Ավետիս Ավետիսյանը 44-օրյա արհավիրքի հենց երկրորդ օրը վերցրեց ուսապարկն ու գնաց ռազմաճակատ
Արվեստագետ Ավետիս Ավետիսյանն իր կարճ, բայց բեղմնավոր գիտական գործունեությունը նվիրեց հայկական եկեղեցիների, որմնանկարների ուսումնասիրությանը: Նա դեռ շատ ծրագրեր ուներ, բայց 44-օրյա արհավիրքի հենց երկրորդ օրը վերցրեց ուսապարկն ու գնաց ռազմաճակատ:
Վիմագրագետ Արսեն Հարությունյանն է պատմում. «44-օրյայի հենց երկրորդ օրը, առանց վարանելու, ուսապարկը վերցրեց ու հրաժեշտ տալով՝ գնաց կռիվ։ Շատ անելիք ուներ դեռ։ Մի քանի հոդված արդեն լույս էր տեսել, քանի որ ասպիրանտ էր, ուսումնասիրում էր հայկական եկեղեցիները, որմնանկարները, պատրաստվում էր գիտական թեզ պաշտպանել այդ թեմայով»։
Ընկերոջ զոհվելուց հետո Արսենն ի մի բերեց նրա գիտական ժառանգությունը, ուսումնասիրեց, խմբագրեց, և ահա ընթերցողի սեղանին է Ավետիս Ավետիսյանի գիտական հոդվածներն ամփոփող ժողովածուն։
Գիրքն Ավետիսի պաշտամունքն էր, և նրա աշխատասենյակը լի էր հարյուրավոր գրքերով։ Հիմա դրանց կավելանա նաև հենց իր` երիտասարդ գիտնական, արվեստաբան Ավետիս Ավետիսյանի հոդվածների գիրքը։ Նա իր դրույթներում հատուկ ուշադրություն է դարձնում նաև որմնանկարները պահպանելուն, կոնսերվացնելուն, քանի որ որմնանկարները ամենաշուտ փչացող, կորող մասն են մեր՝ առանց այն էլ քիչ զարդարված եկեղեցիների։
Այս գիրքը հարգանքի մեծ տուրք է վաղամեռիկ արվեստաբանի հիշատակին։