Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024

Մեր օրերի հերոսը

Ապրիլի 29, 2023

Բժշկական համալսարանում օրեր առաջ բացված պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակին փակցված է նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Կարո Հովագիմյանի անունը: Ի տարբերություն մյուս զոհված հերոսների՝ Կարոն Հայաստանում չէր ծնվել: Հովագիմյանների ընտանիքը Սիրիայից է, 2003 թվականին են Հալեպից տեղափոխվել Երևան, երբ ընտանիքի ավագ զավակը՝ Կարոն, ընդամենը երկուսուկես տարեկան էր: Առաջին անգամ հայրենիքում է մանկապարտեզ հաճախել: 2012 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն: Ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսի երկրորդ կիսամյակից զորակոչվել է բանակ: Կարոյի՝ ստոմատոլոգիական ֆակուլտետ ընդունվելու որոշումը պատահական չէր: Նա ցանկանում էր լրացնել հոր` Սարգիս Հովագիմյանի հիմնած ատամնատեխնիկական լաբորատորիայի գործունեությունը: Փոքր հասակից  ծանոթ է եղել այս ոլորտի նրբություններին, և երբ եկել է մասնագիտություն ընտրելու ժամանակը, որոշել է համատեղել բժշկությունն ու տեխնոլոգիաները՝ սովորել ստոմատոլոգիա:

Հայրն էլ, քաջալերել է որդուն ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Սարգիս Հովագիմյանն ընդգծում է, որ որդին ընկերասեր էր ու խաղաղասեր էր: Նա հաճախել է մարտարվեստի, կիթառի, մշտապես ուսումնական հաջողություններ է գրանցել ու բարձր միավորներով ընդունվել բժշկական բուհ:

Մեր օրերի հերոսը բուժակների ռազմական ուսումնարանում վերապատրաստվելուց հետո Ջրականի (Ջաբրաիլի) գնդում ծառայում էր որպես բուժակ:

Ծառայության ընթացքում սերժանտ Կարո Հովագիմյանը դիրքապահ գումարտակի տղաների հետ իրականացնում էր հերթապահություն: Առաջնագծում ակտիվ մասնակցել է վիրավորների տեղափոխման, բուժօգնության ցուցաբերման գործընթացին, օգնել է նորակոչիկներին:

 Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ կապի մեջ լինելով ընտանիքի հետ՝ միշտ նշել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է, և ինքը որևէ բանի կարիք չունի: Ընտանիքի տեղեկությամբ՝ Կարոն զոհվել է Հադրութում: Հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսը հունվարի 9-ին հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

ysmu.am