Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025

«Աբգարի երկար նամակը՝ կարճ հրաժեշտից առաջ»․ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի գիրքը՝ նվիրված որդուն

Փետրվարի 08, 2022

Լույս  է տեսել  «Աբգարի երկար նամակը՝ կարճ հրաժեշտից առաջ»  գիրքը։ Այն  44 –օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի մասին է, գրքում ամփոփված են ծնողների ապրումները, պատերազմի օրերի զգացողությունները։  Գրքի  վաճառքի գումարը կուղղվի  Կիրանցի Սուրբ  Երրորդության  եկեղեցու վերականգմանը։ Այն եղել է Աբգարի երազանքը։

«Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ»․հենց այս գիրքը Աբգարը  նվիրեց հորը՝  բանակ զորակոչվելուց առաջ։  Այդ ժամանակ դժվար թե պատկերացներ, որ իր հրաժեշտը նույնպես  վերածվելու է երկար հրաժեշտի։ Աբգարը զոհվեց 44 -օրյա պատերազմում  Ֆիզուլիում։ Աբգարի հոր՝ Գեղամ Նազարյանի  հեղինակմամբ հրատարակվել է «Աբգարի երկար նամակը՝ կարճ հրաժեշտից առաջ»  գիրքը, որը  գրվել է այն օրերին, երբ փնտրում էին Աբգարի մարմինը։ Աբգարը զոհվել էր սեպտեմբերի 29-ին, մարմինը ծնողներին էր հանձնվել հունվարին :  Գեղամն ասում է՝  գիրքը ստանդարտներից դուրս է.

«Այն  աստվածաբանություն է, երկնքի ու երկրի մասին է, տեսիլքների վկայություն է։  Այն  մի մարդու ,մի ընտանիքի պատմություն է, որը փնտրում է իր որդուն։ Այն  տղաների երազների ու հերոսության մասին է։ Այն մասին է, թե  տղերքը երբ  երկնքում են , ոնց են շփվում իրենց ընտանիքների հետ »։

Այս գիրքը հնարավորություն կտա ծանոթանալուԱբգարի հետ, կիսելու նրա մտքերն ու խոհերը՝ նկատում է Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ Սրբազանը.

«Մերժում եմ այն արտահայտությունը,  երբ անընդհատ նշվում է, թե մենք իրենց ապրեցնում ենք։Մենք իրենց չենք կարող ապրեցնել,այլ իրենց ճանապարհով մեզ ենք փորձում ապրեցնել։ Իրենք ապրելուց ավելի են ապրում» ։

Բագրատ Սրբազանն ասում է, որ իր համար հավերժական պատգամ են դարձել  Գանձաքար գյուղից 9-ամյա Նարեի խոսքերը.

«Նարեն  44-օրյա պատերազմում զոհված  Վազգեն Գրիգորյանի դուստրն է։ Հարցրեցի՝ Նարե, ի՞նչ ես դառնալու, ասեց՝ տանկիստ։ Զարմացա։ Ասեց՝ պապայիս գործը պիտի ավարտին հասցնեմ։ Մենք ավարտելիք գործ ունենք,Աբգարի գործը, Վաչեի, Դավիթի, Գևորգի, Շահենի․․․»։

Փետրվարի  4 –ին Աբգարը կդառնար 20 տարեկան։ Թե ինչպիսի  արժեհամակարգ  ու նախասիրություններ է ունեցել, ինչպիսի  ընկեր ու որդի է եղել,  արդեն «Մետրո» թատրոնի բեմից  պատմեցին  Աբգարի դասընկերները։ Նրանք հիշողությունները վերածել էին սցենարի,  ու այն կառուցել երկխոսության ձևով։ Ստացվել էր այնպես, որ իրենց հիշողություններին ու հարցերին  պատասխանում էր Աբգարը։

2020 թ․ Աբգարն ընդունվել էր Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Տնեցիներին ասել էր, որ Հայաստանում միջազգային իրավունքի մասնագետները քիչ են, եւ ինքը պիտի իրավաբան դառնա, որ Հայաստանի շահերը կարողանա լավ ներկայացնել։ 2020 թ․ հուլիսի 24-ին զորակոչվել էր բանակ՝ այդպես էլ չհասցնելով գոնե մեկ անգամ բացել համալսարանի դուռը։ Աբգարն ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր՝ Դիանայից եւ Արմենակից հետո։

Դիանան  հաճախ  է  երազում տեսնում եղբորը։  Ասում է՝  ամեն անգամ ուզում է հարցնել, թե ինչպես եղավ դեպքը։ «Երազիս հարցրեցի՝ դուք ի՞նչ եք անում այնտեղ,  ասաց՝ մենք միշտ աղոթում ենք»։

Դիաննան  պատմեց, որ Աբգարն անընդհատ ասում էր՝ իր  և եղբոր  երեխաների անունները պետք է Աբգար դնեն, երբ հարցնում էի՝ ի՞նչու, ասում էր՝ էդպես ճիշտ է.

«Մեր միջև 7 տարվա տարբերություն է, ու ես միշտ ձգտել եմ պաշտպանել  իրեն թե բակում, թե  դպրոցում, ամեն տեղ։ Ու այս պատերազմը այնքանով էր դժվար ու ծանր ինձ համար, որ այդ զգացումը իմ մեջ դեռ կա, միշտ լինելու է, բայց ես ոչնչով չեմ կարող օգնել;»

Աբգարի մեկ այլ երազի մասին էլ պատմում է  Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ սրբազանը։  Աբգարը երազ է տեսել,  որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն  եկեղեցին, որը իրենց տան մոտ է, կարողանալու է  վերականգնել։  Աբգարի այս երազանքը կիրականան, բայց՝ առանց իրեն․ գրքի  վաճառքից  ստացված  գումարը կուղղվի  եկեղեցու վերականգնմանը։

armradio.am