Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Պատերազմի դրվագներ։ Դավիթ Հարությունյան

Հուլիսի 23, 2023

«Մամա՛, նայի՛ր ես արդեն զինվոր եմ, արդեն կարող են պաշտպանել քեզ ու հայրենիքս» ,- այս խոսքերով Դավիթ Հարությունյանը մեկնեց զինված ուժերում ծառայելու եւ պապենական հողը կյանքի գնով պաշտպանելու։

«Գրեթե ամեն զանգի ժամանակ ասում էր՝ շատ մի՛ մտածիր, մի քիչ էլ համբերի՛ր, ես անպայման ետ կգամ ու քեզ ամեն ինչով կօգնեմ»,- պատմում է Դավիթի մայրը՝ Իրինա Գրիգորյանը։

Ցավոք, հոգատար որդու խոստումները մնացին անկատար․ անօդաչու թռչող սարքը երիտասարդ զինվորից խլեց կյանքն ու երազանքները, իսկ Իրինայից՝ միակ զավակին եւ հույսերը։

Նա ծնվել էր 2001-ին, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ Դեռ երկու տարեկան չկար, երբ ծնողները ամուսնալուծվեցին, մայրն էլ սկսեց օր ու գիշեր աշխատել՝ որդուն ամեն ինչով ապահովելու համար։

Անսահման բարի, մարդասեր, պարզ ու անկեղծ․ ահա այսպես է Իրինան նկարագրում Դավիթին։ Նա եռանդուն էր, սիրահարված կյանքին։ Պատանին սիրում էր ընթերցել, հետաքրքիր մտքերն էլ դուրս գրել գրքերից։

Հնարավորություն ուներ չծառայելու, քանի որ միայնակ մոր միակ որդին էր, բայց որոշեց գնալ։ «Բոլորս էլ այս հողի որդիներն ենք, բոլորս պարք ունենք հանձնելու՝ ասում էր տղաս, նա նույնիսկ դիմում գրեց զինկոմիսարիատում, ինձ էլ ստիպեց, որ ստորագրեմ, համաձայնությունս տամ, որ վեց ամիս էլ շուտ գնար բանակ»,- ասում է Իրինան։

«Երդմնակալության օրը ժպիտը դեմքից չէր հեռանում, հպարտությամբ ցույց էր տալիս զինվորական համազգեստը։ Ես էլ մտածում էի՝ խաղաղ ժամանակներ են․ երկու տարիներն արագ կանցնեն, որդիս էլ կվերադառնա մոտս»,- արցունքները զսպելով՝ վերհիշում էր Իրինան։

Բայց ինչպես Դավիթը, այնպես էլ հազարավոր զինվորներ չվերադարձան․ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը բյուր կյանքեր եւ երազանքներ խլեց։

«Սեպտեմբերի 27-ին կրակոցներից արթնացա, վախեցած էի, առաջին միտքս տղաս էր՝ տեսնես լա՞վ է։ Միանգամից զանգահարեցի, ասաց՝ ամբողջ տեխնիկան հանում են․ պատերազմ է սկսվել։ Չգիտեի՝ երեխաս որտե՞ղ էր, միայն ասում էր, թե ինձ շատ մոտ է»։

Բայց թե ո՞ր դիրքերում էին, մինչեւ որդու մահվան գույժը ստանալը մայրն այդպես էլ չիմացավ։ Միայն հետո պարզ դարձավ, որ Դավիթը Մատաղիսի մարտերին է մասնակցել։

Պատերազմի օրերին, երբ կարողանում էր կապ հաստատել, հուսադրում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, որ մայրը չանհանգստանա՝ ինքը ետ է գալու հաղթանակած։ Նաեւ հաճախ հարցնում էր մարտադաշտում վիրավորված եւ հիվանդանոցներում բուժում ստացող ընկերներից, համոզվելու համար, որ նրանք ողջ ու առողջ են։

Հոկտեմբերի 23-ին մորը նկարներ էր ուղարկել․ ինքն էր՝ ընկերների հետ էր, զենքը ձեռքին եւ հետեւակի մարտական մեքենայի (БМП) համազգեստով։

«Ավա՜ղ, հենց այդ օրն էլ ստացա ամենավատ լուրը, որ մայրը կարող էր ստանալ․ որդիս զոհվել էր»,- հեկեկալով ասում է Իրինան։

Պատերազմի ընթացքում նա միշտ խորհուրդ էր տալիս, որ տղան աչալուրջ եւ շրջահայաց լինի։ Դավիթն էլ իր հերթին պատասխանում էր՝ այս պատերազմում զգուշանալը բարդ է, պայքարը օդային է․ չգիտես՝ ե՞րբ եւ որտեղից վտանգը վրա կհասնի։

«Նա հերոս է, նույնիսկ մեկ օրով չէր համաձայնվել դիրքը թողնել։ Դավիթս ասում էր․ «Ինչպե՞ս կարող եմ պատերազմից թաքնվել, բա իմ հողը ո՞վ է պաշտպանելու, իմ տունը, քեզ»»-, սրտի անասելի ցավով, բայց նաեւ հպարտությամբ մեր զրույցն ամփոփում է Իրինա Գրիգորյանը։