Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Ասել են՝ վայեննի բիլետը գցի, որ չիմանան եզդի ես. ազգությամբ եզդի Կոտոյանների մի որդին անհետ կորած է, մյուսը՝ գյուղի գերեզմանատանը

Հունիսի 20, 2023

Արագածոտնի մարզի Կանիաշիր կամ ինչպես հենց իրենք՝ եզդիներն են ասում, Սանգյառ գյուղի գրեթե կենտրոնում է գտնվում Կոտոյանների տունը: Գուղական տունը՝ հողածածկ տանիքով, ցանկապատ չունի, հսկա հովվաշունն է հսկում: Սոցիալապես ծանր պայմաններում ապրող ազգությամբ եզդի այս ընտանիքը 2020-ի 44-օրյա պատերազմում կորցրել է երկու որդուն. տան ավագ որդին՝ Օնիկ Կոտոյանը երկու տարուց ավելի է՝ անհետ կորած է, իսկ կրտսերը՝ Թեմուր Կոտոյանը, որը զոհվել է Շուշիում, պատերազմի վերջին օրերին, այժմ Կանիաշիրի գերեզմանատանն է:

«Երկու ամիս էր ծառայում, որ պատերազմը սկսվեց: Ռուսաստանում էր, մի օր զանգեց ասեց՝ գնամ պարտքս տամ հայրենիքին, համոզում էի չգար, բայց էկավ: Ծառայության ընթացքում չենք տեսել, կորոնավիրուս էր, չէին թողում գնանք: Սկզբում գնաց Մարտունի 2, հետո՝ Հադրութ: Կռիվը սկսվավ մալադոյ էր, մտածում էինք՝ չեն տանի կրակի բերան: Ասում էի՝ գամ, ասեց չէ, գաս փուռը կընգնես, ոչ աֆիցեր կա, ոչ հրաման կա: Մենք զինվորներով մեր գլուխն ենք պահում», -Թեմուրի մասին պատմում է նրա հայրը՝ 47-ամյա Արթուր Կոտոյանը:

Նոյեմբերի 7-ին ծառայության մեջ «մալադոյ» համարվող Թեմուրը արդեն Շուշիում էր, հոր խոսքով, «առանց աֆիցերների, առանց հրամանատարների, մսաղացի մեջ»: Արդեն պատերազմից հետո երկար մղձավանջ է սկսվում ընտանիքի համար. Հայաստանի տարբեր հիվանդանոցներում Կոտոյանները փնտրում են որդիներին, սկզբում՝ հիվանդասենյակներում, այնուհետև դիահերձարաններում: Այն դիահերձարանում, որտեղ որդիներից ոչ մեկին չեն տեսել, հարազատները Արթուրին աչքալուսանք են տվել: Սակայն Թեմուրին ավելի ուշ գտնում են Երևանի դիահերձարանում:

Տղաների մայրը՝  43-ամյա Ֆաթիմա Տալոյանը, տխուր աչքերով հմայիչ կին է՝ մազերը սև գլխաշորի տակ հավաքած: Որդիներին փնտրելու, նրանց ծանր ապրումների մասին ամուսնու պատմությունները ստիպում են արտասվել սևազգեստ կնոջը: Հայկական և եզդիական դրոշների կողքին խնամքով ձևավորել է Թեմուրի անկյունը՝ որդու տարբեր տարիքի լուսանկարներից մինչև պատերազմից հետո հետմահու ստացած պարգևներ:

Իսկ Օնիկից խնամքով պահում են զինվորական գրքույկը, որտեղ նշվում է՝ որդին ծառայության է անցել 2019-ի հուլիսին:

Աներևակայելի տանջանքների միջով են անցել ու անցնում Կոտոյանները Օնիկին փնտրելու համար: Հայրն ասում է՝ 4 անգամ ԴՆԹ անալիզ է վել, բայց միևնույն է՝ Օնիկին չեն կարողանում գտնել: Ավագ որդուց վերջին անգամ զանգ ստացել են հոկտեմբերի 11-ին ու վերջ: Հույս ունեն՝ գերի է:

«Համարյա ամեն օր Երևան եմ գնում: Պետությունը ոչ մի բան չի ասում, դեռ մի բան էլ կարող ա մի հատ չափալաղ տա, ասի՝ հել ստեղից գնա: Անձամբ Նիկոլի հետ եմ հանդիպել, բան չի ասում: Երկու տղա եմ ղրկել բանակ, մյուսը ո՞ւր ա, մյուսին գտեք բերեք տվեք ինձի»,- ասում է Արթուր Կոտոյանը:

Օնիկի զինգրքույկը Արցախի Մարտունի 2 զորամասում են գտել. «Զանգեցին, ասեցին գտել են: Գնացինք, հասանք ընդեղ: Հարցնում ենք՝ որտեղ եք գտել, ասում են՝ չգիտենք, զինվոր ա գտել: Ասել են՝ «վայեննի բիլետը» գցի, որ գերի ընկնես, քեզ բան չանեն: Դե թուրքերը եզդիների հետ չունեն, չէ՞, դրա համար ասել են՝ գցի, որ ազգությունը չիմանա՝ ինչ ա»:

Սոցիալական ծանր պայմաններում է ապրում երիտասարդ ընտանիքը: Գյուղում աշխատանք չկա, մայրաքաղաքում էլ աշխատելու համար ճանապարհի վրա ավելին է ծախսելու, քան աշխատավարձն է: Որդու մահվանից հետո ամսական աջակցություն են ստանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ շուրջ 200 հազար դրամ:

«Ինչ պետական հիմնարկ կա ինձանից փող ա ուզում՝ լույսի, գազի, ջրի, հողի: Իմ 18 տարեկան երեխեն գնացել, ծառայել ա պետության համար, հիմա ես մենակ եմ, ո՞վ ա ինձ պահում», -հարցեր է բարձրացնում երկու տարուց ավելի սգի մեջ ապրող հայրը:

forrights.am