Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024

Գարիկը տարբերվող էր․․․․ հանուն Ղարաբաղի նա չվերադարձավ ծննդավայր Գյումրի

Մայիսի 15, 2023

«Գարիկին կսեին՝ բիձա․․․․․շատ ծանր բնավորություն ուներ, խորն էր մտածում․․․․»,-72-ամյա Լաուրա Գրիգորյանը դասավորում է կրստեր որդու լուսանկարներն ու ցույց տալիս որդու հետմահու պարգեւները, շնորհակալագրերը, մեդալները։

Մանկության, պատանեկության բոլոր լուսանկարներում Գարիկը լուրջ է, մտախոհ, համեստ ու հանգիստ։

Ճերմակահեր մոր աչքերն արագորեն արցունքոտվում են, երբ վերհիշում է 1994 թվականի ապրիլի 26-ը։ Գարիկին զորամասից մի քանի օրով արձակուրդ են ուղարկել տուն, որպեսզի պատրաստվեր սեժանտական կուրսերի, սակայն առավոտ Ղարաբաղ զորք ուղարկելու անհրաժեշտություն է ստեղծվում։ Հայտարարում են՝ Ղարաբաղ մեկնել կարող են կամավորները։ Երկու ընկերոջը մենակ չթողնելու համար Գարիկը համաձայնում է Երեւանից գնալ միանգամից Ղարաբաղ։ Տանը տեղյակ են եղել նրա վերադարձի մասին, մայրն անհանգստացել է, երբ որդին ուշացել է։․․․ Օրեր անց լսել է որդու մահվան լուրը։ Իմացել է՝ Ղարաբաղից վիրավոր են բերել Գյումրու Ճերմակ հիվանդանոց։ Երկաթգծի ավանից Ճերմակ հիվանդանոց վազեվազ է հասել՝ վիրավոր ազատամարտիկից որդու մասին լուր ստանալու համար։

«Ոտքից վիրավոր էր, պատմում էր, որ Գարիկին առաջարկել են ուղեկցել լեննականցի վիրավորին, բայց չի համաձայնել, մնացել է դաշտում՝ ընկերների հետ»,-վիրավոր զինվորից այսքանն է իմացել մայրը։

19-ամյա Գարիկն անմահացել է Ֆիզուլիի շրջանում՝ թեժ մարտերին, նրան գտել են զոհված երկու ընկերների հետ։

Ընտանիքին առաջարկել են Գարիկին հուղարկավորել Եռաբլուրում։ Մայրը նախընտրել է Շիրակի 2-րդ գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված է եղել նաեւ Գարիկի հայրը։ «Ես ուզեցի, որ հայր ու որդի կողք կողքի լինեն․․․․»,-ասում է որդեկորույս մայրը։

Նախորդ ամռանը գերեզմանատուն այցելելիս՝ տիկին Լաուրան նկատում է, որ որդու գերեզմանը վերանորոգման կարիք ունի։ Նամակով դիմում է վարչապետին, նամակը հասցեագրվում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, այնուհետ՝ Գյումու համայնքապետարան։ Մայիսի 11-ին Գյումրու ավագանին միաձայն որոշեց 194 հազար 500 դրամ հատկացնել «Հավերժ հիշատակ» ՓԲ ընկերությանը՝ զոհված ազատամարտիկ Գարիկ Սարիբեկյանի գերեզմանը վերանորոգելու նպատակով։

1995 թվականին ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչության պետի տեղակալ գնդապետ Գ․Ա․Գրիգորյանը նամակ է ուղղել նախագահին, ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչության հրամանատարությանը՝ խնդրելով միջնորդել Գյումրիի քաղխորհրդի պատգամավորներին Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 39 տան նախկին բնակիչ, հայրենիքի ազատագրման համար զոհված ազատամատիկ Գարիկ Ստյոպայի Սարիբեկյանի անունը անմահացնել` նրա անվամբ կոչելով Մեքենավարների փողոցը։ Տիկին Լաուրան այս նամակի պատճեն դժվարությամբ գտել է քաղաքային ախիվից։

Փաստաթղթի հետ կապված հիշողությունները կնոջը մտատանջում են։ Վերհիշում է՝ 1995 թվականին, երբ իմացել է, որ գնդապետ Գ․Ա․Գրիգորյանի նամակի մասին, հանդիպել է Գյումրու քաղաքապետ Միքայել Վարդանյանին, քաղաքապետարանի աշխատողներին եւ խնդրել ընդառաջել՝ որդու անունով կոչել Մեքենավարների փողոցը, սակայն ապարդյուն։

Կինն այս անգամ Գյումրու գործող քաղաքային իշխանությանն է դիմում՝ հնարավորության դեպքում որդու անվամբ կոչել Մեքենավարների փողոցը։

«Ինձ 1995 թվին քաղաքապետարանում ասացին՝ սեպտեմբերից հետո տուն կստանաք․․․․հլը չենք ստացել էդ տունը»,-եզրափակում է կինը։

29 տարի է անցել որդու մահից։ Մոր համար ամենաթանկը մնում է Գարիկի վերջին լուսանկարը՝ վերջին հուշը։ Գարիկի անունն այսօր կրում է տիկին Լաուրայի ավագ թոռը, Գարիկի ավագ եղբոր միակ որդին։ Տիկին Լաուրան բնակվում է ավագ որդու ընտանիքի հետ՝ տնակային հասցեում։ Տնակը քարապատել են, հարմարվել պայմաններին։ Տիկին Լաուան վեհիշում է՝ 88-ի երկրաշարժից մեկ շաբաթ առաջ ընտանիքին նոր բնակարան էին հատկացնելու։ Նոր բնակարան, սակայն, այդպես էլ ընտանիքը չի ստացել։

asparez.am