Դուստրը շարունակ պնդում է, որ ընտանեկան ընթրիքների ժամանակ ափսե դրվի նաև հոր համար. նույն ճակատագիրը բաժին հասավ հորը և որդուն
2020 թվականի սեպտեմբերի 28-ին 35-ամյա Սարգիս Խաչատրյանը կնոջը հեռախոսազանգով տեղեկացրեց, որ գնում է ճակատ՝ Վանաձորի ԵԿՄ ջոկատի հետ: Փոքր էր, երբ հայրը գնաց, մասնակցեց արցախյան պատերազմին ու չվերադարձավ: Վրեժ ուներ՝ անհայր մանկություն ունենալու համար: Այդ վրեժը նրան տարավ առաջնագիծ նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:
Կինը՝ Մելինե Մեհրաբյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց՝ անիմաստ էր Սարգիսին համոզել, որ հետ կանգնի մտադրությունից, մենակ չթողնի իր երկու անչափահաս զավակներին՝ 5-ամյա աղջկան և 13-ամյա տղային:
«Այդ օրը ես աշխատանքի էի, ինքն էլ էր աշխատանքի: Արդեն ճանապարհից զանգեց, թե ես գնում եմ… Ամեն ինչ արեցի, որ ինքը հետ գա, բայց անիմաստ էր: Ինքը նույն տարիքում է եղել, ինչ մեր աղջիկը, ու իր հայրն էլ գնացել է և անհետ կորել: Ես փորձեցի այդ ամենն իրեն հիշեցնել, այդ կերպ ազդել որոշման վրա, բայց ինքն ասաց, որ հետ չի դառնա ճանապարհից: Բայց երբ արդեն զենքերը ստացել էին, պատրաստ էին, որ պետք է մեկնեին, ինքը զանգեց, շատ անտրամադիր էր: Ասում էր՝ ապրիլյանին էլ եմ գնացել, բայց էս անգամ սիրտս կախ եմ գնում: Բայց անընդհատ խոսել ենք, մինչև վերջին օրը: Եղնիկներ-Մատաղիս հատվածում էին, Արեգասարի պաշտպանությունն էր իրենցը:
Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 5-ի առավոտյան, ամսի 6-ին հրամանատարից եմ իմացել, որ զոհվել է: Հրամանատարը զանգեց, ասաց, որ իրենց ջոկատից 4-ը զոհվել են: Որքան գիտեմ, փոքր տարածքում բախում է եղել թշնամու զորքի հետ, իրենք մեծ թվով են եղել, իսկ Սարգիսենք ընդամենը 10 հոգով են եղել»:
Սարգիսի մարմինը, սակայն, չկա: Գիտեն միայն հրամանատարի պնդումը, որ նա զոհվել է:
«Գիտեմ նաև, որ մարմինները բերվել են, իրենք ունեն տվյալներ՝ ում մարմինն են բերել: Հոկտեմբերին տղաները զոհվել են, դեկտեմբերին մարմինները բերվել են: Չորսից երեքի դիակը գտնվել է, ԴՆԹ-ով ճանաչվել է, բայց Սարգիսինը դեռ չկա: Սարգիսի մայրիկի ԴՆԹ-ն չհամապատասխանեց, դեկտեմբեր ամսին երեխեքից են վերցրել նմուշ, բայց դեռ ոչ մի նորություն չունենք: Մարմինները ճանաչելի չի եղել, քանի որ հողի տակից են հանել, թշնամին, որքան գիտեմ, հողի տակ է թաղած եղել, այնտեղից են հանել բերել: Ես շատ-շատ պնդեցի, որ գնամ տեսնեմ, բայց ասացին՝ ճանաչելի չէ: ԴՆԹ-ն է միակ ճանապարհը: Ես հույս չունեմ, որ նա կարող է ողջ լինել, որ կվերադառնա, բայց գոնե մարմինը ինձ տան, Սարգիսը գերեզման ունենա, շատ դժվար է այսպես»,-շարունակեց Մելինե Մեհրաբյանը:
Սարգիսի տղան մեծ է, հասկանում է՝ ինչ է տեղի ունեցել, բայց աղջիկը շարունակում է սպասել ու անդադար հարցնել, պնդել, որ ընտանեկան ընթրիքների ժամանակ դրվի նաև ափսե՝ հոր համար, որ մայրիկը զանգի հայրիկի հեռախոսահամարին, ու ինքը կարողանա նրան հարցեր տալ, վերադարձի օրը հստակեցնել:
Հետո պարզեց, որ հոր հեռախոսը մայրիկի մոտ է…
Մելինեն ամուսնու և զավակների հետ վարձով էր ապրում Վանաձորում: Հիմա հիփոթեքով բնակարան է ձեռք բերել, աշխատում է, շատ դժվար է առանց ամուսնու: Ասում է՝ բարդ է նրա մասին խոսելը, նկարագրելը:
«Բարի էր, ընկերասեր, սիրում էր Արցախը: Սարգիսը միշտ է ասել, որ եթե մենք կորցնենք Արցախը, Հայաստանը գրավելը կդառնա խաղ ու պար…»:
Նախքան պատերազմը ընտանիքի հետ միասին Սարգիսը շրջել է ամբողջ Արցախով: Մելինեն հիշում է՝ Շուշիում շրջելիս Սարգիսը միշտ է հիացել, ասել, որ բոլորովին այլ զգացողություններ ունի Շուշիում:
«Ուղղակի որ այսպիսին կարող էր լինել հոր և որդու ճակատագիրը, ես չէի պատկերացնում… Արդյունքում ոչինչ չունեցանք, թշնամուն նվիրեցին այն, ինչի համար տղաներն արյուն թափեցին: Որ իրենց զոհվելուց հետո եկավ այն լուրը, որ Շուշին ընկել է, գլխիս մեջ այս միտքը մնաց՝ ինչ լավ է, որ Սարգիսը չիմացավ, որ Շուշին կորցրել ենք: Չեմ պատկերացնում՝ եթե ինքը լիներ, ինչ կզգար՝ այդ լուրը իմանալով:
Մեզ մնաց միայն ցավը: Երբ երեխադ քեզ հարց է տալիս, դու չես կարող այդ հարցին պատասխանել, որովհետև չգիտես՝ ինչ ասել: Սա ապրել չէ, այսպես չեն ապրում: Ուղղակի մեկ-մեկ, որ հետ եմ նայում, զարմանում եմ, թե ոնց անցա ես այս ամենի միջով: Զարմանում եմ՝ մի՞թե ես այդքան ուժեղ եմ, որ կարողացա այս ամենի միջով անցնել ու անցնում եմ:
Ամեն օր, ամեն անծանոթ զանգի մի տեսակ վախով եմ պատասխանում: Ե՛վ ուզում եմ նորություն, բայց, միևնույն է, վախենում եմ: Բայց այս անորոշ վիճակն ավելի ծանր է…»: