Հայոց բանակի նվիրյալներ
Մալինցյան Արսեն Սամվելի․ ծնվել է 1973 թ․ մայիսի 10-ին Գորիսում։ Հիմնական կրթությունը ստացել է Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում։
Հայոց բանակի առաջին զորակոչով 1992 թ․ զորակոչվել է, ծառայել Սիսիանում, մասնակցել Արցախյան առաջին պատերազմին։ Ամուսնացած էր՝ ունի 2 զավակ։
Արսենը հայոց բանակաշինության առաջին օրերից բանակի մաս է կազմել, ծառայել է թերեւս ամենածանր ժամանակաշրջանում՝ 1992-1994 թթ․, բայց զորացրվելուց հետո էլ չի դադարել բանակի մի մասնիկը լինել՝ 20 տարի աշխատել է Գորիսի զորամասում, եղել է կորպուսի լավագույն վարորդներից մեկը, նրան էին վստահում հրամանատարության վտանգավոր, երբեմն գաղտնի երթեւեկները։
2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Արսենն իր տեղում էր՝ իր մեքենայի ղեկին, իր պարտականություններն էր կատարում՝ իրեն հատուկ հանգստությամբ ու ճշտապահությամբ։
Արսենի մասին մեզ ընկերն է պատմում՝ Արմանը, «Քաջ տղամարդ էր, այնպիսին, ինչպիսին պիտի լինի հայ տղամարդը, նրա քաջությունը խոսքերով չէր արտահայտվում, այլ վստահ ժպիտով, ինքնավստահ պահվածքով, անվախ քայլերով, չկար մի երթուղի կամ տեղանք, ուր գնալը Արսենի համար խնդիր լիներ։ Ընկերներ էինք, նա նվիրվելու յուրահատուկ հատկություն ուներ․ նվիրվում էր անմնացորդ՝ գործին, ընկերներին, իր երեխաներին, այդ մարդն ապրում էր բոլորին գոհ տեսնելու համար։ Ցավում եմ․․․»։
Կինը պատմում է, որ ամուսնու հետ պատերազմի օրերին հաճախ չի կարողացել խոսել, քանի որ զբաղված էր, բայց գիտեր, որ ամուսինը հարավային թեւում է, գիտեր, որ մարտերն այդ հատվածում թեժ են, գիտեր նաեւ, որ իր ամուսինը դժվարություններից վախեցող չէ ու վտանգի առաջ կանգ չի առնելու, հույսն ամուսնու մեքենա վարելու բացառիկ կարողությունն էր, որի շնորհիվ անհաշիվ փորձությունների միջով Արսենն անվնաս էր անցել․․․
Հոկտեմբերի 13-ին Արսենի վարած մեքենան, որն օրեր շարունակ կանգ չէր առել, խափանվում է, թշնամու անօդաչու սարքը նկատում է կանգնած մեքենան եւ թիրախավորում․ զոհվում է Արսեն Մալինցյանը՝ Հայոց բանակը կորցնում է իր նվիրյալներից մեկին․․․