Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված. Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում

Հունիսի 11, 2023

​​​​​​«Փաստ» օրաթերթը գրում է

«Սլավիկը փոքր տարիքից շատ հանգիստ, հավասարակշռված, զուսպ ու համեստ երեխա էր, այդպիսին էլ մնաց հասուն տարիքում»,-այսպես է սկսվում Սլավիկի հորաքրոջ՝ Նարինեի հետ իմ զրույցը: Ասում է՝ Սլավիկը դպրոցում գերազանց էր սովորում, նրա մասին ուսուցիչներից միայն գովեստի խոսքեր են լսել:

«Ուսման տարիներին չէինք հասկանում, թե ինչ նախասիրություններ ունի, ինչ մասնագիտություն կընտրի: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո ընդունվեց նախ Հյուսիսային համալսարանի քոլեջ, այն գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո առանց քննությունների ընդունվեց նույն համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետ: Դպրոցի ավարտական դասարաններում երկմտում էր տնտեսագիտության և իրավագիտության միջև, բայց վերջնական արդյունքում ծնողների հետ խորհրդակցելուց հետո ընտրեց իրավագիտությունը: Իրեն տեսնում էր այդ ոլորտում, կատակում էինք, որ իրենը թուղթ ու գրիչն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարինեն:

Սլավիկը, սակայն, ուսանողական կյանքը վայելել չի հասցնում: 2019 թ.-ին զորակոչվում է ծառայության Արցախի Հանրապետություն, վարորդ էր, ծառայում էր Մարտունի 2-ում: Հորաքույրն ասում է՝ ծառայությանը շատ լավ էր տրամադրված, վախեր չուներ. «Գյումրիում եմ բնակվում, իրեն ասում էի՝ վիճակահանության ժամանակ Գյումրին կընտրես, որ գաս ու ինձ մոտ լինես, բայց Սլավիկը կարծես կանխազգում էր՝ Արցախում եմ ծառայելու: Հայրն իրեն միշտ ասում էր՝ գնալու ես ծառայելու և ինքնուրույն կայանաս, առանց որևէ մեկի օգնության: Եվ այդպես էլ եղավ: Ամեն անգամ իր հետ խոսելիս միայն դրականն ենք լսել, երբեք չի տրտնջացել, անգամ բարկանում էր, երբ իրեն ինչ-որ ծանրոց էինք ուղարկում: Գնացինք Արցախ և մասնակցեցինք իր երդմնակալության արարողությանը, ինքն էլ երկու անգամ արձակուրդ եկավ: Վերջին անգամ արձակուրդ եկավ 2020 թ. փետրվարին, հուլիսին իր ծննդյան օրն է, ուզում էինք գնալ իրեն տեսնելու և ծնունդը նշելու, բայց արդեն կորոնայի շրջանն էր, և այցելություններն արգելված էին»: Իսկ հետո սկսվեց պատերազմը:

«Սեպտեմբերի 27-ին եղբայրս և կինը Գյումրիում էին, մեզ հյուր էին եկել: Առավոտյան հարևանուհիս է զանգում, հարցնում՝ երեխու հետ խոսե՞լ ես: Ասացի, որ երեկոյան խոսել ենք Սլավիկի հետ: Հարսս մի տեսակ անհանգիստ էր, տարբեր տեղերից լսել էր, որ սահմանին ինչ-որ բան է կատարվում: Բայց Սլավիկը հանգստացրել էր նրան՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, մեզ մոտ հանգիստ է: Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ զանգահարեցի, Սլավիկն ասաց՝ մի մտածեք, ամեն ինչ լավ է, բայց ամուսնուս հետ խոսելիս ասել էր, որ վիճակը շատ վատ է: Այդ զրույցի մասին շատ ավելի ուշ ենք իմացել: Սլավիկը եղել է Մարտունի 2-ում՝ երրորդ գիծ: Պատերազմի օրերին ինքնակամ տեղափոխվել է առաջնագիծ, այդ մասին որևէ մեկս տեղյակ չէր:

Այդ օրերին մի տեսակ հանգիստ էինք, միայն մի անգամ ինձ հետ խոսելիս ասաց՝ զինվորներին տարա Ջաբրայիլ, հետ եմ գալիս, ես էլ հավել յալ հարցեր չտվեցի, կարևորը՝ ձայնը լսեցի, գիտեի, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Երբ խոսում էինք իր հետ, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, ապահով տեղում են: Բայց Մարտունի 2-ի զորամասն էլ գոյություն չուներ: Իրեն տեղափոխել էին Մարտունի 3, հարցրեցինք՝ այդքան կրակում են, դուք ո՞նց եք, պատասխանեց՝ ծուռ են խփում, մեր զորամասին բան չի լինում: Վերջին անգամ հոկտեմբերի 10-ին խոսել է մայրիկի ու իմ, իսկ երեկոյան՝ ընկերոջ հետ: Ասել էր՝ Լյո՛վ, Ջաբրայիլից հետ եմ գալիս, Հադրութում եմ, ոտքս գազի պեդալի վրայից չեմ հանում, մեր համազգեստները հագած թուրքերը կանգնեցնում են վարորդներին, ով կանգնում է, խփում են: Հոկտեմբերի 11-ից հետո էլ իր հետ չենք խոսել»:

Սլավիկը Մարտունի 3-ի 73 հոգանոց վաշտի վարորդն էր: «Հոկտեմբերի 11-ին Սլավիկը և Գարիկը, որը նույնպես Մարտունի 2-ից էր տեղափոխվել, պետք է հերթական անգամ զինվորներին տեղափոխեին Հադրութ: Իրենց ասում են՝ գնացեք, ձեզ այնտեղ կդիմավորեն, բայց, ցավոք, երեխեքին որևէ մեկը չի դիմավորում: Շատ հետո այդ տարածքի վերևի դիրքերից իրադարձություններին ականատես եղած զինվորները մեզ պատմեցին, որ տղաներին չեն դիմավորել, քանի որ Հադրութի կեսն արդեն թուրքեր էին: Տղաների մեքենաները Հադրութում շրջափակման մեջ են ընկնում: Սլավիկը շարասյան վերջին մեքենայի վարորդն է լինում, կարողանում է շրջափակումից դուրս գալ: Տղաները պատմում են, թե ուրախացանք, որ գոնե մեկ մեքենա կարողացավ շրջափակումից դուրս գալ: Բայց ճանապարհի կեսից փոշմանում են և հետ դառնում, որ օգնեն իրենց ընկերներին…

Հաճախ, երբ իր հետ «կռիվ եմ տալիս», թե ինչո՞ւ հետ դարձաք, ամուսինս ասում է՝ ինքն այլ կերպ չէր կարող, իր համար դա փախուստ էր լինելու, իսկ Սլավիկը չէր կարող ընկերներին թողնել ու փախչել: Ստացվում է, որ մեքենայի մեջ եղած բոլոր տղաները գնում են իրենց ընկերներին օգնության, բայց այս դեպքում՝ գիտակցված մահվան: Սլավիկը զոհվել է հրազենային վիրավորումից: «Լուր չունեինք իրենից, ուր ասես դիմում էինք, մեզ միշտ ասում էին, որ տղաները բունկերներում են, հեռախոսները հավաքել են: 73 տղայի ծնողներին էլ նույնն են ասել, դա արդեն հետո պարզեցինք: Երբ եղբորս ասում են, որ տղաները բունկերում են, ասում է՝ լավ, ձեր կողքին կանգնեմ, երբ դուք իրենց հետ ռացիայով խոսում եք, միայն իր ձայնը լսեմ ու վերջ: Մերժում էին՝ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է: Պատերազմը վերջացավ, Սլավիկից դեռ որևէ լուր չունեինք: Վստահ էինք, որ ինքն ինչ-որ տարբերակով մեզ մի լուր կուղարկեր, որ իր հետ ամեն ինչ լավ է: Պատերազմի ավարտի հաջորդ օրը եղբայրս որոշում է մեկնել Արցախ, ծանոթ մարդ է գտնում, որ Մարտունի 2-ի դիրքեր բարձրանա, մենք գիտեինք, թե Սլավիկը դեռ այնտեղ է: Որոշել էր գնալ, նկարվել տղայի հետ ու մեզ անակնկալ անել:

Երբ պաշտոնյաները տեղեկանում են, որ նա ուզում է մեկնել Արցախ, զանգում են տուն ու ասում, որ երեխեքը հոկտեմբերի 11-ից չկան, ընկել են շրջափակման մեջ, ու իրենք 73 հոգուց որևէ նորություն չունեն: Հետո սկսվեցին որոնումները, գտան վաշտի տղաներին, իսկ 2021 թ. փետրվարի 12-ին մեր երեխու ԴՆԹ-ն հաստատվեց»: Սլավիկն իրենից կրտսեր երկու եղբայր ունի, հենց նրանք էլ ընտանիքի անդամներին ուժ են տալիս շարունակել ապրել: «Շատ կապված էինք իրար հետ, պարտադիր մայրիկին ու ինձ ամեն օր զանգում էր: Ինձ համար սարսափելի ծանր է իր չլինելը: Երբ հավաքվում ենք բոլորով, սկսում եմ մտածել՝ տեսնես հիմա ինչպիսի՞ն կլիներ Սլավիկը, ի՞նչ կաներ, ինչո՞վ կզբաղվեր: Որքան շատ ժամանակ է անցնում, ցավն ավելի է խորանում:

Ամեն Մարտի 8-ին և ուրիշ տոնական օր ինձ համար էլ նվեր էր գնում, որ երբ գնայի իրենց տուն, այն ինձ տար: Հիմա էլ ցանկացած տոնական օր սպասում եմ Սլավիկի զանգին: Երբ ծառայում էր, մայրիկի ծննդյան օրը կամ էլ տոնական օրերին նրան միշտ ծաղիկներ էր ուղարկում: Հիմա այդ բացը լրացնում է իր ամենամոտ ընկերը՝ Լյովը, դե, իհարկե, եղբայրների մասին խոսք չկա, մայրիկը միշտ նրանց ուշադրության կենտրոնում է: Ծնունդ կլինի, Մարտի 8, թե տոնական այլ օր, Սլավիկի փոխարեն մայրիկին ծաղիկներ նրա ընկերը՝ Լյովն է նվիրում, անգամ կարող է տուն չմտնել, ուղղակի նվիրել ծաղիկները ու հեռանալ»:

Հ. Գ. - Սլավիկ Իշխանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Մեդալներ ունի նաև տարբեր կազմակերպությունների կողմից: Սլավիկ Իշխանյանը հուղարկավորված է Նուբարաշենում՝ պատերազմում զոհված մյուս տղաների կողքին: