի պահ բարձրացավ, ձեռքը տարավ ոտքին՝ այրող ցավը զսպելու համար, ու հենց այդ պահին էլ կարծես սուր դանակով պատռեցին թիկունքը:

Ադրբեջանցիները մի քանի ժամով գրավեցին գյուղը, ընդամենը մի քանի ժամով: Հայերի նահանջը խուճապի չվերածվեց: Երեկոյան տղաները վերադարձան ու թշնամուն փախուստի մատնեցին:

Գյուղի սկզբին, պահակետի բլրի ստորոտում հավաքել էին բոլոր դիակները՝ 18 հոգի: Երբ մոտեցան դիակների կույտին, Ճուտը մղկտալով ասաց.

– Վա՜խ… Աղունը…

Թուրքն արել էր իր թրքությունը: Այդ մի քանի ժամվա մեջ հասցրել էր… Երկու աղջիկների՝ Աղունի եւ Ալվարդի, դիակները մերկացրել էին: Չկարողանալով հաղթել նրանց, դիակներից էին վրեժ լուծել:

Զոհվելուց մի քանի օր առաջ Աղավնին մորն ուղարկած նամակում մի բանաստեղծություն էր գրել՝ անվարժ ձեռագրով, պարզունակ, բայց այնքա՜ն անկեղծ, որ կարդալիս չես կարողանում սզպել հուզմունքդ.

Անկարող եմ ես չկռվել,
Երբ տեսնում եմ կռվողներին,
Անկարող եմ հանգիստ նստել,
Նայել լացող մեր մայրերին:
Դրա համար պետք է կռվեմ,
Թեկուզ մարտում ինքս էլ ընկնեմ:

Սրանք պարզապես տողեր չեն՝ արտասանված ոգեւորության պահին: Աղավնին պատրաստ էր կյանքը զոհաբերել հանուն ազգի ու երբ անհրաժեշտ եղավ, արեց դա առանց երկմտելու եւ քաջաբար:

freedomsoldiers.wordpress.com