Չենթարկվելով նահանջ հրամանին
Քաշաթաղցի Անմահ հերոսներից է Էրիկը, իսկական զինվորի կերպար, ով մարտիրոսվեց վիրավոր ընկերոջը փրկելու պահին։ Էրիկ Գաբրիելի Սայադյանը ծնվել է 1994թ․ մայիսի 10-ին։ Նոր էր դարձել 4 տարեկան, որ Գաբրիել և Ալինա Սայադյան ամուսինները 2 զավակների՝ Էիրկի և Քնարիկի հետ ՀՀ Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղից տեղափոխվեցին Արցախի Հանրապետության Քաշաթաղի վերաբնակեցվող շրջան։ Ազատամարտիկ հայրը լավ էր գիտակցում ազատագրված ու վերաբնակեցվող, վերահայացող Հայոց հողի գինը։ Նոր հիմնված Կովսական քաղաքում բացվող դպրոցը Հայոց ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով էր կոչվում․ մուտքի մոտ հերոսի քարակերտ կիսանդրին էր։ Էրիկն առաջին դասարան ընդունվեց հերոսի անվան դպրոցում, և յուրաքանչյուր օր դպրոց մուտք էր գործում Թաթուլի բարեժպիտ դեմքին նայելով։ Թաթուլի ոգին էր տիրում դպրոցում, դպրոցից դուրս, և պատահական չէ, որ շատ կովսականցի երիտասարդներ մասնակից եղան 2016-ի Ապրիլյան պատերազմին։ Դրանից առաջ՝ 2014-ի օգոստոսին, երբ լարված էր իրավիճակն Ացախի սահմանում, դարձյալ շատ քաշաթաղցիներ կամավոր առաջնագիծ մեկնեցին, այդ թվում նաև՝ կովսականցիներ։
2020թ․ սեպտեմբերյան պատերազմն այլ էր իր բնույթով․ մեծ կորուստներ ունեցանք՝ մարդկային և Հայրենիքի։ Թշնամուն մնաց նաև Կովսական քաղաքը, որի զավակներից Էրիկ Սայադյանը, Գուրգեն Միրզոյանը, Հովհաննես Խաչատրյանը, Հովհաննես Սողոմոնյանը հերոսաբար մարտիրոսվեցին ռազմի դաշտերում։ Մինչ օրս անհայտ է պայմանագրային զինծառայող Մոնթե Հայրապետյանի ճակատագիրը։ Թաթուլն իր ոգեղեն էությամբ շատ էր ազդել նույն տղաների և շատ կովսականցի երիտասարդների ու աղջիկների վրա, ովքեր նրա անվան դպրոցի, ազգագրական համույթի սաներ էին։ Էրիկը 11-12-րդ դասարաններում ուսումը շարունակել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
2 կրթօջախներում էլ Էրիկը լավ էր սովորում, ընկերասեր էր և սիրված ու հարգված էր թե ուսուցչական անձնակազմի, և թե դասընկերների կողմից։ Մշտապես ժպիտը դեմքին գեղեցկատես երիտասարդն աչքի էր ընկնում ամեն տեղ։ Եվ նրա հետ շփվողները կարճ ժամանակում ճանաչում էին լավ հայորդու։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՀՀ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ֆինանսներ բաժինը։ 2012-2014թթ ծառայել է Հայոց բանակում՝ Վարդենիսի զորամասում։ Պարտքը հայրենիքի հանդեպ կատարելու ընթացքում աչքի է ընկել կարգապահությամբ, բանակի դերը գիտակցելով, ընկերասիրությամբ, հայրենասիրությամբ, խիզախությամբ։ Այս ամենի համար արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, պատվոգրերի։ Ծնողների համար մեծ պատիվ էր, երբ շնորհակալագիր էին ստանում զորամասի հրամանատարության կողմից; 2014թ զորացրվելուց հետո շարունակում է ուսումը ՀՀ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ֆինանսներ մասնագիտության առկա, այնուհետև հեռակա բաժիններում։ Ծնողներին օգնել էր պետք, հայրենի Կովսականը՝ շենացնել։ Այս էր պատճառը, որ Էրիկն ուսումը շարունակեց հեռակա բաժնում և վերադարձավ Արցախի արաքսամերձ Կովսական, որը փռված է Ողջիի 2 ափերին։
Քույրը՝ Քնարիկը, միակ եղբոր մասին գրում է․ «Էրրկը ակտիվ երիտասարդ էր՝ սիրված, հարգված ընկերների և համաքաղաքացիների շրջապատոմ։ Սիրում էր օգնել բոլորին ցանկացած հարցում։ Ժպտերես էր կատակասեր, ազնիվ ու ըկերասեր։ Կարելի է անվերջ խոսել նրա մարդ տեսակի մասին։ Հերոսաբար զոհվեց հենարան եղբայրս»։ 2016թ․ պայմանագրային ծառայության է անցել ՀՀ սահմանապահ զորքերում՝ Քաշաթաղի տարածում։ Նույն թվականի ապրիլի սկզբին արդեն առաջնագծում էր՝ Ջրականում։ Սահմանապահ զորքերում շարունակեց ծառայությունը՝ զուգահեռ ուսանելով ՀՀ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում։ Քույրը հպարտությամբ է տեղեկացնում՝ եղբայրը և՛ կարգապահ ու օրինակելի զինվոր էր, և՛ ուսանող։ 2020-ին ավարտեց ուսումը՝ ստանալով ֆինանսներ մասնագիտության բակալավրի աստիճան։ Երազանքներ ու նպատակներ շատ ուներ երիտասարդ սահմանապահը։ Կյանքը դեռ առջևում էր։ Սակայն հազարավոր հայ երիտասրդների պես նա էլ ամեն ինչից վեր հայրենիքը համարեց ու 2020թ․ սեպտեմբերի 27-ին առաջիններից էր, որ հասավ սահման՝ Արաքսի հովիտ, որը շատ հեռու չէր հարազատ Կովսականից։ Զինվորական մասնագիտությամբ գնդացրորդ էր, սակայն լավ տիրապետում էր նաև «Իգլա» տիպի զենքին։
Ընկերները պատմում են․ «Մեկ մարտական ընկերներին էր օգնում առանց վախի, մեկ կազմակերպում նրանց սննդի և տեղափոխման հարցերը։ Հրամանատարի զոհվելուց հետո, որը տեղի է ունեցել իր աչքերի առաջ, առանց վարանելու վերցրել է ռացիան և շարունակել մարտը վարել․ պետք է ամեն գնով փակել թշնամու առաջխաղացումը․ դիմացը Կլովսականն էր։ Այդ օրերին հորդորել է ծնողներին՝ դուրս գալ Կովսականից, քանի որ թշնամին, չնայած մեր զինվորների դիմակայությանը, առաջ էր գալիս։ Սակայն, ծնողներն անտեսելով վտանգը, չլքեցին Կովսականը, որովհետև ընդամենը մի քանի կիլոմետր հեռու ընթացող թեժ մարտերում մասնակից էր նաև իրենց միակ որդին։ Հավատում էին՝ Էրիկն ու մարտական ընկերները կփակեն թուրքի ճանապարհը․․․ Պատերազմի 16-րդ օրը կապը ծնողների հետ կտրվում է, սակայն հոկտեմբերի 14-ժին վերջին անգամ զանգել է քրոջը՝ Քնարիկին, ասել՝ ամեն ինչ լավ է լինելու, փոքրիկ Սիլվիին(քրոջ դստերը), որին խենթի պես սիրում էր, լավ կպահես։ Այնուհետև զգուշացրել է՝ մի քանի օր չի զանգելու, թող չանհանգստանան։ Այդ օրերին մերձարաքսյան հովտի Արաքսավան գյուղի համար թեժ մարտեր էին ընթացել։ Այստեղ էր նաև հերոսանում Էրիկը՝ զինակից ընկերների հետ։ Դարձյալ մարտական ընկերներն են ասել․ «Չենթարկվելով «Նահանջ» հրամանին՝ գնում է փրկելու իր զինակից ըկերներին։ Թշնամու կրակի տակից դուրս է բերում վիրավորներին և զոհվածներին։ Վերջին վիրավորին, ով նրա հրամանատարն էր, դուրս բերելու ընթացքում թշնամին թիրախի տակ է վերցնում նրանց, և ականանետի պայթյունից մահացու վիրավորում են և՛ Էրրիկը, և’ նրա հրամանատարը։ Հուղարկավորվել է ծննդավայրի գերեզմանոցում։