Ես եմ, ես կամ...
44-օրյա պատերազմում անմահացած քաջերի մեջ քիչ չէին շնորհաշատ, տաղանդավոր երիտասարդները, նրանք կդառնային հայտնի արվեստագետներ, արժեքավոր, մնայուն գործեր կերկնեին…
Որոշել էին բարձունքների հասնել, հիմա ամենաբարձրում են…
Կյանքը հայրենիքին նվիրաբերած Արամ Պողոսյանի տանն եմ: Լուսանկարից Արամը ժպտում է, այնքան խոսուն են աչքերը… Սենյակի պատերին նրա կտավներն են. վառ, պայծառ ու լուսավոր գույներն են գերիշխում, ինչպես որ ինքն էր՝ վառ ու լուսե մի անհատականություն:
Ով Արամին ճանաչում էր, ով գեթ մեկ անգամ շփվել էր նրա հետ, հենց այդպես էլ բնութագրում է՝ Արամը լույս էր…
Փոքր տարիքից նկարում էր, կրթություն ստացավ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում, ապա շարունակեց Գեղարվեստի պետական ակադեմիայում։
-Մենք ոչինչ չենք խնայել մեր զավակների կրթության համար, մեզ համար առաջնահերթը նրանց ուսումն էր ու պատրաստ էինք ամեն զրկանքի,- ասում է մայրը՝ Կարինեն:- Արամը գծագրությունից չէր փայլում, կրկնուսույցի մոտ գնաց պարապելու ու թե մի քանի ամսում ինչ աննկարագրելի եռանդով, ինչ ջանասիրությամբ պարապեց, որոշել էր անվճար սովորել ու իր նպատակին հասավ՝ կարմիր դիպլոմով ավարտեց Գեղարվեստի ակադեմիան: Շատ համեստ էր տղաս. «Մա՛մ, տես, հա, գլուխ չգովես, թե՝ տղես կարմիր դիպլոմով է ավարտել…»։
Գրաֆիկ-դիզայներ էր մասնագիտությամբ, գծերը, գույնը, ձեւը, շեշտադրումները, տարածությունը, ներդաշնակությունը, ամեն տարր մանրակրկիտ ու մանրամասն հաշվի էր առնում, նորարարական միջոցներ կիրառում։ Ամենից շատ քրոջ համար էր նկարում ու սիրով նվիրում, քույրն էլ կեսկատակ-կեսլուրջ ասում էր՝ երբ հայտնի նկարիչ դառնաս, կհպարտանամ, կասեմ, որ առաջին նկարներիդ հասցեատերը ես եմ եղել…
Ավարտելուց հետո տաղանդաշատ երիտասարդը մեկնեց ծառայության՝ չանսալով մոր խնդրանք-հորդորներին, որ դիմում գրի նախարարություն՝ ըստ մասնագիտության ծառայելու, իր գծագրական ունակություններով բանակին օգտակար լինելու: Որդու պատասխանը հստակ էր ու հատու՝ մա՛մ ջան, քո տղան մյուսներից ինչով է ավելի, կծառայեմ, կգամ, նպատակներս կիրագործեմ…
Բանակից հետո պիտի մեկներ արվեստների երկիր՝ Իտալիա, ուսումը շարունակեր Միլանում, փաստաթղթերն արդեն հանձնել էր…
***
Արմավիրի ուսումնական զորամասում վեց ամիս ծառայելուց հետո՝ որպես տանկի հրամանատար, տեղափոխվեց հիմնական ծառայավայր: Ծառայությունն իր հունով ընթանում էր:
Բանակում անհագի պես կարդում էր, տնեցիները պարբերաբար գրքեր էին ուղարկում զորամաս, ծառայակից ընկերները հումորով բողոքում էին՝ մեզ, որ գլուխ չունեինք գրքի հետ, բոլորիս մոլի ընթերցասեր է դարձրել։ «Քայլող հանրագիտարան» էին կնքել անունը, ցանկացած հարցի սպառիչ պատասխան ուներ, ինչ թեմայով ասես կզրուցեր: Ծառայության ազատ պահերին նաեւ անգլերեն էր պարապում ու պարտադիր նկարում էր: Բանակի կազմավորման տոնին նվիրված մրցույթի ժամանակ հաղթել էր, ճանաչվել լավագույն նկարիչ…
-Շատ կցանկանայինք Արամի այդ նկարը տեսնել, ցավոք, այն մնացել է զորամասում, զորամասն էլ՝ թշնամուն,- անհուն դառնությամբ խոստովանում է մայրը։
Ասում են՝ նկարչությունը նաեւ ինքնակենսագրություն է, միտքը փոթորկած, հոգին պարուրած ապրումների, հույզերի արտացոլում:
Արամի վերջին կտավների գույները մռայլ են, խորհրդանշական պատկերներով լի, թեմատիկան՝ կյանք, պայքար, մահ…
Պատերազմի օրերին Արամենց տեղափոխեցին Ջրական, որտեղ թեժ մարտեր էին ընթանում:
Բանակային մտերիմ ընկերը՝ Սեյրան Սողոյանը, պատմում է. «Արամը տարիքով քիչ մեծ էր մեզնից ու մեզ հետ ավագ եղբոր հոգատարությամբ ու սրտացավությամբ էր վարվում: Պատերազմի ժամանակ մենք տարբեր ուղղություններում ենք եղել, բայց լսել եմ, թե ինչ անձնուրաց է կռվել, մարտի դաշտում գոտեպնդել, ոգեւորել է զինակից ընկերներին…»:
Մարտնչող զինվորների խիզախությունն անչափելի էր, սակայն ուժերը անհավասար էին: Արամը զոհվեց Ջրականում, հոկտեմբերի 5-ին, թեժ մարտերից մեկի ժամանակ…
Որքան երազանքներ անկատար մնացին…
Արամը նաեւ գյուտարար էր։ Ընտանիքը մտադրվել է որդու հեղինակած գյուտերի նախագծերը կյանքի կոչել: Նա գծագրել էր նաեւ իրենց ապագա տունը, այս մտադրությունը եւս արդեն մարմին է ստանում:
-Արամի բոլոր երազանքները մեկիկ-մեկիկ պիտի իրականանան հայրենիքում,- Կարինեի ամեն բառից վճռականություն է կաթում,- հիմա մեր երկիրն առավել թանկ ու հարազատ է դարձել, հողն ավելի է սրբացել մեր զավակների արյամբ… Որդեկորույս մայրերի եմ հանդիպում, որ զավակների անունը շշնջալով են արտաբերում, իրենց միշտ ասում եմ՝ երբ Անդրանիկ, Նժդեհ անունն եք տալիս, խրոխտ եք, չէ, արտասանում, նույն հպարտությամբ ու տոնայնությամբ էլ մեր որդիների անունը պիտի հնչեցնենք, գլուխներս բարձր պահենք, մեր հերոսների ծնողներ ենք…
***
Արամը երազում էր ծառայությունից հետո անհատական ցուցահանդես ունենալ։ Տարբեր ցուցահանդեսներում ցուցադրվեցին նրա նկարները: Հայաստանի Նկարիչների միությունում եւս ցուցահանդես էր կազմակերպվել, ներկայացված էին 44-օրյա պատերազմում զոհված արվեստագետների գործերը, ցուցահանդեսի խորագիրն էր՝ «Ես եմ, ես կա՛մ»…
Արամը կա, մեր մյուս հերոս տղերքը կան…
Նրանք իրենց ոգեղեն ներկայությամբ առաջնորդում են սահմանին կանգնած զինվորին եւ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են իրենց երկրի, իրենց հայրենիքի ճակատագրով…