Հեթանոս Գագո. անմահ մի անուն
Փետրվարի 13: Դիադինից գաղթած Ստեփանյանների ընտանիքում ծնվում է երկրորդ արու զավակը՝ Գագիկը: Նա լույսաշխարհ է գալիս այն օրը, երբ տոնվում էր վաղ հեթանոսական տոներից մեկը` տրնդեզը` զորանալու Վահագն աստծո ուժով եւ քաջությամբ: Հետագայում Գագիկի կյանքում մեծ դեր պիտի ունենար հեթանոսությունը իբրեւ արիության ճանապարհ, ու նա պիտի խորապես տարվեր նրանով:
…Մանկության տարիներից զբաղվում է բռնցքամարտով եւ ռինգ դուրս գալիս միայն հաղթելու: Ստանում է սպորտի վարպետի կոչում ու մեկնում խորհրդային բանակ: Ծառայությունից վերադառնալով` նա Հայաստանը տեսավ վտանգված եւ միացավ պայքարող տղաներին: Մասնակցեց ինքնապաշտպանական բազում մարտերի և «Թայֆուն» ջոկատի հետ ոտք դրեց Քարվաճառ: Օմարի լեռնաշղթայի վրա էր գտնվում 3-րդ պահակետը, որտեղ էլ Գագոն էր իր զինվորների հետ: 1994 թվականի մարտի 16-ին, օգտվելով մառախուղից, ազերիները լայնածավալ գործողության անցան, ու նրանց հաջողվեց գրավել մոտակա բարձունքները: Գագոն վիրավոր էր: Տղերքին հրամայեց նահանջել, իսկ ինքը գնդացրով ապահովեց նրանց անվտանգ նահանջը: Գագոն ժամանակ ուներ պահակետը թողնելու, բայց նրա հեթանոս հոգին ծննդյան օրից աննահանջ էր… Գագոն վիրավոր անընդհատ տեղից տեղ էր տեղափոխվում, պատրանք ստեղծում, թե պահակետը պաշտպանում է մի ամբողջ ջոկատ: Մեծ էր ազերիների զարմանքը, երբ վերջապես հասան երկու տեղից խոցված Գագոյին: Նրանց դիմաց միայնակ զինվոր էր պառկած: Ազերի հրամանատարը շրջեց Գագոին` ցանկանալով տեսնել քաջի դեմքը: Վերջին պահին Գագոն քաշեց նռնակի օղն ու ցիրուցան արեց զարմացած թուրքին…
Մի քանի օր հետո «Օխոտնիկ Միշայի» տղաները ազատագրեցին 3-րդ պահակետը ու գտան հերոսի մարմինը մի քարի վրա դրված: Թշնամին հարգել էր նրա քաջությունը և չէր պղծել դիակը:
Հեթանոս Գագոյի ավագ եղբայրը՝ Բագրատ Ստեփանյանը, հիշարժան մի դրվագ է պատմում, որը միշտ ոգեւորել է իրենց. «Եղբայրս անվախ էր: Ես հիշում եմ, թե ինչպես էր արժեւորում եւ պատմում այն մրցաշարը, որտեղ նա երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի Աբդուլաեւին. մինչեւ կիսաեզրափակիչ հասնելը ադրբեջանցին բոլոր մարտերը ավարտել էր նոկաուտով: Եղբայրս պատմում էր. «Բռնցքամարտիկ չէր, քոթուկ լակոտ էր, խուժան կռիվ անող էր, բայց կարողանում էր լավ հարվածել: Կարճ ժամանակում դարձել էր դահլիճի սիրելին: Երբ Աբդուլաեւը դահլիճ մտավ, կարծես ցնծության հրաբուխ ժայթքեց»: Նման վերաբերմունքից ադրբեջանցին այնքան էր ոգեւորվել, որ ռինգ մտավ ոչ թե պարանի տակից, այլ թռավ վրայով: Գագոն հասցրեց մինչ մենամարտի մեկնարկը Աբդուլաեւին ասել. «Դու պետք է բարձրացատկ պարապեիր, այլ ոչ թե բռնցքամարտ»: Երորրդ ռաունդում դահլիճի հրաբխային ժայթքումը վերածվել էր լռության. Աբդուլաեւն արյունլվա, արցունքն աչքերին, պարտված մնացել էր ռինգի կենտրոնում: Մեկ դրվագով, մեկ արարքով հնարավոր չէ հերոս դառնալ, դա մի ամբողջ կյանքի հանրագումար է»,-պատմությունը ավարտում է Բ. Ստեփանյանը: