Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024

Եռագույնը կհանես` կախես պատշգամբից. կամավորական Ռոլանդ Սարգսյան

Մայիսի 21, 2023

Շուշին սրտում` առանց Շուշիի

«Շուտ արեք, մա՛մ, ավտոբուսը գնաց: Գնամ տղերքի մոտ: Թողնենք` թուրքն այստե՞ղ հասնի: Այս հարցը պետք է վերջնական լուծվի». մարտադաշտ մեկնելիս Ռոլանդի հրաժեշտի խոսքերն էին:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հատուկջոկատայինների խմբում մարտնչած, պահեստազորի զինապարտ, ավագ ենթասպա Ռոլանդ Սարգսյանը  2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրապարակից տուն է եկել և հարազատներին ասել, որ ինքն էլ է պատերազմ գնալու: Հաջորդ օրը շտապել է հայրենի գյուղ` զինվորական համազգեստի հետևից: Որոշել էր կամավոր Արցախ մեկնել` հայրենիքի փրկության կանչով:

«Սեպտեմբերի 28-ին` առավոտյան ժամը 10:00-ին,  զանգել է և ասել` գնում եմ, եթե կարող ես` արի, հրաժեշտ տուր»,- մեզ հետ զրույցում պատմում է կինը`Աննա Ավդալյանը:

Ռոլանդը Սանկտ-Պետերբուրգի  ներքին էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտություն բաժինն էր ավարտել: Պարտադիր ժամկետային ծառայությունն անց էր կացրել սկզբում ՀՀ զինված ուժերում` Եղվարդի N զորամասում, այնուհետև` Արցախի Մեխակավանի N զորամասում։ Ծառայել է Ռազմական ոստիկանությունում, որից հետո հատուկ նշանակության վաշտում` որպես դասակի հրամանատարի տեղակալ։

Կնոջ խոսքով` Ապրիլյան պատերազմից վերադառնալուց հետո  նրա` ծառայությունը թողնելու և լրիվությամբ ընտանիքին նվիրվելու հարցը խիստ դրվել է հոր կողմից: Տեղական կոշիկի արտադրության սեփական բիզնեսն ունեն: Հոր խնդրանքով` Ռոլանդը թողել է ռազմական գործը և զբաղվել սեփական գործով` հոգով ու մտքով հավերժ մնալով զինվորական: Կինն անգամ հավաքել էր նրա զինվորական համազգեստն ու իրերը, որ դրա մասին գոնե չմտածեր:

Բայց Ռոլանդի առաքելությունն այս կյանքում հայրենիքին ծառայելն էր: Սեպտեմբերի 28-ին նա Արցախ է մեկնել և միացել հայրենիքի պաշտպանությանը: Ճանապարհին զանգել է կնոջն ու ասել. «Եռագույնը կհանես` կախես պատշգամբից»:

«Բացարձակ չենք լացել: Մտածում էինք` երկար չի տևելու»,-ասում է կինը:

Սակայն պատերազմը երկար տևեց, Ռոլանդն էլ երկար պայքարեց: Եկավ ուշացած`դավին անտեղյակ, հաղթանակի հավատը` սրտում, առանց հաղթանակի ծաղիկների:

Պատերազմի առաջին օրերին Ռոլանդն իր մարտական ընկերների հետ Խոջալու է գնացել: Հետագայում պատմել են, որ թշնամու թիրախում չհայտնվելու համար, առանց մեքենայի լույսերը վառելու, Ակնա են տեղափոխվել:

«Երբեք չի տրտնջացել խոսելիս:  Միայն մի օր խնդրել էոր չոր կանաչի և պղպեղ ուղարկենք»,- ասում է կինը:

Նոյեմբերի 6-ին նրանց Շուշի են տեղափոխել։ Ռոլանդը ջոկատի հրամանատարն էր։ Այդ օրն առավոտյան Ռոլանդը զանգել է հորն ու ասել, որ երեք օր կապ չեն ունենալու: Հատուկ առաջադրանք էին ստացել, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի (Длинный Армен) խոսքով` թշնամին մտել է Շուշի, պետք է «սանրեն» դրանց, որ երեք օր հետո տուն վերադառնան։

Շուշիի հայտնի տանկի մոտ տղաները դիպուկահարների կրակահերթի տակ են ընկել։ Հրամանատարի հարազատների խոսքով` Արմենը հեռվում Շուշիի շրջվարչակազմի շինության գլխին թշնամու դրոշն է նկատել և զայրացած առաջ է գնացել, որ այնտեղ հասնի և թշնամուն հետ շպրտի: Չլսելով նահանջի հրամանը`երեք հրամանատարներով շարժվել են առաջ` դեպի Շուշի։

Սկզբում Արմենն է զոհվել, Ռոլանդն էլ ձախ ձեռքից վիրավորում է ստացել, բայց դժվարությամբ կարողացել է կասեցնել արյունահոսությունը։ Հետո փորձել է մարտադաշտից հանել զոհված հրամանատարին և վիրավոր ընկերներին: Հետագայում պարզվել է, որ Ռոլանդը կապ է տվել Շուշիի ԱԻՆ-ին, բայց օգնության շտապող տանկն իբր չի կարողացել վերև բարձրանալ և նրանց հասնել: Շրջափակման մեջ հայտնվելով` Ռոլանդը հերոսաբար զոհվել է, այդպես էլ չիմանալով, որ երեք օր հետո` նոյեմբերի 9-ին, Շուշին թշնամուն է հանձնվելու։

Հարազատները Ռոլանդին երկար ժամանակ հիվանդանոցներում են փնտրել` ողջերի մեջ, բայց նրա մարմինը Սևանի դիահերձարանում էր գտնվում: Եվ միայն նոյեմբերի 20-ին են ճանաչել նրան, իսկ նոյեմբերի 23-ին` հուղարկավորել ընտանեկան գերեզմանատանը:

Հարազատները մինչև հիմա չեն կարողանում պարզել, թե ինչպես է Շուշիի ճանապարհին վիրավորված հերոսի մարմինը հայտնվել հենց Շուշիում` իր քաջարի հրամանատարի մարմնի կողքին: Ինչու էին բոլորին ասել, որ նոյեմբերի 6-9-ը կապ չեն ունենալու և միայն դրանից հետո են կարողանալու վերադառնալ տուն, երբ բերդաքաղաքում արդեն թշնամու դիպուկահարներն ուղիղ նշանառության տակ էին առել մեր տղաներին: Հարցեր, որոնց մասին տարբեր պատասխաններ են հնչում, երբեմն` իրարամերժ: Շուշիի անկման պատմությունը միայն նրանք գիտեին, իսկ ապրողները անվերջ տանջվում են` «ինչու՞»-ների մասին մտորելիս:

ԱՀ նախագահի հրամանագրով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անմնացորդ նվիրումի և մարտական գործողություններին ակտիվ մասնակցության համար Ռոլանդ Գնելի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է  «Մարտական ծառայության» մեդալով։

Ուսումնական կենտրոնհերոսի անունով

2022 թվականի սեպտեմբերի 25-ին` Ռոլանդի ծննդյան 41-րդ տարելիցին, կնոջ նախաձեռնությամբ, հերոսի անունը կրող` Teachon/ Թիչոն ուսումնական կենտրոն է բացվել: Աննան դպրոցում ֆիզիկա է դասավանդում, մինչև պատերազմն էլ ֆիզիկա առարկայից մասնավոր պարապմունքներ էր անցկացնում տանը: Պատերազմից հետո թողել է այն: Կենտրոն բացելը Ռոլանդի ցանկությունն էր, դրա համար տարածքն էլ կար:

«Շարունակեցի աշխատել դպրոցում, որովհետև օրվա ընթացքում երեխաներից էներգիա էի ստանում:  Հետո մտածեցի կենտրոնի մասին: Հասկացա, որ այն, ինչ մտածել եմ, չպետք է թողնել»,-ասում է նա:

Աննան խոստովանում է` ուզում էր ինչ-որ մի բան ստեղծել, որ իրենը կլիներ: Փոքրաթիվ կազմով և փոքր քայլերով առաջ է գնում: Ասում է` միայնակ չի իրագործում իր ու Ռոլանդի նպատակը. Ռոլանդի հարազատ եղբայրն ու մյուս եղբայրներն են կողքին, որոնք և վերանորոգել են կենտրոնը: Կենտրոն հաճախող քսաներեք երեխաներ ֆիզիկա, անգլերեն և մաթեմատիկա առարկաների դասերն են պատրաստում այդտեղ:

Գործում են նկարչության և կավագործության խմբակներ: Զոհված հերոսների երեխաների ուսուցումն անվճար է: Կենտրոնը բացելով Աննան նպատակ է ունեցել նաև դրա աշխատանքներին ներգրավել վիրավոր զինծառայողներին: Տղաները ցանկություն են հայտնել ծրագրավորում սովորեցնել, բայց կենտրոնը համակարգիչներով կահավորելու համար անձնական միջոցները դեռ չեն բավարարում, հովանավոր գտնելու խնդիր ունեն:

Հիմա Աննան մտածում է ֆիլմերի միջոցով հայրենաճանաչության, նետաձգության, ազգային երգ ու պարի դասեր և արշավներ կազմակերպել:

Դժվար է առանց սիրելի ամուսնու շարունակել ապրել, բայց չի թուլանում, որովհետև Ռոլանդն իրեն է վստահել իրենց երկու երեխաներին: Ապրում է նաև Ռոլանդի փոխարեն՝ հանուն Ռոլանդի։

ankakh.com