Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Սամվել եւ Նարեկ եղբայրներ

Մայիսի 15, 2023

2020թ. սեպտեմբերի 27… արյունոտ ու դաժան առավոտ: Արցա՜խ, ինչքա՜ն արյուն է թափվել քո մի բուռ հողի վրա, քո մի բուռ հողի համար: Հո՞ղ, ավելի ճիշտ կլինի՝ ասել քար: Հարազատ որդիներիդ արյամբ ես սնվել դու, հող հայրենի, լավագույն ռազմիկներիդ արյամբ ես հագեցրել ծարավը քո, բայց չէ՞ որ արյուն չէիր երազում, այլ ջուր… Քո մի փոքրիկ հողակտորի վրա նույնիսկ առանց ջրի էր ցորեն աճում, մինչդեռ արյան գետեր էին հոսում:

2020թ. սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ պատերազմի առաջին իսկ օրերից պատերազմի ողջ դաժանությունը զգացել են Սամվել եւ Նարեկ եղբայրները. 2 եղբայրներ՝ բնավորությանբ տարբեր, ճակատագրով՝ նույնը: Երկու եղբայրները կռվել եւ իրենց կյանքն են զոհաբերել Արցախի փրկության բագինին: Սամվել Ղազարյանն արժանացել է  Արցախի հերոսի կոչման եւ պարգեւատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ Նարեկ Ղազարյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ «Մարտական ծառայություն» մեդալով:

Սամվել Գեղամի Ղազարյանը ծնվել է Էջմիածնում, 2000թ.  դեկտեմբերի 23-ին, իսկ Նարեկ Գեղամի Ղազարյանը՝ 2002թ. փետրվարի 13-ին: Տղաների մայրը՝ Նուշիկ Մուրադյանը, մասնագիտությամբ մանկաբարձ է եւ աշխատում է Էջմիածնի ծննդատանը, իսկ հայրը՝ Գեղամ Ղազարյանը, շինարար է, սակայն առողջական խնդիրներից ելնելով՝ այժմ տան կից հողամասում զբաղվում է թռչնաբուծությամբ:

Սամվելը եւ Նարեկը Գեղամ եւ Նուշիկ ամուսինների միակ զավակներն էին, եւ նրանց կորստից հետո, մոր խոսքերով, իրենց տունը քանդվել է, կյանքը՝ փլվել:

Սամվելը եւ Նարեկը 3 տարեկանից հաճախել են մանկապարտեզ:

«Սամվելը բնավորությամբ ակտիվ էր, իսկ Նարեկն՝ ավելի պասիվ: Եթե թողնեինք, Սամվելը 1 տարեկանից էլ կգնար մանկապարտեզ: Ես իրենց միշտ ասում եմ՝ իմ «ռաբիզ ու դասական տղաներ»: Ռաբիզը Սամվելն էր, դասականը՝ Նարեկը»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է հերոսների մայրը՝ Նուշիկ Մուրադյանը:

Սամվելը 6.5, իսկ Նարեկը 7 տարեկանից  հաճախել   է Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան հ.10  դպրոցը: «Սամվելը շատ ընդունակ էր, հեշտ էր յուրացնում դասերը, ուսուցիչների պատմածը բավարար էր սովորելու համար, իսկ Նարեկի հետ ավելի շատ ես եմ աշխատել: Երկու եղբայրներն իրարից շատ էին տարբերվում: Սամվելը շատ ընդունակ էր՝ ի տարբերություն  Նարեկի: Սամվելն ավելի շատ օտար լեզուներն էր սիրում՝ ռուսերեն, անգլերեն: Նա սիրում էր անակնկալներ մատուցել ուսուցիչներին: Հնարավոր էր՝ նա քիմիայից ցածր գնահատական ստանար, բայց դասալսումների ժամանակ այնպիսի մի փայլուն պատասխան կարող էր տալ, որ անակնկալի էր բերում ուսուցիչներին: Հի-շում եմ՝ մի անգամ Նարեկն ասաց՝ «Մա՛մ, ես ուզում եմ ռուսերեն ե՛ւ հասկանամ, ե՛ւ գրագետ խոսեմ»: Ես ինքս եմ պարապել Նարեկի հետ՝ ինչքան-որ կարողացել եմ: Սկզբում  փախչում էր ռուսերենի դասերից: Տանում էի դպրոց, հետ էր գալիս, որովհետեւ իր մոտ չէր ստացվում, իսկ ինչը որ չէր ստացվում, աշխատում էր փախչել դրանից: Ես սկսեցի սովորեցնել, որ ինքը չվախենա, ու կյանքում էլ տղայիս դարձրի անվախ տղա: Նա շատ աշխատասեր էր, եւ երբ որ սկսեց տիրապետել ռուսերենին, արդեն հաճույքով դպրոց էր գնում»,- պատմում է Նուշիկ Մուրադյանը:

Նարեկը շատ էր սիրում մեր հայ գրողներին ու արվեստագետներին: Մոր խոսքով՝ հատկապես Մհեր Մկրտչյանին էր շատ սիրում եւ գիտեր նրա մասին ամեն ինչ:

«Հետաքրքիրն այն է, որ նա լավ չէր սովորում, սակայն սիրում էր ուսումնասիրել մեր հայ մեծերի կենսագրությունները, սիրահարված էր Մհեր Մկրտչյանին: Այն, ինչ դուր էր գալիս նրան, նա սիրում էր խորանալ եւ ուսումնասիրել»,- ասում է Նուշիկ Մուրադյանը:

Ղազարյան եղբայրները կյանքով լեցուն էին, կենսախինդ, նպատակասլաց: Սամվել եւ Նարեկ եղբայրներն արդեն որոշել էին իրենց ապագան եւ շատ նպատակներ ունեին:

Նարեկը երազում էր հայտնի խոհարար դառնալ, ուզում էր Իսպանիա գնալ: Ընդունվել էր Հայ-ֆրանսիական քոլեջ, սակայն դպրոցի հետ համատեղել չէր ստացվում, ուստի որոշել էր բանակից հետո շարունակել: Իսկ Սամվելը երաժշտության հետ էր կապել իր ապագան. դհոլ էր նվագում եւ արդեն հասցրել էր նաեւ հարսանիքների ժամանակ նվագել: Որոշել էր ծառայությունից հետո կոնսերվատորիա ընդունվել:

Տղաների մեծ երազանքի ճանապարհին, սակայն, նախ հայրենիքի հանդեպ պարտքը պետք էր կատարել: Տղաները բանակ պետք է զորակոչվեին: Առաջինը Սամվելը մեկնեց ծառայության՝ Արցախ, հետո Նարեկը՝ շուրջ մեկ տարի անց:

«Սամվելն ինձ չթողեց գնամ զինկոմիսարիատ, սակայն պատմում են, որ այնտեղ եւս նվագել էր իր դհոլը, ուրախ մթնոլորտ ստեղծել: Ի տարբերություն եղբորը՝ Նարեկն ուրախ չէր. դժվարությամբ գնաց ու անտրամադիր: Շուրջ 2 ամիս ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ այդ օրը տղաները բոլորը տխուր էին. ես այդպիսի տխուր պահ չէի տեսել: Նարեկը մի ժամ ինձ գրկել էր ու ասում էր՝ «մամ, ուզում եմ հոտդ քաշեմ, որ չմոռանամ»: Չգիտեմ՝ Նարեկն ինչ էր զգում, այդպես էլ անտրամադիր գնացին, բայց ուզում էր գնալ, իր կամքով էր դիմում գրել, որ իր գնալը չուշացնեն»,- պատմում է Նուշիկ Մուրադյանը:

Նարեկը քիթը վնասել էր, եւ նրա զորակոչվելը պետք է 6 ամիս հետաձգվեր, սակայն իր ծանոթներին իրար խառնելով՝ այնպես արեց, որ ինքը եւս մեկներ ծառայության՝ այն էլ եղբոր մոտ. ուզում էր շուտ գնալ ու շուտ էլ վերադառնալ, որ կյանքից 6 ամիս չկորցնի՝ նպատակներին հասնելու ճանապարհին:

«Վիճակահանության օրը Սամվելը Երեւանից գիշերը ուշ զանգեց, հերթապահության էի, եւ ասաց, որ Ջրական է տեղափոխվում, իսկ ես էլ ասացի, որ Ջրականում ամբողջ Էջմիածինն է ծառայել, ու ոչ մեկը դըժգոհ չի եղել, հանգիստ գնա: Նեղսրտել էր, որ ընտանիքից ու տնից մի քիչ հեռու է լինելու, դե ես էլ մի քիչ ուժեղ մամա եմ, ասացի, որ կհասցնենք իրար հետ շըփվել, ու ամեն բան լավ կլինի»,- նշում է մայրը:

Սամվելի զինվորական երդման արարողությանը ներկա էր նաեւ ընտանիքը: Նուշիկ Մուրադյանի խոսքով՝ ինքը շատ էր նեղվել՝ տեսնելով, որ այդ հողերը չէին շենացվում, իսկ Սամվելն էլ կատակով ասում էր, որ ինչպես Ռոբինզոն Կրուզոն էր ասում՝ պատուհանից միայն ծով է տեսնում, այնպես էլ ինքն է միայն սարեր տեսնում:

Ըստ մոր խոսքերի՝ Սամվելը դեմ էր, որ Նարեկն իր մոտ ծառայի, իսկ Նարեկն էլ շուրջ 2 ամիս համոզում էր Սամվելին: Այդ օրն էլ շուրջ 3 ժամ համոզեց ու ասաց՝ «ես քեզ մոտ պետք է գամ ու վերջ», ու կամավոր գրել է, որ առանց վիճակահանության իրեն տեղափոխեն եղբոր մոտ:

Հետո Նարեկը մոր հետ խոսելիս ասել էր, որ իր եւ Սամվելի առաջին հանդիպումը զորամասում ամենաերջանիկ օրն էր իր կյանքում, քանի որ շատ էր կարոտել եղբորը:

Իր ծառայության ավելի քան 15 ամիսների ընթացքում Սամվելը երբեք չի բողոքել ծառայությունից, շատ արագ հարմարվել էր ծառայությանն ու նոր շրջապատին:

Սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ օրը Նուշիկ Մուրադյանը հերթապահության էր, երբ առավոտյան իմացավ պատերազմի մասին:

«Այդ ժամանակ Սամվելն էր զանգել ինձ, ինչ-որ դաժան ու սուր ցավ զգացի: Նա ինձ հանգստացրեց, ես ինձ հավաքեցի ու ասացի՝ «Տղա՛ ջան, ամեն ինչ լավ է լինելու: Եթե պետք լինի՝ մայրդ հաջորդ իսկ րոպեին կողքիդ կլինի. բուժքույր եմ», իսկ նա պատասխանեց՝ «դա է պակասում, չէ՞ որ 2 հերոս որդիդ արդեն այստեղ են, եւ հորդորեց ինձ հոր առողջությանը հետեւել»,- հիշում է Ն. Մուրադյանը:

Մարտական ընկերները պատմում են, որ Սամվելն անգամ մարտի դաշտում էր դհոլ նվագում, բոլորի տրամադրությունը փորձում բարձրացնել: Տղաների խոսքով՝ օգնում էր վիրակապել բոլոր ընկերներին, հագուստ գտնում նրանց համար:

Հետո ծնողները պետք է իմանային, որ մինչ Արծրուն Հովհաննիսյանը հաղթանակով խաբում էր ժողովրդին, իրենց զավակները հոկտեմբերի 5-ին Ջրականում մասնակից են եղել շատ արյունալի մարտի ու կոտորածի:

«Այն ժամանակ, երբ Արծրունը խաբում էր մեզ, Սամվելը մեզ մոտավոր հասկացրեց, որ հյուրանոցն (խմբ. -նկատի ունի զորամասը) այլեւս չկա, իսկ իրենց սպաներից մեկը, իր վրա վերցնելով հարվածը, հորդորել էր տղաներին հետ նահանջել ու փրկվել: Տղաների մի մասը կռվելով կարողացավ նահանջել ու փրկվել, շատ դաժան վիճակով, վիրավորներին շալակած հասել էին Հադրութ»,- պատմում է Ն. Մուրադյանը:

Հադրութում Նարեկն ու Սամվելն ամբողջ գիշեր փնտրում եւ միայն լուսաբացին են կարողանում գտնել իրար, եւ հենց այդ ժամանակ էլ զանգում են ծնողներին եւ ասում, որ վտանգն արդեն անցել է, այլեւս չանհանգստանան:

Ծնողները՝ շոկի մեջ, իսկ եղբայրները, իրար գրկած, ցնծության մեջ էին իրար գտնելու առիթով ու չգիտեին էլ անգամ, թե ինչ է սպասվում իրենց:

Հադրութից Նարեկին, ով անգամ զինվորական երդումը դեռ չէր տվել, Ջալալ Հարությունյանի հրամանով Վահան Իշխանյանը տեղափոխում է:

«Հոկտեմբերի 9-ին Նարեկը զանգեց ու ասաց, որ ապահով տեղ են տանում, բայց իր սրտով չէր, անտրամադիր էր:  Հարցրի՝ ուր են տանում, ասաց, որ Սամվելի մոտ, իսկ ես գիտեի, որ Սամվելը Ջրականի՝ մեզ մնացած մասերում էր կռվում: Նարեկենց տարան այն գյուղերը, որտեղ վարձկաններն էին, ու երեխաներին սպանեցին»,- ասում է Ն. Մուրադյանը:

Մոր խոսքով, երբ որ եղբայրները հանդիպել էին Հադրութում, Սամվելը ջղայնացել էր շատ ու պահանջել էր հրամանատարներից, որ Նարեկին առաջնագիծ չուղարկեն, որ 2 եղբայր մի տեղ չպետք է լինեն, եթե պետք է՝ ինքը կկռվի, կզոհվի, բայց եղբայրը պետք է հասնի ծնողներին:

«Բոլորն էլ լսել են տղայիս խոսքերը: Անգամ ասում են, որ Սամվելը զենք էր հանել: Նրան խոստացել էին եղբորն ուղարկել, սակայն խոստումը ոչ միայն չեն կատարել, այլեւ հետ են ուղարկել դեպի մսաղաց՝ ահաբեկիչների մոտ՝ շատ լավ իմանալով, թե ուր են ուղարկում»,- նշում է տղաների մայրը:

Նարեկը վիրավորվել էր եւ 12 ժամ տանջվելով՝ զոհվել: Ընկերները նրան փաթաթել էին վերմակով ու հողի տակ պահել տներից մեկի բակում: Ամուսինս անընդհատ դիմում էր էստեղ-էնտեղ, որ օգնեին: Գիտեինք, թե որ տան բակում է: Ուղարկեցին Արցախ, եւ մեզ օգնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Մենք խնդրել էինք մեր տղայի մարմինը, նա էլ կատարեց իր խոստումը. Նարեկին գտանք ու բերեցինք տուն», -ասում է Ն. Մուրադյանը:

Սամվելը հատուկ առաջադրանք է կատարում, որտեղ էլ զոհվում է ԱԹՍ-ի հարվածից՝ հոկտեմբերի 12-ին, եղբոր մահվանից 10 ժամ տարբերությամբ:

Սամվելի մարմինը երկար ժամանակ ծնողները չէին կարողանում գտնել:

«Սամվելի մարմինը հասցնում են Հերացի հիվանդանոց, որտեղ էլ կոդը սխալ է գրանցված լինում, եւ մենք մինչեւ օգոստոս մեր տղային ենք որոնում գերիների, անհետ կորածների մեջ: Բոլորը փնտրում էին, բացի ինձնից, որովհետեւ ես երազ էի տեսել, որտեղ 2-ն էլ ինձ հրաժեշտ էին տվել: Իր դաջվածքով է նույնականացվում մարմինը, որից հետո ԴՆԹ-ն համընկնում է իմ, եղբոր, ապա նաեւ ամուսնուս ԴՆԹ-ի հետ»,-    նշում է Ն. Մուրադյանը:

Որդիների գերեզմանները կառուցել է հայրըª իր իսկ ձեռքերով, իսկ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի այն բակում, որտեղ նրանք իրենց մանկությունն են անցկացրել, հերոս եղբայրների հիշատակը հավերժացնող հուշակոթող է բացել  նրանց հայրը՝ Գեղամ Ղազարյանը, իսկ օծումը կատարել է Արմավիրի թեմի հոգեւորական Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը:

Հուշակոթողի բացման արարողությանը ներկա էր նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հազարամյակներ շարունակ մենք պայքարել ենք մեր գոյատեւման, մեր հավատքի ու մեր հայրենիքում արժանապատիվ ապրելու մեր իրավունքի համար, եւ այս պատերազմը դրա շարունակությունն էր: Բազմիցս նշել եմ, որ սա մեր հերթական Ավարայրն է եղել. թեեւ կորցրել ենք մեր մարտական հաջողությունը կամ  արձանագրել ոչ այնքան ընդունելի ավարտ, բայց գոյատեւելու, պայքարը շարունակելու, երկիր կառուցելու, հայ ու քրիստոնյա մնալու իրավունք ենք վաստակել: Այդ իրավունքը վաստակել ենք Սամվելի, Նարեկի եւ մեր հազարավոր տղաների շնորհիվ»,- իր խոսքում նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ երախտագիտություն հայտնելով Ղազարյանների ընտանիքին:

«Չեմ կարող նկարագրել, թե որքան ճիշտ էր ամուսինս հուշակոթողի կառուցման հարցում, որովհետեւ ամբողջ այդ տարածքի երեխաները կարծես փոխվել ու ավելի էին լրջացել, որովհետեւ ամենափոքր երեխան էլ աշխատում էր հուշակոթողը կառուցելու ժամանակ: Նույնիսկ 5 տարեկան երեխան էլ մի փոքր քար գրկած գալիս էր: Բոլորը համախմբվել էին՝ ե՛ւ երիտասարդները, ե՛ւ մեծերը, կանայք ավլում էին, մաքրում, ծաղիկներ բերում: Այժմ բոլորը ջուր են խմում՝ հետո նոր գնում: Իմ կարծիքով՝ ճիշտ բան նախաձեռնեցինք»,- նշում է Նուշիկ Մուրադյանը:

aparaj.am