Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Ադրբեջանի ռազմական հանցագործության հետքերով. ի՞նչ զենքով է թշնամին խոցել Շուշիի մայր տաճարը

Ապրիլի 30, 2023

Հետքը, հիմնվելով իր ձեռքի տակ եղած փաստական ապացույցների եւ մասնագիտական գնահատականների վրա, փորձել է պարզել, թե ինչ զենքով է թշնամին 2020 թ. հոկտեմբերի 8-ին խոցել Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին:

Այդ օրը թշնամին երկու անգամ հարվածեց հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն (կառուցվել է 1868-1887 թթ.), որը ոչ միայն Արցախի թեմի առաջնորդանիստն է, այլեւ Շուշիի ու Արցախի հայկականության ամենահայտնի խորհրդանիշներից մեկը: Բացի դրանից՝ պատերազմի օրերին եկեղեցու նկուղում պատսպարվում էին տեղի հայ բնակիչները:

Եկեղեցուն ուղղված առաջին հարվածը թշնամին հասցրեց հոկտեմբերի 8-ի կեսօրից քիչ անց, իսկ երկրորդը՝ երեկոյան կողմ: Այս երկրորդ հարվածի ժամանակ եկեղեցում էին ռուսաստանցի լրագրողներն ու նրանց հայ ուղեկցորդը, որոնք վիրավորվեցին:

Երկու հարվածներն էլ մեծ ճշգրտությամբ հասցվել են եկեղեցու տանիքի հարավային հատվածին: «Հետքի» թիմը (գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան, լուսանկարիչներ Հակոբ Պողոսյան, Սարո Բաղդասարյան) առաջին հարվածից հետո եղել է եկեղեցում, նկարահանումներ կատարել այդտեղ եւ Շուշիի ճանապարհին, ու այդ ընթացքում թիմը երկնքում ֆիքսել է թշնամական ԱԹՍ-ի ձայնը: Հոկտեմբերի 8-ի երեկոյան հասցված երկրորդ հարվածից հետո մեր թիմը Ղազանչեցոց բարձրացել է ամսի 9-ի առավոտյան:

Ամսի 9-ին եկեղեցու ներսում մեր լրագրողները գտել են զինամթերքի մնացորդներ, մասնավորապես՝ կառավարման համակարգի որոշ դետալներ, իսկ բակից՝ մետաղյա օղակ:

Այն, ինչ մնացել է կառավարման համակարգից

Դրանցից զատ՝ եկեղեցու պահակը «Հետքի» լրագրողներին է հանձնել իր գտած մետաղական մնացորդը՝ հրթիռի թեւի տեսքով:

Կառավարման համակարգն ու մետաղական դետալները «Հետքը» ցույց է տվել հայ մասնագետներին՝ հասկանալու համար, թե դրանք ինչ զենքի կարող են պատկանել: Չնայած չենք պնդում, թե դրանք բոլորը միեւնույն զինատեսակի մնացորդներ են, այդուհանդերձ, հարկ է նշել, որ հոկտեմբերի 8-ի երկու հարվածներից առաջ թշնամին Ղազանչեցոցին չի հարվածել, ինչը, թերեւս, նշանակում է, որ լրագրողների եւ պահակի գտած դետալները պատկանում են այն զենքին, որով թիրախավորվել է հայկական նշանավոր հոգեւոր կառույցը: Դժվար է նաեւ ասել, թե արդյոք երկու հարվածներն էլ հասցվել են նույն զենքով, բայց փաստն այն է, որ դրանք հասցվել են տանիքի նույն կետին մեծ ճշգրտությամբ, ինչը մեծացնում է հավանականությունը, որ կիրառվել է նույն զինատեսակը:

Հոկտեմբերի 8-ի առաջին հարվածից հետո

Թշնամու առաջին հարվածի վերաբերյալ շուշեցիները լրագրողներին եւ, օրինակ, «Human Rights Watch» (HRW) իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել էին, որ երկնքում տեսել են թշնամական 3 ինքնաթիռ: «HRW»-ի հետազոտողը եկեղեցում եղել է հոկտեմբերի 13-ին ու ֆիքսել ոչ միայն եկեղեցուն հասցված վնասը, այլեւ գտել զինամթերքի մի քանի փոքր մնացորդներ:

Հոկտեմբերի 8-ի երկրորդ հարվածից հետո

Ուսումնասիրելով առաջին ու երկրորդ հարվածներից հետո համացանցում հայտնված լուսանկարները (եկեղեցու տանիքին առաջացած անցքն ու զինամթերքի մնացորդները) եւ իր կողմից տեղում հայտնաբերված դետալները՝ հետազոտողը, այդուհանդերձ, չի կարողացել իդենտիֆիկացնել յուրաքանչյուր հարվածի ժամանակ կիրառված զինատեսակը, բայց գտած մնացորդներից եկել է հետեւության, որ օգտագործվել է զենք, որով հնարավոր է եղել ճշգրիտ հարված կատարել, բացի դրանից՝ հնարավոր է եղել տվյալ զինամթերքի արձակումից հետո ճշգրտել դրա թռիչքի ընթացքը: Սա նշանակում է, որ զինամթերքը կառավարվող է եղել: Սրան, ի դեպ, հանգել է նաեւ «Հետքը»: Իսկ ճշգրիտ երկու հարվածները խոսում են այն մասին, որ թշնամին կիրառել է բարձր ճշգրտության զենք (precision-guided munition, smart weapon, высокоточное оружие), ինչի մասին հարվածներից հետո հայտարարեց նաեւ հայկական կողմը:

Կարեւոր է «Human Rights Watch»-ի հետազոտողի այն արձանագրումը, որ չեն հայտնաբերվել «օդ-ցամաք» տիպի զինամթերքի մնացորդներ: Բանն այն է, որ «Հետքը» հայ մասնագետների օգնությամբ եւս եկել է այն հետեւության, որ թշնամին Ղազանչեցոցին հարվածել է ոչ թե օդից, այլ ցամաքից, այսինքն՝ եկեղեցին չեն թիրախավորել ԱԹՍ-ից կամ ինքնաթիռից:     

Կիրառվել է 300 մմ տրամաչափի հրթիռ               

Ավիակոնստրուկտոր, ինժեներ-նախագծող Արման Պոլոյանը, ցույց տալով զինամթերքի մետաղական մնացորդները, նկատում է, որ դրանցից մեկը ռեակտիվ հրթիռային շարժիչի ծայրափողակի (сопло) օղակ է, որի միջով դուրս են գալիս հրթիռի շարժիչում այրման ժամանակ առաջացած գազերը:

Ծայրափողակի՝ մեր ձեռքի տակ եղած օղակի ներքին մակերեսին մնացած մուրը հենց գազերի արտանետման հետեւանք-ապացույց է: Այսինքն՝ այս օղակը, որն, ի դեպ, արտադրվել է 2018 թ., հրթիռի հետնամասի վերջին դետալն է: Ըստ Պոլոյանի՝ դատելով օղակի մետաղի գույնից ու քաշից, կարելի է ասել, որ այն պատրաստված է տիտանի համաձուլվածքից, իսկ թե կոնկրետ ինչ համաձուլվածք է կիրառվել, կարելի է պարզել անալիզ անելու միջոցով: Հատկապես կարեւոր է օղակի տրամաչափը՝ 300 մմ, ինչին դեռ կանդրադառնանք: 

Մյուս դետալը (արտադրվել է 2017 թ.), որը հարվածի ու պայթյունի հետեւանքով դեֆորմացել է, ըստ ամենայնի, ալյումինից է: Այն իր ծավալներով եւ ակոսների (резьба) քանակով ամբողջությամբ համապատասխանում է ծայրափողակի օղակին, այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ ձգվում է օղակի վրա:

Ծայրափողակի օղակը եւ դրան ամրացվող «պատասխան» դետալը (դեֆորմացած)

Ալյումինե դետալի վրա առկա են «NAS» (National Aerospace Standards) ստանդարտի պտուտակներ, որոնք կիրառվում են ավիացիայի եւ հրթիռաշինության մեջ:

Դրանցով այս դետալն ամրացվել է հրթիռի ֆյուզելաժին, որից մնացած հետքերը եւս կարելի է տեսնել նկարում:

Դեֆորմացած դետալի ներսի մակերեսին նկատելի են հրթիռի ֆյուզելաժից մնացած կոմպոզիտային մնացորդները

Այլ կերպ ասած՝ ծայրափողակի օղակը, դրա վրա ամրացվող «պատասխան» դետալը (դեֆորմացած) եւ սրա վրա մնացած ֆյուզելաժի հետքերը բերում են այն եզրակացության, որ գործ ունենք 300 մմ տրամաչափի հրթիռի հետ:

Հրթիռի մյուս մնացորդը դրա թեւն է, որը կայունարար-ղեկի դեր է կատարում:

Նկարում կարելի է տեսնել թեւի պտտման հանգույց-առանցքը, որի շուրջ այն շարժվում է՝ ապահովելով հրթիռի թռիչքի համապատասխան ընթացքը: Թեւը եւս, դատելով մետաղի գույնից ու քաշից, տիտանի համաձուլվածքից է պատրաստված: Այն, ինչ տեսնում ենք նկարում, իրականում թեւի մետաղական կմախքն է, որի վրա, սակայն, պահպանվել են կոմպոզիտային ծածկույթի որոշ մասեր:

Այսպես՝ կմախքի վրա խցանից պատրաստված շերտ է, իսկ դրա վրա՝ ածխածնային մանրաթելերից պատրաստված մեկ այլ շերտ՝ ածխապլաստիկ: Դրանք, ինչպես նկատում է ինժեներ-նախագծող Ա. Պոլոյանը, ապահովում են կառուցվածքի շրջահոսությունը (обтекаемость):

Խցանն ու ածխապլաստիկը (սեւ գույնի)

Խցանի եւ ածխապլաստիկի շնորհիվ հրթիռը նաեւ ռադարներից պաշտպանվելու խնդիր է լուծում, քանի որ վերջիններիս արձակած ազդանշանները չեն անդրադառնում ածխապլաստիկի կողմից, հետեւաբար չեն վերադառնում արձակող կայան, այլ թափանցում-անցնում են կոմպոզիտային շերտի միջով կամ էլ կլանվում են, այսինքն՝ ռադարի էկրանին հրթիռը չի երեւում: Ռադարների համար հրթիռի անտեսանելիությունն ապահովում է նաեւ դրա շրջահոսելի կառուցվածքը:

Կարեւոր է նաեւ թեւի՝ երկրաչափական սեղանի տեսքով կառուցվածքը: Մեր ձեռքի տակ եղած նմուշի տվյալներն այսպիսին են:

Այսպիսով՝ ունենք հրթիռային շարժիչի 300 մմ տրամաչափի ծայրափողակի օղակ, եւ ինչպես հուշում են ֆյուզելաժի՝ օղակին առնչվող մնացորդները, հրթիռի մարմնի (ֆյուզելաժի) տրամաչափը նույնպես 300 մմ է:

Ադրբեջանի զինանոցում 300 մմ տրամաչափի մի քանի զինատեսակ կա՝ ռուսական «Սմերչ», բելառուսական «Պոլոնեզ» (301 մմ), թուրքական «Կասիրգա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ), եւ գուցե այս շարքին կարող ենք դասել իսրայելական «LYNX» ՀԿՌՀ-ից արձակվող 306 մմ տրամաչափի «EXTRA» հրթիռները: Սրանք բոլորը «ցամաք-ցամաք» հրթիռներ են:

«Սմերչի» ու «Պոլոնեզի» հրթիռները մեկից ավելի աստիճան (ступень) ունեն, այսինքն՝ արձակումից որոշ ժամանակ անց դրանց մարտական մասն առանձնանում է հետնամասից, որտեղ շարժիչն է, ինչը նշանակում է, որ վերջինս չի հասնում թիրախին, այնինչ, ինչպես տեսնում ենք Ղազանչեցոցի պարագայում, եկեղեցուն է հասել ամբողջական հրթիռը՝ կայունարար-ղեկերով ու ծայրափողակով: Բացի վերը նշվածից՝ ռուսական ու բելառուսական համակարգերի հրթիռների կայունարարները բոլորովին այլ տեսք ունեն, քան մեր ձեռքի տակ եղածն է: Նույնը պիտի ասենք իսրայելական «EXTRA»-ի մասին, որի տրամաչափը նաեւ մի փոքր տարբեր է: «EXTRA»-ն ունի նաեւ «օդ-ցամաք» տարբերակ՝ «Rampage», սակայն վերջինիս կայունարարները եւս զգալիորեն տարբերվում են նրանից, ինչ ունենք մեր ձեռքի տակ:   

Համադրելով Շուշիի մայր տաճարին հարվածած հրթիռի 300 մմ տրամաչափն ու կայունարար-ղեկի կառուցվածքն Ադրբեջանի սպառազինության մեջ եղած զինատեսակների հետ՝ ավիակոնստրուկտոր, ինժեներ-նախագծող Արման Պոլոյանն ասում է, որ 90 տոկոս հավանականությամբ եկեղեցուն հարվածողը եղել է թուրքական «Կասիրգա» ՀԿՌ համակարգը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա «TRG-300» կառավարվող հրթիռը:

«TRG-300» հրթիռ

Ի՞նչ է հուշում մեր հայտնաբերած կառավարման համակարգը

Չնայած հրթիռի կառավարման համակարգից, որը գտել է «Հետքի» թիմը, շատ բան չի մնացել, այդուհանդերձ, որոշ կարեւոր եզրահանգումներ կարող ենք անել: Ինչպես կարելի է տեսնել լուսանկարում, մետաղական կաղապարի մեջ 4 տպատախտակ է (printed circuit board, печатная плата), որոնցից յուրաքանչյուրի մեջ ինժեներ-նախագծող Արման Պոլոյանը հաշվել է 8 շերտ: Պարզ լեզվով ասած՝ շերտերի քանակը խոսում է տվյալ սարքի բարդության եւ հնարավորությունների մասին:

Տպատախտակների վրա հավաքված էլեկտրոնային սխեման ներառում է տարբեր բաղադրիչներ, այդ թվում՝ FPGA միկրոսխեմաներ: Ա. Պոլոյանն ասում է, որ սրանք պրոցեսորներ են, որոնք շատ մեծ արագությամբ մեծ ծավալի ինֆորմացիա են մշակում, հաշվարկներ կատարում: Օրինակ՝ հրթիռի ստաբիլիզացիան (կայունացումը) կամ ուղղորդումը կատարվում է FPGA միկրոսխեմաների միջոցով:

Լուսանկարում, որն արել ենք խոշորացույցի տակ, կարելի է տեսնել ամերիկյան «Altera» ընկերության (պատկանում է տեխնոլոգիական գիգանտ «Intel Corporation»-ին) «Cyclone V» տիպի FPGA միկրոսխեման, որն արտադրվել է Հրվ. Կորեայում:

Խոշորացույցի միջոցով նկարել ենք նաեւ ամերիկյան «Analog Devices» ընկերության ընդունիչ-հաղորդիչը (transceiver, приёмопередатчик), որը թողարկվել է Սինգապուրում:Նման սարքերը թե՛ ընդունում, թե՛ հաղորդում են ռադիոալիքներ, ասել է թե՝ ինֆորմացիա: Սա կարեւոր հանգամանք է, ինչը հուշում է, որ Սբ. Ամենափրկիչ եկեղեցուն հարվածած հրթիռը եղել է կառավարվող:

Վերեւում նշեցինք, որ, ըստ ինժեներ-նախագծող Արման Պոլոյանի, թշնամին կիրառել է «TRG-300 Kaplan» հրթիռ (թուրքերենից՝ վագր): Սա թուրքական «Roketsan» ընկերության կողմից արտադրվող «T-300 Kasırga» (թուրքերենից՝ փոթորիկ) համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կառավարվող հրթիռ է, որն արձակվում է 4 փող ունեցող «MCLS» (multi-caliber launcher system) կայանքից:

«TRG-300»-ն ունի երկու տարբերակ՝ «BLOCK-I» եւ «BLOCK-II»: Առաջինի ընդհանուր քաշը 585 կգ է, իսկ մարտագլխիկինը՝ 105 կգ, երկրորդինը՝  համապատասխանաբար 670 եւ 190 կգ: Եթե «BLOCK-I»-ի հեռահարությունը 30-120 կմ է, ապա ավելի ծանր «BLOCK-II»-ինը՝ 20-90 կմ: «TRG-300»-ի կառավարման համար կիրառվում են ամերիկյան «GPS» եւ ռուսական «ГЛОНАСС» արբանյակային նավիգացիոն համակարգերը, ինչպես նաեւ իներցիալ նավիգացիայի «INS» համակարգը: Թիրախի խոցման սխալանքը մինչեւ 10 մ է:

«Հետքը» կապի հայ մասնագետների օգնությամբ պարզել է, որ մեր հայտնաբերած հրթիռի կառավարման համակարգի էլեկտրոնային սխեման կարող է ապահովել մինչեւ 1900 ՄՀց հաճախականության կապ: Սխեմայի մեջ գտել ենք շերտային ֆիլտրեր (band-pass filter, полосовой фильтр), որոնք ապահովում են կոնկրետ սեգմենտի ռադիոհաճախականության անցողունակությունը եւ ճնշում դրանից ցածր ու բարձր հաճախականությունները: Կոնկրետ այս դեպքում, ինչպես կարող ենք տեսնել լուսանկարում, հարավկորեական «SGC Technologies Inc.»-ի արտադրած ֆիլտրերն ապահովել են 1230 ՄՀց հաճախականության անցողունակությունը:

Ֆիլտրերի մնացորդները

Ինչո՞վ է սա հետաքրքիր: Սա ամերիկյան «GPS» համակարգի կողմից կիրառվող տիրույթ է: Ընդհանրապես, «GPS»-ն օգտագործում է 3 տիրույթ՝ 1563-1587 ՄՀց (հայտնի է որպես L1), 1215-1239,6 ՄՀց (L2) եւ 1164-1189 ՄՀց (L5): Բոլոր երեքն էլ կիրառելի են թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական կարիքների համար:

Փաստորեն, ունենք մետաղական դետալներ, որոնք իրենց չափերով հուշում են Ադրբեջանի զինանոցում գտնվող 300 մմ տրամաչափի հրթիռի մասին, իսկ հրթիռի հետնամասի առկայությունը Ղազանչեցոցի տարածքում հուշում է, որ գործ ունենք միաստիճան հրթիռի հետ, ինչպիսին թուրքական «TRG-300»-ն է: Մյուս կողմից՝ էլեկտրոնային սխեմայի վրա հայտնաբերված ընդունիչ-հաղորդիչը հուշում է, որ հրթիռն իսկապես կառավարվող է, իսկ ֆիլտրերը հուշում են, որ հրթիռը կիրառում է «GPS»-ի հաճախականություն, որը, համաձայն «Roketsan»-ի պաշտոնական տվյալների, կիրառվում է նաեւ «TRG-300»-ի կառավարման համար:

Ի՞նչ պայթուցիչ է գործարկվել

Արտադրողի պաշտոնական տվյալներով՝ «TRG-300»-ի վրա օգտագործվում է 2 տեսակի պայթուցիչ՝ կոնտակտային (contact fuze) եւ  ոչ կոնտակտային (proximity fuze): Եթե առաջինով աշխատող հրթիռի մարտագլխիկը պայթում է թիրախին հարվածելիս, ապա երկրորդի պարագայում պայթյունը տեղի է ունենում առանց թիրախին հարվածելու՝ դրանից փոքր հեռավորության վրա: Ոչ կոնտակտային պայթուցիչի կիրառմամբ խոցումը, ըստ գնահատականների, մի քանի անգամ ավելի էֆեկտիվ է, քան խոցումը կոնտակտային պայթուցիչի միջոցով:

«Human Rights Watch»-ի հետազոտողը, ուսումնասիրելով հոկտեմբերի 8-ի երկու խոցումների հետեւանքով Ղազանչեցոց եկեղեցու ինտերիերի վնասվածքները, եկել է այն ենթադրության, որ երկրորդ հարվածի ժամանակ մարտագլխիկն աշխատել է ուշ գործող պայթուցիչով (delay fuze), քանի որ բեկորների բազմաթիվ հետքեր են առաջացել կառույցի ներսի պատերին, այսինքն՝ պայթյունը, ըստ էության, տեղի է ունեցել ոչ թե տանիքին հարվածելիս, այլ դրանից հետո՝ եկեղեցու ներսում:

Երկրորդ հարվածից հետո

Սակայն նման հետեւանքը, թերեւս, կարող է նաեւ նշանակել, որ օգտագործվել է «TRG-300»-ի ոչ կոնտակտային պայթուցիչ, որը գործարկվել է եկեղեցու հատակից մի քանի մետր բարձրության վրա՝ վնասելով նաեւ պատերը: Այսինքն՝ հատկապես առաջին հարվածից հետո հայկական կողմի հաղորդագրություններից տեղեկանալով, որ եկեղեցում խաղաղ բնակիչներ են պատսպարվում՝ թշնամին կարող էր գործի դնել նման պայթուցիչ՝ նպատակ ունենալով առաջինի համեմատ ավելի էֆեկտիվ խոցում կատարել. ենթադրելի է, որ մարտագլխիկը պայթել է եկեղեցու ներսում, բայց օդում՝ հատակից բարձր: Պատահական չէ, որ հենց այս երկրորդ հարվածի ժամանակ վիրավորվեցին այնտեղ գտնվող լրագրողները: 

Գլխավոր լուսանկարում՝ Ղազանչեցոց եկեղեցին՝ 2020 թ. հոկտեմբերի 9-ին
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի եւ Անի Սարգսյանի, տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի եւ Սարո Բաղդասարյանի 

hetq.am