Պատերազմի դաշտ գնալիս պետք է մոռանալ քո մասին․ կամավորական Հարութ Առաքելյան
Պատերազմում անմահացած հերոսների մասին դժվար է գրել, երբ ինքդ շատ թանկ մարդ ես կորցրել պատերազմում։ Կենդանի հերոսների մասին խոսելն էլ է դժվար, բայց առավել դժվար է նրանց հանդիպելն ու բաց աչքերով զրուցելը։ Մտածում ես՝ հարցադրումներում զգույշ լինել, ցավ չպատճառել, հետն էլ՝ մի քիչ ոգևորել նրանց։ Բայց ամեն անգամ նրանց հետ զրույցից դու ես ոգևորվում, ուժեղ դառնում, զարմանում, որ դժոխքի միջով անցած տղաները, հաղթահարելով հաշմանդամությունը, ինչպես են պայքարում ապրելու համար՝ օրինակ ծառայելով մեզ։
«Անկախը» պատմելու է «Լեգենդներ» բռնցքամարտի ակումբի հիմնադիր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, հրազդանցի Հարութ Առաքելյանի մասին։
Հարութն իմ ֆեյսբուքյան ընկերն է, բայց նրա՝ պատերազմի մասնակից լինելու մասին օրերս եմ իմացել։ Ոչ միայն հերոսության, այլև կամքի զորության, ապրելու և հաղթելու մասին ենք պատմելու։ Հարութն ասում է՝ բոլորն այս կյանքում զինվոր են։ Պատերազմից հետո էլ նա իրեն զինվոր է զգում։
2015-2017 թվականներին Հարութը պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Լենինականի ռուսական զորքերում։ 2017-2020 թվականներին անցել է պայմանագրային զինծառայության՝ Շամշադինում։ 2020 թվականի ապրիլին լրացել էր պայմանագրի ժամկետը, իսկ արդեն Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելու համար նա որպես կամավոր է մեկնել Արցախ։
Հարութը սեպտեմբերի 30-ին է Արցախ գնացել, հոկտեմբերին 4-ին՝ վիրավորվել Վարանդայում։ Հադրութի զորամասում մեկ օր մնալուց հետո դիրքեր են բարձրացել՝ Կարախամբելի շրջան, որը հսկում էր Հադրութի զորքը։ Ասում է՝ պատերազմական դրվագներ շատ կան, բայց երկար չի ուզում խոսել։
«Լավ բաներ չեն ուղղակի՝ կապված թափթփվածության, անկազմակերպ վիճակի հետ։ Բայց կային տղաներ, որ այդ վիճակի հետ արդեն հարմարվել էին։ Ինչ էլ լիներ՝ հետ չէին գնալու։ Ես իմ աչքով տեսել եմ։ Հիմնականում ժամկետային զնծառայողների համար հետքայլ չկար։ Լինելով փորձառու զինվորական՝ ես նրանց կողքին ոգևորվում էի»,- ասում է նա։
Խոսել կամ չխոսել դրա մասին՝ միևնույն է։ Հարութը միշտ հիշում է դրա մասին։ Պատերազմ է գնացել հրազդանցի մեկ ուրիշ Հարութի հետ․ միասին կռվել են, միասին՝ վիրավորվել, միասին՝ հետ վերադարձել։ Նրա խոսքով՝ դիրքեր լքողներ կային, բայց ավելի շատ մինչև վերջ գնացողներն էին։ Ոգով ուժեղ տղաների համար հետնահանջ չկար։
«Անձնազոհություն է պետք։ Երբ գնում ես պատերազմի դաշտ, պետք է մոռանալ քո մասին»,- ասում է նա։
Հարութը վիրավորվել է հոկտեմբերի 4-ին՝ Վարանդայում, ականանետի հարվածից, ձախ ոտքի ծնկից ներքև։
Հարութը՝ «Լեգենդներ» ակումբի հիմնադիր
Վիրավորումից հետո վերականգնվելը շատ դժվար էր Հարութի համար։ Ոտը հատելու վտանգ կար, բայց ինչպես ինքն է ասում՝ լավ բժիշկների է հանդիպել։
«Ցավերից գժված ասում էի՝ լավ է ոտքս չլիներ, շուտ վերականգնվեի։ Երևի դիմացկուն տղա եմ, որ դիմացել եմ»,-ասում է նա։
Հարութը յոթ վիրահատություն է տարել, պատրաստվում է ութերորդին։ Հետո սկսել է Զինվորի տուն հաճախել՝ վերականգնվելու։ Այդ ժամանակ սոցաշխատող Սերինեի հետ զրույցից իմացել է, որ կարող է մասնակցել հաշմանդամ զինծառայողների համար դրամաշնորհային ծրագրին և ներկայացնել իր բիզնես ծրագիրը։ Նրա խոսքով՝ իր համար մարզասրահից բացի ուրիշ բիզնես չէր էլ կարող լինել։
«Յուրաքանչյուրն այս կյանքում իր գործը պետք է անի։ Ճիշտն ասած՝ որպես բիզնես չեմ ընդունել այն։ Բռնցքամարտն ինձ համար ուրիշ է»,-ասում է նա։
Հարութը ներկայացրել է իր բիզնես ծրագիրը, մեծ հույսեր չունենալով, որ կհաստատվեր։ Հետո նրան զանգել են և շնորհավորել։ Դրանից հետո հիմնել է «Լեգենդներ» բռնցքամարտի ակումբը։
Նա ինը տարեկանից է սպորտով զբաղվում։ Մեծ հաջողությունների է հասել բռնցքամարտի բնագավառում։ Հրազդանում մարզային առաջնություններում միշտ չեմպիոն է ճանաչվել։ Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպված միջազգային առաջնությունում, ներկայացնելով Հայաստանը, չեմպիոն է ճանաչվել։
«Տարիներ շարունակ Հրազդանում բռնցքամարտը ցածր մակարդակի վրա էր գտնվում։ Որևէ մեկին թերագնահատելու նպատակ չունեմ, բայց բոլորս էլ գիտենք, որ այդպես է։ Ակումբը բացելով նպատակ եմ ունեցել ոչ միայն մարզել, այլև ունենալ լեգենդ ասվածը հենց Հրազդան քաղաքից․ ունենալ բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն Հրազդան քաղաքից, որը հետագայում կարող է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դառնալ»,-ասում է Հարութը։
Հարութը խոստովանում է՝ երազանքներ ունի, բայց չի երազում։ Մտածում է քայլ առ քայլ նպատակներն իրագործելու մասին։ Հիմա տարածք է վարձակալել և իր ակումբում մարզում է չորս տարեկանից բարձր մարզիկներին։ Երեսուն մարզիկներից բաղկացած երկու խումբ ունի՝ մեծերի և փոքրերի։ Ասում է՝ օր օրի շատանում են, անգամ ռուսներն են ակումբում մարզվում։
Նա հաճախ է մտածել մի օր էլ մարզիչ դառնալու մասին։ Ասում է՝ շատ հնարավոր է, որ մարզչի աշխատանքն իր մոտ ավելի լավ ստացվի։
«Ես հայտնի մարզիչների մոտ եմ պարապել, նրանցից շատ բան եմ սովորել, որի շնորհիվ ես այս գործում դժվարություններ չեմ զգում։ Ես միայն հաճույք եմ ստանում դրանից»,- ասում է նա։
Հաշմանդամությունը դատավճիռ չէ Հարութի համար, քանզի ֆիզիկապես չի նեղվում։ Միայն հոգեպես չկոտրվելու համար է պաքարում։ Դժվարություններ շատ կան, բայց նախաձեռնած գործը պետք է մինչև վերջ տանել։