Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Ինչպես գրավվեցին Մոշխմհատ, Մադաթաշեն, Ակնաղբյուր և Ջրաղացներ գյուղերը

Հունիսի 21, 2023

Քարին Տակի անկումը (մաս 1մաս 2), Սղնախի անկումըԱվետարանոցի անկումը

2020 թվականի հոկտեմբերի 25-ից 28-ը ադրբեջանական ուժերը, շարունակելով առաջխաղացումը, Հադրութի ուղղությունից հասնում են Ասկերանի շրջանի Սղնախ գյուղ։ Այդ օրերին գրեթե առանց դիմադրության գրավում են Ասկերանի շրջանի փոքրաթիվ բնակչություն ունեցող Մոշխմհատ, Մադաթաշեն և համեմատաբար ավելի մեծ բնակչություն ունեցող Ակնաղբյուր և Ջրաղացներ գյուղերը։ Հայկական կողմի վարած ջոկատային մարտերից հետո ադրբեջանական ուժերը գրավում են նաև Ավետարանոց գյուղը (սրանք հայտնի են որպես Ավետարանոցի ձորակի գյուղեր)։

Նշված գյուղերի պաշտպանության գործում կանոնավոր բանակային ստորաբաժանումներ գործնականում չեն եղել, գյուղերի պաշտպանությունը ստանձնել են գյուղացիներից կազմված խմբերը։

Ավետարանոցի ձորակի գյուղերում հոկտեմբերի վերջին շաբաթը տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին «Հետք»-ը զրուցել է Ասկերանի շրջանի Ջրաղացներ համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովի, Ակնաղբյուր համայնքի ղեկավար Հայկ Ավանեսյանի, Մադաթաշեն համայնքի ղեկավար Էդիկ Հայրապետյանի և Մոշխմհատ համայնքի ղեկավար Մհեր Ոսկանյանի հետ։

Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրի տարածումից հետո Ավետարանոցի ձորակի գյուղերում մոբիլիզացիա է հայտարարվում։ Ասկերանի վարչակազմի և զինկոմիսարիատի հետ համաձայնեցնելով՝ Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մադաթաշեն և Մոշխմհատ համայնքների ղեկավարները զորահավաքի ենթակա տղամարդկանց հավաքագրում են։ Ակնաղբյուր գյուղից 22 հոգի, Ջրաղացներից 6 հոգի (ևս 6-ն էլ՝ պատրաստ հերթափոխի) և Մադաթաշենից 6 հոգի տեղափոխվում են Ասկերանի պաշտպանական շրջանի դիրքեր, Մոշխմհատից 1 հոգի՝ Մատաղիս, ևս 1-ը՝ Մխիթարաշեն գյուղին հարող տարածքի զինամթերքի պահեստներ։

Հադրութն ադրբեջանական ուժերի կողմից գրավվելուց (հոկտեմբերի 10) հետո Ասկերանի ձորակի գյուղերի քաղաքացիական բնակչությունը մաս-մաս տարհանվում է։ Գյուղացիներից ոմանք չեն լքում իրենց տները, հետագայում գերեվարվում են, սպանվում (նրանց կանդրադառնանք ստորև)։

Հոկտեմբերի 19-ին Ջրաղացներ գյուղ է գալիս ձորակի աշխարհազորի հրամանատար նշանակված, Ակնաղբյուր գյուղի բնակիչ Վրեժ Բաղդասարյանը։ Ջրաղացների գյուղապետ Արսեն Հայրապետովի խոսքով՝ Վրեժ Բաղդասարյանն իրեն ասել է, որ պետք է բնագիծ ստեղծվի, որպեսզի կանխվի հակառակորդի առաջխաղացումը։ Նախապես ծրագրված է եղել, որ Ասկերանի շրջանի 14 գյուղից կազմված աշխարհազորը 140 հոգուց պետք է բաղկացած լիներ։ Այդ գյուղերի ցանկում են եղել Մոշխմհատը, Մադաթաշենը, Ջրաղացները, Ակնաղբյուրը, Սղնախը, Վերին և Ներքին Սզնեքները, Սարուշենը, Խաչմաչը, Մխիթարաշենը, Շոշը և այլն։ Աշխարհազորը երկու 70 հոգանոց խմբերով պետք է հերթափոխ իրականացներ։ «Նշված էր 14 համայնք, դա քիչ չէր։ Էլ չեմ խոսում Ավետարանոց գյուղի աշխարհազորի մասին, որն ուներ շատ մեծ ռեսուրսներ»,- նշում է Ջրաղացների գյուղապետ Արսեն Հայրապետովը։ Աշխարհազորի շտաբը տեղակայվում է Ակնաղբյուր գյուղում։ Խորհրդակցությունները, աշխարհազորի սննդի, կացության հարցերը, ռազմամթերքի պահեստավորումն իրականացվում է Ակնաղբյուրում։ 

Մինչ բնագիծը կկազմվեր, Ջրաղացներ են վերադառնում ՄՈԲ-ով Ասկերանի դիրքեր գնացած տղաները, իսկ Ակնաղբյուրի ՄՈԲ-ով գնացածները հետագայում տեղափոխվում են Բերձոր։ Մադաթաշենի տղաներն էլ արդեն գյուղ վերադարձած են եղել։ Իսկ Մոշխմհատի ՄՈԲ-ի տղաներն այլ վայրերում մարտական առաջադրանքներ են կատարել:

Ձևավորված աշխարհազորը զինված էր հրաձգային զենքերով (հիմնականում՝ ինքնաձիգներ), զրահաբաճկոն և սաղավարտ ոչ բոլորն ունեին (եղածն էլ բերել էին ՄՈԲ-ով դիրքերից հետ գալուց՝ իրենց հետ)։ Ջրաղացների աշխարհազորին գիշերային դիտման 2 սարք էր ուղարկել ծնունդով Սղնախ գյուղից, գործարար Արման Հակոբջանյանը։ Ձորակի գյուղերում մի քանի օրով եղել են` 2 վաշտ Մատաղիսի գնդից, մեկական խումբ էլ՝ Արցախի ոստիկանության զորքերից և փրկարարներից։ Վարանդայի (Ֆիզուլիի) խոցված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի զորքն Ակնաղբյուրում գիշերում է, բայց չի միանում գյուղերի պաշտպանությանը, հեռանում է։

Հոկտեմբերի 20-ի դրությամբ աշխարհազորից կազմված զորախմբի բնագիծը սկսվում էր Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղին հարող տարածքից և Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղով ձգվում դեպի Ավետարանոց, Սղնախ գյուղեր։

Ջրաղացների գյուղացիները դիրքավորվում են Մոշխմհատից 500 մետր հարավ-արևելք, նրանցից աջ՝ Մոշխմհատից հարավ-արևմուտք, Մադաթաշենի ու Մոշխմհատի գյուղացիներն էին, ոստիկանության զորքերը Ասկերանի ոստիկանապետի գլխավորությամբ։ Նրանց շարունակությունը պետք է պահեին Ավետարանոցի, ավելի հեռվում՝ Սղնախի գյուղացիները։

Մադաթաշենից ձախ՝ դեպի Զարդանաշեն, տեղակայվել են Ակնաղբյուրի գյուղացիները, նրանց կողքին՝ սարուշենցիները։ Սարուշենի աշխարհազորի հետ եղել է այդ համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը, նրա հայրն ու այլ գյուղացիներ։

Նույն օրը ականանետերով հրետակոծվում են աշխարհազորի դիրքերը։ Հիմնականում Մոշխմհատի դիրքերն էին թիրախը։ Հակառակորդը ինքնաթիռ է կիրառում Մոշխմհատի դիրքերի և Մադաթաշեն գյուղի վրա։ Ռմբակոծությունից Մադաթաշենում քանդվում է եռահարկ մի շինություն, կոտրվում են հարակից շինությունների, տների ապակիները։ Բնագծի ողջ երկայնքով անօդաչու թռչող սարքեր են նկատվում։

Հոկտեմբերի 22-ին հակառակորդը, շրջանցելով Մոշխմհատի դիրքերը, առաջանում է դեպի Ավետանարոցին հարող անտառներ։

Հոկտեմբերի 23-ին, հաշվի առնելով հակառակորդի առաջխաղացումը դեպի Ավետարանոց, բնագիծն առանց հրամանի ձևափոխվում է։ Մոշխմհատից դեպի հարավ-արևելք գտնվող դիրքի՝ Ջրաղացների գյուղացիներից կազմված անձնակազմը տեղափոխվում է հետ՝ Մոշխմհատի և Մադաթաշենի միջանկյալ հատված։ «Էդ գիշերը, մի խումբ վարձկաններ արդեն Մոշխմահատ էին, մենք լույսեր էինք տեսնում, բայց չէինք կարում գտնել հակառակորդին»,- նշում է Մադաթաշենի գյուղապետ Էդիկ Հայրապետյանը։

Հոկտեմբերի 23-ին Մադաթաշենից ուղիղ գծով մոտ 1.3 կմ դեպի Մոշխմհատ դիրքավորվել էր 13 հոգանոց անձնակազմ, որի կազմում էր աշխարհազորի հրամանատար Վրեժ Բաղդասարյանի եղբայրը՝ Վարդան Բաղդասարյանը։ 

Փաստացի կարող ենք արձանագրել, որ հոկտեմբերի 23-ից Մոշխմհատ գյուղը ամբողջությամբ դուրս է եկել հայկական ուժերի վերահսկողությունից, քանի որ, ինչպես ասվեց, հակառակորդն արդեն շրջանցել էր Մոշխմհատը, ինչի պարագայում հայ աշխարհազորայինները նահանջել էին Մոշխմհատից Մադաթաշենի ուղղությամբ։ Այդուհանդերձ ադրբեջանական ուժերը Մոշխմհատ մտել են հոկտեմբերի 25-ին։

Հոկտեմբերի 24-ին, ըստ Ջրաղացների գյուղապետ Արսեն Հայրապետովի, հայկական տանկ է բերվում բնագիծ։ Տանկը Մադաթաշենն անցնում է և փորձում է բարձրանալ դեպի Մոշխմհատ։ Առաջին ոլորանը չանցած՝ տանկի անձնակազմը կորցնում է կառավարումը և ճանապարհից դուրս է գալիս՝ հայտնվելով ձորակում։ Անձնակազմը դուրս է գալիս և հետ շարժվում Մադաթաշենի դիրքի ուղղությամբ։ Ակնաղբյուրի գյուղապետ Հայկ Ավանեսյանն էլ այդ դրվագի մասին պատմում է․ «Հետո որ մեզ կապ են տալիս, ասում են՝ բա 3 հոգի սև ֆորմով գալիս են մեր ուղղությամբ։ Ասում եմ՝ հաստատ տանկիստներն են չէ՞, պարզվում է, որ՝ հա։ Տանկիստները եկել իրանց (Մադաթաշենի դիրքապահներին) անցել են, տանկը տենց ա եղել, դուրս են եկել»։ Որոշ ժամանակ անց քարշակ են մոտեցնում և տանկը հանում տանում են այդ տարածքից։

Հոկտեմբերի 25-ի դրությամբ հակառակորդը ռմբակոծում և արկակոծում է գյուղերը ու մտնում Մոշխմհատ, որտեղ հայկական կողմից ո՛չ քաղաքացիական, ո՛չ էլ զինված խմբեր չկային։ Դրան զուգահեռ հակառակորդը շարունակում է առաջխաղաոցւմը դեպի հյուսիս-արևմուտք՝ Ավետարանոց գյուղին հարող տարածքներ։ Աշխարհազորի տղաները գիշերները Մոշխմհատի անտառներում լույսեր են տեսնում, լսում են տեխնիկայի ձայներ։

Հոկտեմբերի 25-ին ադրբեջանական ուժերն արդեն Ավետարանոց գյուղի հարավային հատվածում գտնվող անտառներում հանդիպում են տեղի գյուղացիներին, փոխհրաձգություն է սկսվում։ Ավետարանոց գյուղի Ծկոռե տեղամասում՝ անտառապատ տարածքում, փոխհրաձգության ժամանակ զոհվում է ծնունդով Ակնաղբյուրից, բայց Ավետարանոցում բնակվող Մհեր Բաղդասարյանը։ Նրա մարմինը տարածքից դուրս է բերվում պատերազմից հետո՝ 2020 թ․-ի նոյեմբերի 21-ին։ 

Հոկտեմբերի 26-ին արդեն աշխարհազորի անձնակազմում խուճապային տրամադրություններ են եղել։ Ոստիկանության զորքերը մեզ անհայտ պատճառով բնագծում (Մոշխմհատից հարավ-արևմուտք) չեն եղել, փրկարարները՝ նույնպես։ Ըստ Ակնաղբյուր համայնքի ղեկավար Հայկ Ավանեսյանի, նրանք այլ տեղեր են գնացել։ Սարուշենի աշխարհազորն էլ համայնքի ղեկավարի հետ տեղափոխվել է Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհի՝ Սարուշենին հարող հատված, որպեսզի իրականացնեն Սարուշենի պաշտպանությունը։

Ակնաղբյուր գյուղում այդ օրը գտնվել է Վարանդայից տեղափոխված հակաօդային պաշտպանության 30-հոգանոց անձնակազմ (նրանց կառավարած ՀOՊ համակարգերը խոցված էին, Վարանդան էլ ադրբեջանցիների կողմից գրավվել էր)։ Ակնաղբյուրի գյուղապետ Հայկ Ավանեսյանը այդ անձնակազմին տեղավորել էր գյուղի մշակույթի տանը, սնունդով ապահովել։ Հոկտեմբերի 26-ին նրանց առաջարկել է միանալ գյուղի պաշտպանության տղաներին։ Զինվորներն արձագանքել են, որ պետք է իրենց ավագը հրամայի, որ մնան։ Նույն օրը Ակնաղբյուրում էր նաև Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ակնաղբյուրի գյուղապետը խնդրի մասին տեղեկացրել է Բալասանյանին, նա էլ ՀՕՊ-ի զորքի ավագին ասել է, որ պետք է միանան գյուղի պաշտպանական խմբին։ 

«Սկզբից ասում է՝ եղավ, հարց չկա։ Ես ու Բալասանյանը մինչև 2-րդ հարկից իջնում, հասնում ենք առաջին հարկ, իրանք «ԶԻԼ» բեռնատարները «խոդ տված» (շարժիչը միացրած) դուրս են գալիս։ Թե բա՝ գնում ենք Քարին Տակ, խնդիր ունենք»,- պատմում է Հայկ Ավանեսյանը։

Նույն օրը գիշերը բնագծում գտնվող Ջրաղացներ գյուղի գյուղացիներին հերթափոխով փոխարինում են Ակնաղբյուրի գյուղացիները։ Գրեթե այդ հերթափոխին զուգահեռ բնագիծը թողնում են Ավետարանոցի գյուղացիները (դիրքավորված էին Մադաթաշենից Ավետարանոց հատվածում)։ Այդ դրվագն այսպես է նկարագրում Ջրաղացների գյուղապետ Արսեն Հայրապետովը․

«Հոկտեմբերի 27-ին առավոտյան ժամը 7-ին քնած էի, գիշերն էի եկել, արթնացրին տղեքը, ասեցին՝ Արսեն հել, արդեն Ավետարանոցի վերևում բոյ էր գնում։ Այսինքն՝ մեզանից 2 կմ։ Ո՞նց, ասում են՝ հա Ավետարանոցի վերևնա։ Ասում եմ՝ հնարավոր չի, երեկ ենք դիրքերից եկել։ Ասում ա՝ չգիտեմ, հելի տես։ Հելնում եմ բլինդաժից, տեսնում եմ իրականում Չանախչու (Ավետարանոցի) առաջին դոշում, հենց շենի դեմը «պերեստրելկեք» ա գնում։ Կապվում եմ Ավետարանոց համայնքի ղեկավարի հետ՝ Սևակ Բաղդասարյանն էր։ Ասում եմ՝ Սևակ, բա էս ու՞ր եք, էս ինչ հաշիվա, ասումա՝ ինչա եղե՞լ, ասում եմ՝ դե սենց բանա։ Ասումա՝ բա չգիտեմ։ Ասում եմ՝ բա ո՞ւր եք, արա, որ չգիտեք, ասում ա՝ մենք արդեն Սղնախ ենք հասել, էն ենք Սղնախ ենք։ Բա երբվա՞նից եք հասել։ Բա՝ գիշերվա 4-ին։ Այսինքն, ես որ 2-ին եկել եմ, երկու ժամ հետո իրենք գնացել են՝ չանախչեցիները։ Չկար արդեն մեր թիկունքը․․․»։

Հոկտեմբերի 26-ի գիշերը ադրբեջանական ուժերը նկատվել են Ավետարանոց գյուղի հարակից տարածքներում։ Անօդաչու թռչող սարքով այդ կադրերը նկարահանվել են և փոխանցվել Արցախի պաշտպանության բանակին։

Հոկտեմբերի 27-ի առավոտյան բնագիծը երկրորդ անգամ է փոփոխվում։ Կարելի է ասել՝ բնագիծը կազմաքանդվում է ամբողջությամբ։ Ավետարանոցի հատվածում բացվածք է առաջանում, ադրբեջանական ուժերն էլ շարունակում են առաջխաղացումը և հասնում են գրեթե Սղնախ։ Ջրաղացներ գյուղի գյուղապետ Արսեն Հայրապետովը այսպես է նկարագրում բնագծի կազամքանդումն ու այդ օրվա տրամադրությունները․ «Հոկտեմբերի 27-ի նույն օրը Վրեժն (Բաղդասարյան, աշխարհազորի հրամանատարը) ասում է՝ Արսեն վիճակ չկա, ավտոյումս բենզին չկա, չեն տանում զապրավկա անեն, վախենում են։ Այդ կարգի վախ էր։ Չգիտեմ էլ ինչ անեմ։ Տղերքն էլ Մոշխմհատում (նկատի ունի Մոշխմհատ-Մադաթաշեն միջանկյալ տարածքը - հեղ․) բողոքում են, լսել են արդեն․․․ Դժվարն այն է, որ լսել են, որ Չանախչին էլ չկանգնեց ու վսյո, պանիկան ընկնում է»։ 

Հոկտեմբերի 27-ի երեկոյան Մադաթաշենի և Մոշխմհատի գյուղացիները նահանջում են իրենց բնագծից (Մոշխմհատից հարավ-արևմուտք) դեպի Ակնաղբյուր։ Այնտեղից էլ նահանջում են Խաչմաչ։ Ակնաղբյուրի գյուղացիներն էլ, որ փոխարինել էին Մադաթաշենի և Մոշխմհատի միջակայքում գտնվող Ջրաղացների գյուղացիներն, նահանջում են Ակնաղբյուր։ Հոկտեմբերի 27-ի գիշերը աշխարհազորի շտաբը դուրս է բերվում Ակնաղբյուրից։

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ջրաղացների գյուղապետ Արսեն Հայրապետովը աշխարհազորի հրամանատար Վրեժ Բաղդասարյանի մեքենայի համար բենզին է բերում Ստեփանակերտից։ Վերադառնալիս՝ Շոշ-Սարուշեն ճանապարհին՝ Ակնաղբյուրից մոտ 3 կմ հեռավորության վրա, հանդիպում է աշխարհազորի անձնակազմին։

«Մի հին ջրաղաց կար, հին։ Ուղղակի կվախենաս մտնես տակը էլի։ Բայց այդ պահին տեսել եմ, սաղ էն ժողովուրդը, որ մինչ այդ Ակնաղբյուրի դպրոցի նկուղում էր, սաղ տեղափոխվել էին ջրաղացի նկուղ։ Այսինքն՝ մոտ 3 կմ Ակնաղբյուրից դեպի Սարուշեն են եկել, հետ են նահանջել։ Ասում եմ՝ Վրեժ, ի՞նչ եք անում ստեղ, ասում է՝ կանգնել եմ տղեքի դեմը, ասում են՝ չենք կարում կանգնենք, վիճակ չկա, ո՛չ բրոնյա ունենք, ո՛չ կասկա ունենք, ո՞նց կանգնենք»։ Ի դեպ, մինչ Արսեն Հայրապետովը հոկտեմբերի 28-ին կվերադառնար, հոկտեմբերի 27-ի գիշերը Ստեփանակերտի ապաստարաններում տեսնում է աշխարհազորի տղաներից ոմանց, որոնք, ըստ Արսեն Հայրապետովի, լողանալու պատրվակով գնացել էին Ստեփանակերտ և այլևս չէին վերադարձել գյուղ։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական ոչ մեծաթիվ ուժերը մտնում են Ակնաղբյուր գյուղ, այրում դեպի Սարուշեն նայող տները։ Ակնաղբյուրի գյուղապետ Հայկ Վանեսյանը պատմում է․ «Իմ տան դիմաց ընկերներս էին կանգնած, սենց որ ծուխը տեսա, զանգի՝ ասի՝ էդ մե՞ր տունն ա վառվում, ասին դե չէ, չէին ուզում ասեն։ Հետո տեսա մեր Գեղամենց տուննա, հորքուրիս տունն ա, պապիկիս տունն ա, սաղ սենց, շարքով վառելով գալիս էին»։ Նույն օրը Ջրաղացների գյուղապետ Արսեն Հայրապետովը 2 հոգու հետ գնում է Ջրաղացներ և գյուղում մնացած զենքերը, զինամթերքը, բենզինով աշխատող գեներատորները (движок) դուրս բերում։ 

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական ուժերը հարձակվում են Սղնախի վրա և գյուղը կիսում են երկու մասին։ Հոկտեմբերի 29-ին արդեն Սղնախն ամբողջությամբ անցնում է ադրբեջանական ուժերի հսկողության տակ։ Հակառակորդը մի կողմից առաջանում էր դեպի Քարին Տակ, մյուս կողմից փոքրաթիվ խմբերով մտնում էր դատարկված գյուղեր։ Հոկտեմբերի 28-ին Մադաթաշենի 69-ամյա բնակիչ Գեննադի Պետրոսյանը տարհանված լինելով, ինքնակամ, վերադարձել է Մադաթաշեն, որը ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է եղել։ Հետագայում գերեվարվել, ապա դաժանորեն սպանվել է: Նրա մարմինը մինչ օրս չի փոխանցվել հայկական կողմին։ 

Հոկտեմբերի 29-ին Ակնաղբյուր-Ջրաղացների գյուղերի միջանկյալ հատվածում ադրբեջանական դիպուկահարի արձակած գնդակից զոհվում է Ակնաղբյուրի բնակիչ Մավրիկ Գրիգորյանը։
Հոկտեմբերի 29-ի դրությամբ ադրբեջանական ուժեն արդեն վերահսկում էին Մոշխմհատը, Մադաթաշենը, Ակնաղբյուրը, Ջրաղացները, Ավետարանոցը, Սղնախը։

Պաշտոնական լրահոսը Մոշխմհատի, Մադաթաշենի, Ակնաղբյուրի և Ջրաղացների անկման մասին հաղորդագրություն չի տարածել: Հոկտեմբերի 25-ին, երբ Մոշխմհատն անցել է ադրբեջանական ուժերի հսկողության տակ, պաշտոնական որևէ աղբյուր չի հայտնել այդ մասին: Ավելին, Մադաթաշենը և Ավետարանոցը հակառակորդի կողմից գրավված լինելու պայմաններում, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին  հայտարարել է, որ մարտեր են ընթանում Ավետարանոցում: Հոկտեմբերի 26-ին՝ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, Էլեկտրոնային եղանակով Արծրուն Հովհաննիսյանին հարց է տրվել, թե արդյոք հայկական կողմը տիրապետում է հակառակորդի զորաշարժին և ո՞ր ուղղություններով է։ Պատասխանը չուշացավ․ 

«Այո, տիրապետում ենք, գիտենք հակառակորդի մտահղացումները, ուղղությունները։ Ռազմական միտքը տեղում է, ռազմական ղեկավարությունը փայլուն տիրապետում է իրավիճակին»։ Իսկ հակառակորդի ուղղությունը Շուշին էր: 2 շաբաթ անց հայկական ուժերը փորձում էին պաշտպանել Շուշին, բայց հակառակորդին հաջողվեց գրավել բերդաքաղաքը:

Այս գյուղերի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ հատվածներն առաջիկայում կարող են թարմացվել։ Մարտերին մասնակցած անձինք կարող են կապ հաստատել «Հետք»-ի խմբագրության հետ։

Բացի աշխարհազորի կազմից, նույն ձորակի այլ գյուղացիներ տարբեր խմբերի կազմում մասնակցել են պատերազմին, որոնց մի մասը զոհվել է։ Մոշխմհատից Նարեկ Հովհաննիսյանը նոյեմբերի 7-ին զոհվել է Շուշի համար մղված մարտերում և հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման։ Ակնաղբյուրից Գևորգ Ավանեսյանը զոհվել է նոյեմբերի 4-ին Բերձորում՝ «Դժոխքի ձոր» կոչվող տեղանքում։ Ակնաղբյուրից Մաքսիմ Սարգսյանը զոհվել է Քաշաթաղի շրջանի Մեղվաձորի մարտական գործողությունների ժամանակ նոյեմբերի 4-ին։ Ջրաղացներից Քաջիկ Քարամյանը հոկտեմբերի 23-ին զոհվել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։

Կորսված գյուղերի պատմությունն ու հուշարձանները

Մոշխմհատ։ Գյուղի Մոշխմհատ անվանումը կապված է շրջակայքում եղած մոշուտների հետ։ Գյուղը հիմնելու համար հատվել են մոշուտները, գյուղը հիմնել են «մոշից հատված խամի» վրա, որը տեղի բարբառով դարձել է «մոշ-հատ-խամ» հետագայում՝ «Մոշխմհատ»։ Գյուղում և դրա շրջակայքում մինչ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմը պահպանված էին պատմական հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար),17-18-րդ դարերի գերեզման,19-րդ դարի ջրաղաց, աղբյուր, 12-13-րդ դարերի խաչքար, 17-18-րդ դարերի կամուրջ, գյուղին հարակից է նաև Ղևոնդյաց անապատը։ Ընդհանուր առմամբ գյուղում հաշվառված էր 26 հուշարձան։ Պատերազմից հետո դրանց ճակատագիրն անհայտ է։ 20-րդ դարի սկզբներին Մոշխմհատում բնակվում էր  50 ընտանիք։ Գյուղում գործում էր միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան և բուժկետ։ Գյուղի մասին հիշատակում է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը` գրելով, որ Վերին Թաղվարդի արևմտյան կողմում գտնվող Մոշխմհատն ունի բերրի հող, պատվական օդ, կլիմա ու ջուր: Գյուղի բնակիչները բնիկ են, իսկ քահանան գալիս է Ղևոնդյաց անապատից: Այն Ասկերանի, Հադրութի ու Շուշիի շրջանների բնակիչերի սրբատեղին է։

Մադաթաշենում ու հարակից տարածքներում ըստ Արցախի պատմական  հուշարձանների ցանկի, ընդգրկված է 6 պատմամշակութային հուշարձան։ Ըստ ավանդության ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի (Ռոստոմ Մադաթյան, ծնունդով՝ Ավետարանոցից) անասնագոմերը գտնվել են գյուղի տարածքում, ինչից էլ առաջացել է գյուղի անունը՝ Մադաթաշեն։Մադաթաշեն համայնքի սահմանով հոսում է Վարանդա գետի վտակը։

Գյուղում կար 19-րդ դարի եկեղեցի՝ Սբ. Աստվածածինը։ Հարակից գտնվում էր «Ըխտըլհազ» սրբատեղին, 13-րդ դարի «Ժայռախաչ» խաչքարը։ 

Ակնաղբյուրի կենտրոնում գտնվում էր Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների հիշատակի հուշակոթող, այն ոչնչացվել է գյուղի ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելուց հետո։ Արցախյան առաջին պատերազմում Ակնաղբյուրից զոհվել է 19 հոգի։ Գյուղում կար միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Ապահովված էր էլեկտրաէներգիայով,  ջրամատակարարմամբ, գազիֆիկացված էր։

Ակնաղբյուրում գտնվում է նաև 20-րդ դարի կամուրջ, «Ակնաղբյուր», «Գյունե», «Քառ», «Ճիրմիճրի» և «Փայտ» աղբյուրները։

Ջրաղացներ գյուղի տարածքում հաշվառված է 24 հուշարձան։ Դրանցից է 1882 թվականի Սբ. Աստվածածին եկեղեցին, Սբ. Վանես եկեղեցին, Բանունց եկեղեցին։ Համայնքում կար մշակույթի տուն, բուժկետ, Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի Ջրաղացների մասնաճյուղը։

hetq.am