Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Մեզ մարդկանց ուշադրությունն է մխիթարում. Պատերազմում ազգությամբ եզդի Խուդոյանները կորցրել են որդուն՝ Ալիկին

Հունիսի 11, 2023

66-ամյա Մհեր Խուդոյանի հոգու վերքերը չեն սպիացել. 44-օրյա պատերազմից երկու տարի անց նա չի կարողանում զսպել արցունքները Ապերի մասին խոսելիս, նրա մանկության դրվագները հիշելիս:

«Ես իմ երեխային եմ ուզում», -մանկան նման արտասվելով ասում է որդուն կորցրած հայրը:

Խուդոյաններն ազգությամբ եզդի են, ապրում են Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում: Մհեր Խուդոյանն ունի 8 երեխա, որից 3-ն աղջիկ են, 5-ը տղա: Խոշոր սև աչքերով, թուխ մաշկով Ապերը նրա 8-րդ զավակն էր, որին բոլորը վերաբերվել են որպես տան փոքր երեխայի ու նրա հետ ունեցել առանձնահատուկ կապվածություն:

Ապերը՝ 19-ամյա Ալիկ Խուդոյանն է: Զորակոչվել էր բանակ 2019-ին. սկզբնական վեց ամիսները՝ Արմավիրի ուսումնական զորամաս, այնուհետև Ստեփանակերտի զորամաս (Կենտրոնական պաշտպանական շրջան, ՑՕՐ): Տանկի մեխանիկ-վարորդ էր ու 1.6 տարվա զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը: 44-օրյա պատերազմի տարբեր ճակատներով է անցել Ալիկը՝ Ջրական, Վարանդա, Կարախանբեյլի, մասնակցել թեժ մարտերին, մի անգամ նույնիսկ հրաշքով փրկվել, սակայն Շուշիի մատույցներում նոյեմբերի 8-ին՝ հրադադարից մեկ օր առաջ, ընտրել է մահը:

«Ընկերը պատմում էր, որ ինքը զգացել ա, որ կմահանա: Ընկերոջն ասել ա, դու ձեր տան միակ տղան ես, ամեն կերպ դուրս կգաս, կգնաս մերոնց հետ, ես մեր ընտանիքի 5-րդ տղեն եմ, ոչինչ, կմնամ ստեղ», -ընկերոջ պատմածները փոխանցում է Ալիկի մայրը՝ 61-ամյա Զոյա Մստոյանը:

Վիրավոր ընկերոջը փրկելու համար նա տարածքում շտապ օգնության մեքենա է գտել ու ստիպել նրան ուղարկել թիկունք, ինքը մնացել Թաղավարդի իր պատրաստած խրամատում:

«Հրամանատար էլ չեն ունեցել, ինքն ա կազմակերպել պաշտպանությունը: Պատմում են՝ 4 օր չի քնել, աչքերը ուռած են եղել, խնդրել ա մի քանի րոպե, որ հանգստանա ու չի կարացել՝ վերևից խփել են: Էդ եղել ա նոյեմբերի 8-ին: Գոնե մի օր էլ մնար, պատերազմը կվերջանար», -աչքերն է արցունքից սրբում մայրը:

Մայրն ասում է՝ սիրուն չի որդու մասին անընդհատ լավն ասելը, բայց «հրաշք երեխա էր, խելացի, կազմակերպող»: Պատերազմի դաշտից փորձել է հաճախ զանգել ծնողներին, հանգստացնել նրանց, լսել ծնողների ձայնը: Սակայն չորս օր նրա հետ կապը ընդհատվել է: Հետո են իմացել, որ Ալիկը Ակնայից Ջրական ճանապարհին ընկերների հետ մեծ փորձությունների միջով է անցել ու հրաշքով փրկվել. «Տանկը մի քանի ժամ մնացել ա ջրի տակ, երեխեն հրաշքով ա փրկվել, տանկը հանում ա անտառի մեջ, բայց մատոռը խարաբում ա, չորս օր իր խմբի հետ ըտենց անհայտ ա մնում: Հետո հելնում, ծառերից ձեռով ճյուղեր են կտրում ու դրանցով ծածկում են տանկը: Երեխեքը ծանր օրեր են տեսել, շատ ծանր»:

Խուդոյանների երկու որդիները ծառայել են Արցախում, մյուս երկուսը՝ Հայաստանի տարածքում: Այժմ որդիներից երեքը Ռուսաստանի Դաշնությունում են ապրում, աշխատում: Աղջիկները ևս Հայաստանում չեն:

Խուդոյանները քրիստոնյա եզդի են: Մհեր Խուդոյանին խնամել է ազգությամբ հայ տիկին Արուսյակը: «Որդու նման նայել ու հոգատար ա եղել իմ, մեր ընտանիքի նկատմամբ», — ասում է Մհեր Խուդոյանը:

Այս ընտանիքը որդու մահվան համար մեղավորներ չի փնտրում: Այդ մասին առանձնապես չեն էլ մտածում: «Ճիշտն ասած, ես հիմա մեղավորներ չեմ փնտրում, ինչ եղել՝ եղել է: Հիմա եթե ես ասեմ՝ այսինչ մարդն է մեղավոր, իմ ի՞նչս պիտի փոխվի: Ձեր այցն է մեզ մխիթարում, մեզ մարդկանց ուշադրությունն է մխիթարում», -ասում է Մհեր Խուդոյանը:

Ալիկին հարազատները հուղարկավորել են Բաղրամյան գյուղի եզդիական գերեզմանատանը։

Մանրամասները՝ տեսանյութում

forrights.am