Շուշին ինձ համար տարածք չէ, աղոթք է․ Դավիթ Ամալյան
«Մենք դատապարտված ենք ապրելու․․․ ոչ միայն ես, որ ցավ ունեմ, այլ՝ բոլորս։ Եթե հիմա հանձնվենք, ոչինչ չենք փոխի։ Ուզում եմ այդ պանիկան բոլորի մեջից դուրս գա, այդպիսի բան չի լինելու, բայց ամեն դեպքում հանգիստ լինելն էլ եմ համարում նաիվ»,- «Հազարան Բլբուլ» հաղորդաշարի ընթացքում ասել է երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը՝ խոսելով որդու՝ զոհված Վարդան Ամալյանի և Շուշիի մասին։ Վերջինս պատմել է նաև իր ընկերոջ՝ Դուշման Վարդանի մասին։
Հաղորդավար Անուշ Զոհրաբյանի այն հարցին, թե ի՞նչ ունի ասելու հյուրը Շուշին ազատագրած Դուշմանին, վերջինս պատասխանեց՝ եթե մեկ բառով ասեմ՝ ներողություն։
Երգիչ, ազատամարտիկ Ամալյանը նաև մտորել է երկնքում իր որդու՝ կրտսեր Վարդանի և մեծ Վարդանի՝ Դուշմանի հանդիպման մասին, ասելով, որ չի պատկերացնում, թե այդ հանդիպման ժամանակ, ով ում ինչով կմեղադրի։
Վերջինս նաև ընդգծել է, որ իրեն երբեք մտավորական չի համարել․ «Պետք է ասեմ, որ մտավորական լինելն արվեստագետ լինելը չէ, այլ ցավի կողքից չհեռանալն է։ Երբեք վշտի մեջ թաղված մարդկանց չեմ կարողանում ընդունել, որ մտել են սևի մեջ, դուրս չեն գալիս, բայց այն երջանիկ անասուններին էլ չեմ հասկանում»։
Դավիթ Ամալյանի խոսքով Շուշին ու որդին՝ Վարդանն իր համար ամբողջացել ու կապվել են իր հետ․․․ ու Շուշին իր համար ոչ թե տարածք է, այլ աղոթք։
Հաղորդաշարը՝ https://www.youtube.com/watch?v=iwmfZqdeDY0