Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, որ նա ողջ է, բայց․․․

Հոկտեմբերի 14, 2023

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի մասին լսելիս Պարույր Հարությունյանն առաջիններից էր, ով չսպասեց ծանուցման, որպես կամավոր շտապեց սահման։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պարույրի քույրը՝ Տաթև Հարությունյանը, պատմեց, որ եղբորից վերջին զանգը ստացել են հոկտեմբերի 14-ին․ «Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, քանի որ ինքն անընդհատ երազներով, նշաններով գալիս ու ցույց էր տալիս, որ ողջ է, գալու է ու անակնկալ է անելու։ Սակայն, այդքան ժամանակ լուր չունենալուց հետո ամբողջ հույսն ու հավատը մարեց, երբ ԴՆԹ-ն ուշ, բայց հաստատեց, որ մեր կամավոր տղան այլևս բռնել է անմահության ուղին։ Պարույրը հետ չեկավ, փոխարենը եկավ իր մարտական ոգին, նա գիտակցված հետ չեկավ, որովհետև գիտեր, որ կողքին ընկած 18 տարեկանների կյանքի գնով ուղղակի չի կարող ապրել։ Ինքը բոլորիս ՀԵՐՈՍ-ն է ու հիմա մեզ հետ ավելի շատ է ապրում, քան մեր կողքին ֆիզիկապես գտնվող շատ մարդիկ։ Երբ խոսում էինք հետը, ասում էր` լավ եմ, ընտիր ենք, վաֆլի ենք ուտում, ամեն ինչ կարգին է։ Ասում էի` արևս կարող է մենք էլ գանք էդտեղ, որ այդքան լավ է»,- պատմեց քույրը։

Պարույրը 29 տարեկան կդառնար հուլիսի 11-ին, բայց․․․ թեև գրեթե մեկ ամիս է՝ հաստատվել է նրա մահվան հանգամանքը, սակայն նա զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին Հադրութում։ Մանկուց ապրել է ազգային հերոսներով, և պատահական չէ, որ ավարտել է Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է Բումբումիկ ընկերությունում։ «Միշտ սիրում էր այնպիսի աշխատանք, որը կուրախացներ երեխաներին։ Վերջին անգամ հայրիկիս հետ զրուցելիս հետաքրքրվել է՝ գոնե Բումբումիկը ուրախացնում է Արցախից եկած երեխեքին։ Ասում էր՝ կարևորը երեխեքը ժպտան։ Բակի երեխաների համար էլ հաճախ միջոցառումներ էր կազմակերպում, ուրախացնում»,- ասաց հերոսի քույրը։ 

Քույրը պատմում է, թե որքան ուրախ մարդ էր եղբայրը, ժպիտը միշտ դեմքին․ «Պատերազմի դաշտում արված բոլոր լուսանկարներում միշտ երջանիկ ժպիտով էր, ուրախ։ Պատերազմի դաշտում եղել է և՛ բժիշկ, օգնել է վիրավորներին, և՛ քահանա, քահանայի հետ հավասար աղոթք է բարձրացրել առ Աստված, և՛ խոհարար, կողքի գյուղերից շատ բանջարեղեններ է հավաքել սկզբնական օրերին ու ճաշ պատրաստել զինակից ընկերների համար»,- նշեց նա։

Տաթևի խոսքով՝ Պարույրը կանխազգացել է, որ այս պատերազմը նախորդների նման չէ, ինչի մասին հայտնել է զինակից ընկերներին․ «Ընկերը պատմում է, որ պատերազմ գնալու ճանապարհին սնիկերս է տվել ու ասել՝ «երկար է տևելու պատերազմը, սոված չես դիմանա, էս ապրիլյանը չէ, շատերս էլ հետ չենք գալու»։ Ընկերն ասաց, որ պատերազմ գնալիս ճանապարհին երկար զրուցել են և մի նպատակ դրել, որ ամեն գնով դիմադրելուն են, որովհետև առաջին ակնթարթից էլ պարզ էր, որ մեր վիճակը վատ է, բայց երբեք չեն մտածել կյանքները խնայելու, փախնելու մասին։ Վերջում էլ ցույց է տվել իր մարտական մեծ ուժը` կյանքը տալով հանուն հայրենիքի։ Այսօր կա հայ ազգս ու ապրում է եղբորս պես անվախ, ամենախենթ հայրենասեր ՏՂԵՐՔԻ հաշվին։ Նրանց, ում թողել է եղբայրս իր հայրենիքը, կոչ եմ անում ապրել ընկած տղերքին արժանի կյանքով»,- հավելեց Տաթևը։

lurer.com