Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Ասում էր՝ մամ, ես բախտ չունեմ, ես գնացի բանակ, պատերազմ կլինի...

Մայիսի 21, 2023

 Հենրիկը Ասատրյանների ընտանիքի ավագ որդին էր, իրենից 4 տարով փոքր քույր ունի: Հասուն, նպատակասլաց, խաղաղ, հանգիստ, համբերատար, հավասարակշռված, ընկերասեր. այսպես են նկարագրում արցախյան պատերազմում զոհված հերոսի ծնողներն իրենց որդուն: Կրտսեր սերժանտ Հենրիկ Աշոտի Ասատրյանը ծնվել է 2001թ.-ին ապրիլի 20-ին Գյումրիում: Հենրիկը մասնագիտությամբ երաժիշտ էր: 2019 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալ բաժինը: 2019 թվականին վերցնելով տարկետում՝ հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ:

6 ամիս Լուսակերտի զորամասում անցնելով ականանետի ուսումնական դասընթացներ՝ ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախի Թալիշի զորամասում:

Գյումրեցի հերոսը մորն ասել է, որ Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմում երգելու է «Մայրիկ» երգը, հետո իջնելու է բեմից և մորը ծաղիկներ է նվիրելու:

Տիկին Անահիտն ասում է՝ Հենրիկը միշտ թախծոտ երգեր է երգել, Վահան Տերյան է շատ սիրել կարդալ: Ինչ-որ բանից միշտ տխուր է եղել, բայց երբեք չի ասել այդ մասին: Մայրը երբ ասել է՝ ախր, Հենրիկ ջան, շատ տխուր երգեր ես երգում, ասել է՝ ոչինչ, մամ, ես սիրո երգիչ կլինեմ:

Հենրիկը սեպտեմբերի 27-ին տագնապով բարձրացել է «Սիս» մարտական հենակետ: Հենրիկ Ասատրյանը աննահանջ կռվել է թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, զոհվել է սեպտեմբերի 27-ին:

Ասատրյանների ընտանիքին ամիսներ անց է հաջողվել գտնել որդու մարմինը: Որդու մասին տևական ժամանակ լուր չեն ունեցել, հույս են ունեցել, որ որդին կարող է գերեվարված լինել: Հենրիկ Ասատրյանի աճյունը գտնվել է նրա ծննդյան 20-ամյակից օրեր անց:

«Հենրիկը ծառայությունից երբեք չէր դժգոհում, ուղղակի վերջին ամիսներին շատ էր կարոտել, ասում էր՝ մամ ջան, գոնե մի 5 օրով տուն գամ, տեսնեմ ձեզ, կարոտս առնեմ:

Պատերազմից տասը օր առաջ երազ տեսա՝ Արցախում պատերազմ էր… արթնացա, շատ վատ զգացի ինձ: Երազիս մեջ տանկեր էին, ինքնաթիռներ ու մեր զինվորների արյունոտ դեմքերը: Պատմեցի երազս, ասացին՝ էս դարում ինչ պատերազմ: Ես երազիս մեջ էդ պատերազմում իմ Հենրիկին էի կորցրել, ես անընդհատ փնտրում էի, փնտրում: Երկար միջանցք էր, ու էդտեղից վերջապես գտա իմ բալին: Ու էդ նեղ միջանցքում միայն Հենրիկը չէր, էլի զինվորներ կային:

Մտածում էինք, որ երեխեքին գուցե գերի են պահել, Հենրիկը դեմքիս չնայեց, բայց այտին արցունքի կաթիլ կար: Հետո, երբ մեկնաբանում եմ երազս, հասկանում եմ, որ երկար միջանցքը սառնարաններն էին, որտեղ մեր երեխեքի մարմիններն էին գտնվում:

Ասում էր՝ մամ ջան, լավ ծառայեմ, որ զինվորական գրքույկս ինձ շատ է պետք գալու: Հենրիկը ինչ-որ բան զգում էր, ասում էր՝ մամ, ես բախտ չունեմ, ես գնացի բանակ, պատերազմ կլինի: Բանակ գնալու վերջին օրերին ասաց՝ մամ, երգեր եմ թողել, որ մահանամ, կլսես էդ երգերը:

Ինքը շատ ծանր էր տանում, երբ իմանում էր ինչ-որ մեկը մահացել է, ասում էր՝ մեղք են, բայց ինքն ամենամեղքը եղավ»,- շարունակում է հերոսի մայրը:

Գյումրեցի 19-ամյա հերոսը հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության դիմաց հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 

oragir.news