Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Պատերազմի ձայնը 9-րդ կիլոմետրից. Գևորգ Խաչատրյանի մասին պատմող գիրքն ընթերցողի սեղանին է

Հոկտեմբերի 14, 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էրեբունի համայնքում եմ, փնտրում եմ Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը: Ճանապարհը հուշում է անցորդներից մեկը, բայց նաև երաժշտության ձայնը: Դպրոցի դահլիճը մարդաշատ է: Բեմի ներքևի հատվածում՝ երկու կողմերում Գևորգի մեծադիր նկարներն են: Հայացքով տիկին Լիլիթին են գտնում, հարազատի ջերմությամբ ողջագուրվում և դահլիճում ազատ աթոռներից մեկը զբաղեցնում: Որքան ուժ պետք է ունենա մայրը, որ կարողանա որդու զոհվելուց հետո ի մի բերել մտքերը ու գիրք գրել: Տիկին Լիլիթը գտել է այդ ուժը, վստահ եմ, որ Գևորգն է փոխանցել: Գևորգի մասին գիրքը ձեզ կպատմի նրա կարճ, բայց լեցուն կյանքի մասին, թե ինչպիսի կրթություն է ստացել, ինչպիսի երազանքներ է ունեցել, ինչպիսին են Գևորգի մասին ընկերների և ընտանիքի անդամների հուշերը:

Մայրիկն ինձ պատմել էր, որ պատերազմի օրերին որդու հետ զրույցներից հետո գրի էր առել, թե ինչի մասին են այդ օրը խոսել: Այդ գրառումները ևս տեղ են գտել գրքում: Ծնողների ու եղբոր՝ ներսում տեղի ունեցող փոթորկի մասին պատկերացում կազմել անգամ չենք կարող, բայց իմ առջև անսահման ուժեղ մարդիկ էին կանգնած, եղբայրը՝ Արթուրը, որն այնքան զսպվածությամբ և ամրությամբ բեմ բարձրացավ և Գևորգի մեդալը ստացավ: Տղաների եղբայրներն ու քույրերը նրանց զոհվելուց հետո շատ շուտ հասունացան, բայց երբ կարդում կամ լսում ես նրանց մտքերը, հասկանում ես, որ այդ ուժին զուգահեռ այնքան փխրուն են մնացել: Գրքում զետեղված Արթուրի խոսքն օրեր շարունակ ինձ հանգիստ չի տալիս՝ «Իմ լավ ապեր, Գև ջան, կարոտում եմ քեզ: Ուզում եմ, որ էլի վիճենք ու էլի փաթաթվեմ քեզ ու ֆիլմ դիտեմ»: Ու այս կարոտից մնացած դատարկությունը որևէ մեկն ու ոչինչ չի լրացնելու:

Միջոցառմանը ներկա էին 44-օրյա պատերազմում անմահացած տղաների մայրերը, Գևորգի ընտանիքի անդամները, նրա ընկերները։ Երբ դեռ օրեր առաջ ինքս «Փաստում» հրապարակում պատրաստեցի Գևորգի մասին, տիկին Լիլիթն ասաց՝ «այնքան լավ ընկերներ ունի Գևորգը, որոնք հիմա էլ ամեն պահի մեր ընտանիքի կողքին են»: Այլ բան է այդ մասին լսելն ու գրելը, այլ բան՝ սեփական աչքով տեսնելը: Տղաները տեղավորվել էին առաջին շարքում, ողջ ընթացքում նկատելի էր նրանց ժպիտը, երբ մեծ էկրանին հին տեսանյութեր ու լուսանկարներ էին հայտնվում, որտեղ բոլորը երջանիկ էին, անհոգ, արցունքներ, երբ մայրիկի հեղինակած՝ «Պատերազմի ձայնը 9-րդ կիլոմետրից» գրքից հատվածներ էին ընթերցում:

Երբեմն ինչ-որ մեկը չէր «դիմանում» և դահլիճից դուրս էր գալիս, բայց հեռու չէր գնում: Այդ օրն էլ մինչև վերջին պահը բոլորը Գևորգի ընտանիքի կողքին էին: Տղաներին նվիրված ցանկացած միջոցառում հույզերի բույլ է՝ արցունքներ, ժպիտ, ափսոսանք, ցավ, բայց այդ օրը ցավը գագաթնակետին էր հասել: Արցախի կորուստը կրկնապատկել էր բոլորի ցավը, բայց հատկապես ծնողներինը: Շատերի շշուկներն էին լսելի՝ իմ տղան մնաց Արցախում, երազանք ունեի երեխայիս պահած հողը համբուրելու, ինչի այսպես ստացվեց, հայրենիք կորցրեցինք: Անպատասխան հարցերն ավելի շատ էին, գուցե մի օր պատասխաններ հնչեն: Իսկ այսօր մնում է ապրելը, ինքներս մեզ մանր փշուրներից հավաքելը, մեր արժանապատվությունը վերագտնելն ու Գևորգի ու հազարավոր տղաների անձնազոհությանն արժանի լինելը:

past.am