Պատերազմը խլեց մեր ընտանիքի երջանկությունը․ Մարիամ Հակոբյանի ամուսինը՝ մայոր Լևոն Սարգսյանը, զոհվել է թեժ մարտում
«Նստում եմ էստեղ, նայում դռանը ու սպասում, կարոտից ու սպասումից ահավոր բան չկա»,- հայացքով դեպի տան դուռը ցույց տալով ասում է երկու անչափահաս երեխաների մայր 32-ամյա Մարիամ Հակոբյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է սիրելի ամուսնուն՝ 34-ամյա մայոր Լևոն Սարգսյանին։
Լևոն ծնունդով Երևանից է, սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո մեկնել է Ջրական՝ սահմանին ծառայություն իրականացնելու։
Ծառայության երկրորդ տարում ամուսնացել է Մարիամի հետ, ևս 6 տարի սահմանին ծառայելուց հետո ընտանիքով վերադարձել Երևան։
Կարճատև ծառայել է Նուբարաշենի զորամասում, որը հետագայում լուծարվել է, դրանից հետո տեղափոխվել է խաղաղապահ զորքեր։
2020-ին խաղաղապահ առաքելությամբ Լևոնը մեկնել է Աֆղանստան, 8 ամիս առաքելություն իրականացնելուց հետո սեպտեմբերի 21-ին մեկ ամսով արձակուրդ եկել Հայաստան, սակայն 6 օրից սկսվել է Արցախյան պատերազմը, և Լևոնը մեկնել է առաջնագիծ։ Սեպտեմբերի 28-ին զոհվել է Քարվաճառում թեժ մարտերի ժամանակ։
Կինը՝ Մարիամ Հակոբյանը, ամուսնու կորստի հետ համակերպվել չի կարողանում։ Ասում է՝ դժվարություններով լի կյանք են ունեցել, սահմանին 6 տարի ապրել, երեխաներ են ունեցել, արդեն պետք է վայելեին կյանքը։
«Պատերազմը խլեց մեր ընտանիքի երջանկությունը։ Մինչև լույս չեմ քնում, ամբողջ գիշեր ապրում եմ հիշողություններով, մեր անցկացրած ամեն վայրկյանը, ամեն դժվարությունը հաղթահարելն եմ հիշում: Չէի պատկերացնում, որ կարող եմ այսքան պայքարել ու հետո կորցնեմ իմ կյանքում էն, ինչն ամենաշատն էի գնահատում ու սիրում։
Լևոնն էլ էր ասում՝ մեր երիտասարդությունից ոչինչ չհասկացանք, բայց ծերությունը պիտի վայելենք, երեխաներին ամուսնացնենք, առանձնացնենք, իրենք իրենց կյանքով ապրեն, մենք մեր ծերությունը վայելենք… Բայց էդպես էլ չհասավ էդ ծերությանը»,- արցունքները սրբելով ասում է կինը։
Մարիամ Հակոբյանը և Լևոն Սարգսյանը ամուսնացել են 2010-ին։ Մարիամն ասում է՝ գիտեր, որ զինվորականի կին լինելը հեշտ չի լինելու, շատերն էին զգուշացրել, որ թափառական կյանքով է ապրելու, բնակարան չի ունենալու, մեծ պատասխանատվություն ու ջանք են պահանջվելու իրենից, բայց ընտրում է զինվորականի կողքին լինելը, ասում է՝ գուցե դա իր առաքելությունն էր․
«Բայց ես բոլորին ասում էի, որ Աստված ինձ տվել ա կյանք, որ ես կիսեմ էդ մարդու դժվարությունը, և դրանով եմ հպարտ, որ կարողացել եմ թիկունք լինեմ, թիկունքը ամուր պահեմ»։
Մարիամն ասում է՝ թեև Ջրականում 6 տարիները ամենադժվարն ու հոգսաշատն էին, սակայն իրենց ամենաերջանիկ տարիներն էին։
«Այն սպան, որ սահման է պահում, իր ընտանիքը երբեք հանգիստ չի քնում, ես իր հետ մինչև ժամը 5-ը արթուն էի մնում։ Այնտեղ ապրելու ոչ մի պայման չկար, զորամաս էր, վախն էր մեծ, ապրում ես սահմանի բերան, սահմանը մեզանից 40 կմ հեռավորության վրա էր, բայց 6 տարիները մեր կյանքի ամենալավ տարիներն էին: Մեզ համար նյութականը կարևորը չէր, կարևորը՝ մենք կես խոսքից հասկանում էինք իրար ու ամեն ինչ անում էինք, որ մեր տանը տիրի հանգստություն, ընտանեկան երջանկությունը մեզ համար ամենաարևորն էր։ Մենք որ միասին էինք, մոռանում էինք՝ որտեղ ենք»:
Մարիամը վերջին անգամ ամուսնու հետ կապ է հաստատել սեպտեմբերի 27-ի երեկոյան, երբ ամուսինն արդեն Քարվաճառ էր տեղափոխվում։ Հաջորդ օրը տեղի է ունենում ողբերգական դեպքը։
«Աբսուրդն այն է, որ ինքը չկա մի ժգուտի պատճառով, ինքը ոտքից է վիրավորվել, ժգուտ չի եղել, ինքն իրեն կապել է բուշլատի թելով… Իրենց հրամանատարական կազմը, չգիտեմ ինչու, դա համարում է ճակատագիր, իրա ընկերներն են պատմել, որ ժգուտ չունեին, և իր բուշլատի թելն է քաշել։
Անգամ վիրավոր ժամանակ հրահանգներ է տվել։ Ինքը դիրքում չպետք է լիներ, բայց չէր կարող տեսնել՝ ինչպես են 18 տարեկանները կանգնում, իսկ ինքը թիկունքում մնում։ Թիկունք է իջացրել 18 տարեկաններին և ինքն է բարձրացել առաջնագիծ, դա իր տեսակն էր»։
Մարիամն ասում է՝ սիրտն արդեն կասկած էր ընկել, որ ամուսինը կապ չէր հաստատում, հնարավոր չէր, որ ամուսինը այդքան լռեր և որևէ տող չգրեր։
Մարիամն ասում է՝ իրենց տուն է եկել ամուսնու ընկերը՝ շփոթված, սակայն բան չի ասել, թեպետ արդեն իր համար ամեն ինչ էլ պարզ էր։
«Ընկերը ներս մտնելով հասկացավ, որ մենք դեռ ոչ մի բան չգիտենք: Երբ ներս մտավ, շատ շփոթված էր, ասեց՝ եկել եմ Լևոնին տեսնեմ, լսել եմ՝ վերադարձել ա: Ասեցի՝ դու կարո՞ղ ա էս երկրից չես, չգիտե՞ս, որ երկրում պատերազմ ա, ու Լևոնը չէր կարող տանը լինել… Ինքն արդեն լուրը գիտեր, իր հայացքում ուզում էի որսայի ինձ տանջող հարցի պատասխանը, չկարողացա ինձ զսպեի, ասացի՝ ոնց որ վայենկոմատի սև թուղթ բերողներից լինես: Ինքը հերքեց ու արագ դուրս գնաց։
Իրենից հետո ես հիշում եմ միայն, որ ներս մտավ Լևոնի քեռին, էլ բառեր ինձ պետք չէին, ես նման հայացքներ տեսել էի, սահմանին հաճախակի էին դեպքեր լինում՝ դիվերսիոն փորձեր, մինի վրա… Ինձ բառեր պետք չէին, որ հասկանայի, որ իմ կյանքում լույսը մարել է»,- հուզվում է Մարիամը։
Մարիամ Հակոբյանը՝ տղայի և աղջկա հետ։
Մարիամն ասում է՝ եթե կյանքը նորից սկսելու լիներ ու իմանար, որ 10 տարի է ապրելու ամուսնու հետ, նորից նրա հետ կամուսնանար:
«10 անգամ էլ իրեն կընտրեի, ես զգացել եմ ամուսնու կողմից գնահատված ու հարգված լինելու երջանկությունը, ես էնքան բախտավոր եմ, որ զգացել եմ դա: Իր ժպիտն ինձ համար ամեն ինչ արժեր, կարողանայի էնպես անել, որ ինքն ընտանիքում լիարժեք հանգստանար, երբ տուն գար ծանր աշխատանքային օրվանից հետո, իրեն սպասեր ջերմ մթնոլորտը: Միշտ ասում էր՝ իմ կինը խոհանոցում հրաշքներ է գործում»,- Մարիամը երանությամբ է հիշում անցյալի երջանիկ պահերը։
Ասում է՝ ամուսնու հետ երազում էին բնակարան գնել, իրենց հանգստությունը բնակարանում կառուցել, բայց այսօր ոչ միայն ցավն է տանջում, ոչ միայն որևէ մխիթարական խոսք նրան չի սփոփում, այլև բնակարան ունենալու խնդրին են բախվել։
Կսկիծը սրտում՝ Մարիամը, դռնեդուռ ընկած, փորձում է կացարանի խնդիր լուծել երկու անչափահաս երեխաների համար։
«Ես շատ դռներ եմ այսօր թակում, իմ ամուսինը տուն չուներ, բոլորը գիտեն, որ սպաների մեծ մասը սեփականություն չունի, որովհետև իրենք թափառական կյանք են վարել, ու իրենց երեխաները ոչինչ չեն ժառանգել։
Դիմել եմ վարչապետին, Ազգային ժողով, բայց ինձ ոչ մեկը ստույգ պատասխան չի տալիս: Ինձ մերժում են նրա համար, որ երեխաներս 10 տարվա Երևանի գրանցում չունեն, ընդ որում՝ էն դեպքում, երբ երեխաներս դեռ 10 տարեկան չկան։
Իմ ամուսինը 18 տարի անձնվիրաբար ծառայել է հայրենիքին և հանուն հայրենիքի տվել է իր կյանքը, էս կյանքում ոչ մի բան չի կարա լրացնի իմ ու իմ երեխաների կյանքի բացը, բայց երեխաներս գոնե տանիք պետք է ունենան։ Ես չգիտեմ՝ պետությունը ո՛նց պետք է անի, որ լցնի այսքան երեխաների կոտրված մանկությունը»,- արցունքները կոկորդում խեղդելով ասում է Մարիամը։
Լևոն Սարգսյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։
Մանրամասները՝ տեսանյութում