Նա իր առասպելը ու կյանքի իմաստը գտել էր
Ուրախ և ժպտերես Հայկազ Զավենի Մկրտչյանը ծնվել է Երևանում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ընտանիքի երկրորդ զավակն էր, ունի երկու քույր։ Հենց ավագ քրոջ՝ Արևիկի հետ էլ Հայկազը մի շարք չարաճճիություններ էր կազմակերպում։ Միասին զինվորիկները շարում ու պատերազմ էին խաղում։ Քույրը պատմում է, որ կենդանասեր էր։ Անտարբեր չէր անցնի ո՛չ շների, ո՛չ կատուների, ո՛չ էլ անգամ միջատների կողքով։ Իսկ շախմատը ծառայության ընթացքում ևս հերոսի կյանքի անբաժան մասն էր։ Քույրը պատմում է՝ պարապում էր բազմաբնույթ գրքերով ու մրցումներից գրեթե միշտ վերադառնում էր բարձր ցուցանիշներով։ Հաճախել է Ավանի շախմատի մանկապատանեկան դպրոց։ Մասնակցել է Հայաստանի պատանիների առաջնությանը, Երևանի պատանիների առաջնությանը, Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարին, Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարին և այլն։ Ունի առաջին կարգի որակավորում։
– Մի րոպե տեղը հանգիստ չէր նստում։ Ու հենց մի անարդար բան էր կատարվում, այնպես էր նյարդայնանում, կարմրում… Հարևաններին բոլորին գիտեր, ու նախատումն էր ծխելու համար,- պատմում է Հայկազի քույրը։
Հայկազի նախասիրությունները շախմատով չէր սահմանափակվում։ Նա սիրում էր նաև ֆուտբոլ, Լիվերպուլ անգլիական ակումբի երկրպագու էր։ Հայկազին բակում հաճախ կարելի էր տեսնել ֆուտբոլ խաղալիս։ ՖԱՖ անդամ էր։ Ընթերցանությունը նույնպես հերոսի սիրելի զբաղմունքներից էր, հատկապես սիրում էր արկածային գրականություն։
Սովորել է Գալինա Ստարովոյտովայի անվան համար 177 և Գևորգ Էմինի անվան համար 182 ավագ դպրոցում։ Լավ է սովորել, իհարկե, շախմատին առաջնահերթություն տալով։
– Դասարանում առանձնանում էր մի տղա՝ Հայկազ Մկրտչյան անուն ազգանվամբ՝ օժտված տրամաբանական բացառիկ մտածողությամբ, որոշումներ կայացնելու ունակությամբ, անձնային արժանապատվությամբ և այսպես շարունակելի,- աշակերտի մասին գրում է Արմինե Խաչատրյանը՝ Հայկազի առաջին ուսուցչուհին։
Դպրոցում նրան մարդ-հաշվիչ էին ասում. մաթեմատկական մտածելակերպ ուներ, բոլոր դասերը հեշտությամբ էր սովորում։ Դպրոցական կյանքում արդարության նկատմամբ Հայկազի յուրահատուկ վերաբերմունքը նույնպես ակնառու էր. ֆիզկուլտուրայի դասերի բաժանումներից սկսած, մինչև ստուգողականեր։ Ընկերասեր էր, ընկերներին նվիրված, իսկ կռիվների մեջ էլ գրեթե չէր ընկնում։ Ծնողների հետ հոգատար էր, մեծերի հետ հարգանքով. բարկանում էր, որ մեծերի հետ լավ չէին խոսում։
2018-ին ընդունվել է ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ինքն իրենով էր պարապում՝ առանձնանում էր, որ խանգարող չլինի։
Քույրը պատմում է, որ Հայկազն առողջ ապրելակերպի մեծ սիրահար էր, հետևում էր սննդակարգին, մարզվում էր ու պլանավորում օրը՝ գրանցելով անելիքները տետրում։ Մի քայլ առաջ գիտեր՝ ինչ է անելու։
2019-ին զորակոչվել է բանակ։ Սկզբում վեցամսյա դասերի է մասնակցել Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Տավուշ՝ Մեհրաբի զորամաս։ Կրտսեր սերժանտ էր։ Ականանետային հաշվարկի հրամանատար։ Համակարգչային խաղերից ստացած պատկերացումներն ու գիտելիքներն էլ օգտագորում էր մարտական պատրաստվածության ժամանակ, նշանակետի հեռավորության կողմնորոշիչներ էր ստանում և այլն։ Սիրահարված էր Տավուշի բնությանը։
– Ընկերասեր էր, սիրում էր համախմբվածություն։ Ընկերների մոտ եթե ինչ-որ մի բան չէր ստացվում, օգնում էր՝ թեկուզ իրենը վատ ստացվելու գնով։ Ոգեշնչում էր, ասում՝ տես քո մոտ լավ ստացվեց,-պատմում է Հայկազի Հրամանատարը՝ կապիտան Արթուր Ավագիմյանը։
Սիրելի զբաղմունքները տեղափոխել էր բանակ, հաճախ գրքեր էր ուզում, կարդում, հետաքրքիր մտքերը դուրս գրում ու առաջնորդվում դրանցով։ Ասում էր՝ մահից ամենաքիչը վախենում են այն մարդիկ, ում կյանքը մեծ արժեք ունի։ Իսկ ինքը՝ Հայկազը միշտ իրադարձությունների կենտրոնում պիտի լիներ։ Բանակ իր հետ տարել էր նաև սերը ֆուտբոլի և շախմատի նկատմամբ։ Շախմատի մրցարշարերում մշտապես հաղթում էր։
Պատերազմների սիրահար Հայկազը Տավուշյան դեպքերին առաջնագծում էր, Իսկ սեպտեմբերին սկիզբ առած պատերազմի մեջ ներքաշվել են արդեն հոկտեմբերից։ Ինքն ուրախ էր, վերջապես կարող էր անձամբ մասնակցել կռվին։ Զինվորներին ուժ էր տալիս, եռանդուն էր, նահանջներից էլ մշտապես նեղսրտում էր։ Մասնակցել է Հադրութի, Ջրականի (Ջաբրայիլ), Հադրութի, Կարմիր Շուկայի մարտերին։ Վերջինում էլ անօդաչու թռչող սարքի հարվածից բեկորային վիրավորում է ստացել հոկտեմբերի 29-ին՝ ծնունդից 2 օր առաջ։ Տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոց, որտեղ էլ նոյեմբերի 9-ին գրանցվել է սրտի կանգ։
– Գիտեմ, որ ինքը գիտակցված է գնացել ու մահվան աչքերին նայել։ Նա իր առասպելը ու կյանքի իմաստը գտել էր,- պատմում է անմահ հերոս Հայկազ Մկրտչյանի քույրը։
Արժանացել է ՀՀ ԶՈւ «Լավագույն մարզիկ-զինվոր» և Երրորդ կարգի հրետանավորի կրծքանշանների։ Հուղարկավորված է Եռաբլուրում։