Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Հիշենք ու հիշատակենք…

Հոկտեմբերի 27, 2023

-Օգոստոսի 8-ը նրա ծննդյան օրն է,- ակնածանքով լի հայացքն ուղղելով պատին փակցված փառահեղ դիմանկարին՝ ասում է կինը՝ Գրետան, ապա, մի փոքր շունչ առնելով, հավելում։ -Թե ողջ լիներ՝ կդառնար 60 տարեկան…

Լռում է մի պահ, հետո վերստին հոգու խորքում զսպած հառաչով, կարոտած պատմում տասնյակ դեպքեր, անցքեր ու եղելություններ սիրելի ամուսնու կյանքի եւ անցած մարտական ուղու մասին։ Ու այնքա՜ն մանրամասն, հանգամանորեն, որ թվում է, թե ինքը մասնակիցն է եղել բոլոր իրադարձությունների։

Առավել զարմանալին այն է, որ հիշում է այս կամ այն ռազմագործողության օրը, ժամը, տեղը, մասնակիցների թիվը, նաեւ՝ շատերի անունները։

-Մի՛ զարմացեք,- ասում է,- նա ինձնից ոչինչ չէր թաքցնում, ու ես գիտեի, թե Երեւանից ժամանող ուղղաթիռը որտեղ պիտի վայրէջք կատարի, ինչ զենք ու զինամթերք պիտի բերի, ով պիտի դիմավորի եւ այլն։ Ես օգնում, օժանդակում էի նրան, ու նա ինձ վստահում, շատ անգամ էլ՝ «սովորեցնում էր», թե կոնկրետ այս կամ այն պարագայում ինչպես պիտի վարվեմ։

Երբեմն, օրինակ, մի հարեւանուհու, մի որեւէ կնոջ հետ գնում էի ուղղաթիռի վայրէջքի վայրը (Թաղերից մի քիչ ներքեւ էր գտնում) ու միամիտ, անտարբեր հայացք ընդունելով՝ նայում, հաշվում էի բերված զենք-զինամթերքի արկղերի քանակը, ներքուստ հպարտանում, հիանում «մեր տղաների» հնարամտությամբ, ճարպկությամբ ու անվախությամբ։ Այնպես որ՝ նա ինձ համարում էր իր օգնական-զինակիցներից մեկը։

Պատմում ու, ասես, համոզում է ինձ, որ հավատամ իրեն։ Իսկ ես ոչ միայն հավատում, այլեւ նրա պատմածին նոր մանրամասներ եմ հավելում, նոր բացահայտումներ անում, քանզի Վիգենն ինձ համար «Վիգեն էր» տակավին յոթանասունականների վերջերից, երբ շրջանում պարտաճանաչ ուսուցչի, ապա Մոխրենեսում խստապահանջ տնօրենի համբավ էր վայելում։ Այո՛, ես նրան գիտեմ հինգ մատիս պես։

Մահից հետո էլ նրա նվիրվածության, ռազմական գործի կատարյալ իմացության մասին այնքան պատմություններ, հիացմունքի խոսքեր եմ լսել, որ նա «եկել» ու իր ամբողջ վսեմ հասակով կանգնել է հայացքիս առաջ՝ իբրեւ քաջարի մարտիկ ու փառապանծ հրամանատար, իբրեւ մեր Շարժման իսկական նվիրյալ, խելացի կազմակերպիչ ու ղեկավար։

Ես այսպիսին եմ ճանաչել տողեցի Վիգենին՝ ազդու ու ոգեւորող, սիրելի…

…Հիմա նրա անունը մի առանձին հպարտությամբ են արտասանում նաեւ Սփյուռքում՝ Հալեպում, Բեյրութում, Կանադայում եւ այլուր։ Բացեք, խնդրեմ, Կանադայում լույս տեսած գունազարդ օրացույցը ու կտեսնեք Վիգենի ժպտադեմ լուսանկարը՝ ծննդավայրի ֆոնի վրա։

Ասել է թե՝ քաջ ու երեւելի հայորդու մասին գիտեն Արցախի, Հայաստանի սահմաններից դուրս։ Գիտեն իբրեւ մեր լեռնաշխարհի խիզախ պաշտպանի, իբրեւ ճշմարիտ հայրենասերի, մեծ հեղինակության տեր մի մարդու, որը Արթուր Մկրտչյանի, Ավոյի, Շահեն Մեղրյանի հետ ծունկ ծնկի նստել ու մեր միասնական պայքարի շուրջ հարցեր է քննարկել, կարծիք հայտնել, խորհուրդ հարցրել…

Հիշենք ու հիշատակենք…

1991-ի հոկտեմբերի 16-ի գիշերը ադրբեջանցիներն ու խորհրդային բանակի զինվորները Տողում մտան Միսաք Դանիելյանի տունը եւ սպանեցին ընտանիքի բոլոր հինգ անդամներին։

«Արցախ» կոմիտեում (այդ օրերին գործուղված էր Երեւան), լսելով ադրբեջանցիների կատարած սահմռկեցուցիչ արարքի մասին, Վիգենը շտապ հանդիպել եւ դեպքի մասին տեղեկացրել էր Վազգեն Սարգսյանին, զրույցի ժամանակ ներկայացնելով նաեւ Տողի ազատագրման ու, իբրեւ հենակետ, ամրապնդելու ռազմավարական նշանակությունը՝ Լաչինի միջանցքը հետագայում ամուր պահելու նկատառումով։

Ապագա սպարապետը անմիջապես արձագանքել էր նրա խնդրանքին ու, ելնելով գործի հրատապությունից, անհրաժեշտ զինամթերքը հասցրել Էրեբունի օդանավակայան եւ, ուղղաթիռ բարձելուց հետո հաջողություն մաղթելով, ասել էր. «Սպասում եմ ուրախ լուրերի»։

Վիգենի ջոկատը հենց նույն գիշեր պատասխան հարված հասցրեց՝ վառելով ոճրագործության մասնակիցների տները։ Այստեղ էին Բեկոր Աշոտի, Էմիլ Աբրահամյանի (Հադրութ), Վլադիմիր Բալայանի տղաները։

Շտաբը գործում էր գաղտնի։ Սկզբում՝ անտառում, հետո՝ գյուղի ամենավերջին տանը, որի տերը եւ տիրուհին երիտասարդ ամուսիններ Ստեփանն ու Կարինեն էին։ Ջահել ընտանիքը ընդունել, տեղ էր տվել զինվորներին ու հոգացել նրանց բոլորի կարիքները… Որոշված էր վճռական մարտը սկսել հոկտեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, ժամը 5-ին։

Հարձակման օրը անջատել էին գյուղի բոլոր հեռախոսները, բոլոր կետերում հերթապահներ էին կարգվել, որոնք հետեւում էին օմօնականների ամեն մի քայլին։ Վիգենը ջոկատայիններին փամփուշտ ու նռնակ էր բաժանում, հրահանգներ էր տալիս, գոտեպնդում, որոնց շարքերում կային նաեւ անչափահասներ։ Ժամը 5-ն անց 15-ին սկսվեց մարտը։ Ամենուր կրակ էր ու որոտ։ Գյուղում կենտրոնացել էին հարյուր օմօնական եւ հարյուր հիսուն ռուս զինվոր։ Հրամայված էր կռվել մինչեւ վերջ…

Կրակի տակ առնելով ամբողջ գյուղը՝ ադրբեջանական հրոսակները շուտով խուճապի մատնվեցին անսպասելի հուժկու գրոհից ու սկսեցին աղմուկ-աղաղակով, «ամա՜ն, ալլահ» կանչելով լքել գյուղը՝ փախչելով դեպի Ֆիզուլի։ Քսան րոպե անց՝ ռուսներն իրենց զրահամեքենաներից կրակ բացեցին մեր հրամանատարական կետի վրա, որտեղից կապի միջոցով զգուշացվեց՝ եթե կրակը չդադարեցնեք, կջարդենք թե՛ ձեզ եւ թե՛ ձեր բաշիբոզուկներին։ Այս «հայտարարությունից» հետո ռուսները չեզոք դիրք բռնեցին, եւ երեք ժամ տեւած կռվից հետո Տողն ազատագրվեց։ Սրան հաջորդեց Հողերը (92թ. մարտի 30), որտեղ Վիգենի խմբին օգնում էր Մանվել Գրիգորյանի ջոկատը։ Հետո հերթը հասավ Ղազարին։ Ու այստեղ է, որ խիզախ լեռնեցին հանդիպում է լեգենդար Ավոյին։ Հետո… Հետո թեժ մարտեր Լաչինում եւ այլուր։

Վստահորեն կարելի է ասել, որ Վիգենը ամենուր իրեն դրսեւորել է իբրեւ խիզախ մարտիկ եւ հրամանատար՝ դժվար պահերին ճիշտ կողմնորոշվող, զինվորի մասին մտածող, հոգատար ընկեր, մարդ։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ այսօր, երբ նրա մահից բավական ժամանակ է անցել, ե՛ւ հանրահայտ Կոմանդոսը, ե՛ւ Կանադայում ապրող տաղանդաշատ լուսանկարիչ Հրայր Խաչերյանը («Բազե»), որ առաջին անգամ Տող ոտք է դրել 92-ի օգոստոսին, ե՛ւ բժիշկ-դեղագործ Ջաֆֆի Շամլյանը, ե՛ւ փոխգնդապետ Ակոն (Կապան), ե՛ւ Հայկ Բաղդասարյանը (Թալինի շրջան, գյուղ Կաքավաձոր) ու էլի շատ ուրիշներ մշտապես ջերմ կապ են պահպանում Գրիգորյանների ընտանիքի հետ։

-Մի քանի տարի առաջ (2006-ի ամռանը) մեզ հյուր էր եկել Բազեն, այս գեղեցիկ ալբոմում տեղ գտած լուսանկարների հեղինակը,- ասում է տիկին Գրետան։

Ասում ու ցույց է տալիս տասնյակ ուշագրավ ֆոտոները, որոնք այնքան կենդանի են, վառ ու գունեղ, որ թվում է` ուր որ է լեզու պիտի առնեն ու պատմություններ անեն։

Համընդհանուր այս ճանաչումը եւս վկայում է, որ, իսկապես, մեծ ու անգնահատելի է Վիգենի (հայտնի էր նաեւ «Վրեժ» ծածկանունով) ծառայությունը Արցախի անկախության, մասնավորապես՝ Տողի ենթաշրջանի ամեն մի բնակավայրի, ամեն մի թիզ հողի պաշտպանության ու պահպանության գործում։

Կրկին հիշենք ու հիշատակենք…

…1987-ից սկսած Վիգենը Մարտունիում գաղտնի հանդիպումներ էր ունենում տեղի ընդհատակյա գործիչների հետ՝ համարձակորեն հայտնելով իր տեսակետը Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Մի բան, որ, մեղմ ասած, ամենեւին էլ դյուրին գործ չէր։

-Մի քանի անգամ ինքը՝ Նիյազ Ջիհանգիրովը, որ այն ժամանակ մեր դպրոցի տնօրենն էր,- վերհիշում է կինը՝ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Գրետան,- ինձ կանչել ու բավականին խիստ տոնով սպառնացել է. «Ամուսնուդ ասա, թող լավ մտածի… Մենք ամեն ինչ տեսնում ենք… Իմացի՛ր, եթե այդպես շարունակի, վերջը վատ է լինելու…»։

Տնօրեն կոչվածը լավ գիտեր, որ այն ժամանակ Վիգենը գյուղում համախոհներ քիչ ուներ։ Պատճա՞ռը… Մարդիկ վախենում, համոզված չէին, որ միակ ճիշտ ճանապարհը վերամիավորումն է մայր Հայաստանի հետ։ 88-ի փետրվարի 12-ին հայտնի ցույցից հետո նույնիսկ շատերը էլի տատամսում էին, չէին ուզում իրենց կամքը ազատորեն հայտնել ի լուր աշխարհի։ Այդ օրերին ուսուցչական մեծ կոլեկտիվի անդամներից միայն 5-6 հոգի էր իր ստորագրությունը դրել Վիգենի մեկնած «թղթի» տակ։ Կարծում եմ՝ դժվար չէ հասկանալ, թե ինչպիսի սիրտ ու հոգի պետք է ունենալ՝ համբերելու, համոզելու, երբեք չվարանելու եւ սպասելու… իր այնքան փայփայած հայտնության ժամին։

***
Ցավոք, նա չտեսավ իր երազած, այնքա՜ն բաղձալի հաղթանակը։ Զոհվեց 93-ի ապրիլի 5-ին, արկի պայթյունից։ Զոհվեց 42 տարեկան հասակում։ Քաջի աճյունը ամփոփված է հայրենի գյուղում, Մեծ հայրենականում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանի կողքին։ Գրանիտե հուշաքարին փորագրված են այս ժլատ տողերը. «Գրիգորյան Վիգեն Սամվելի. 1951-1993թթ.»։ Ուրիշ ոչինչ։ Ոչ մի ավելորդ բառ։
***
Շուրջ 20 տարի է անցել նրա մահից։ Տարիների ընթացքում շատ բան փոխվել, շատ բան էլ մոռացվել է, բայց անձնուրաց մարտիկի, բանիմաց հրամանատարի նկատմամբ եղած սերը, կարոտը չեն խամրել։ Նրա գերեզմանին միշտ թարմ ծաղիկներ են, որ բերում են հարազատները (տղաները՝ երկվորյակ եղբայրներ Վարդանը եւ Արշակը, ավարտել են Գորիսի «Սյունիք» համալսարանի իրավաբանական բաժինը, աղջիկը՝ Ալենուշը, սովորում է ասպիրանտուրայում ու աշխատում մայրաքաղաքի թիվ 8 դպրոցում, հարսը՝ Նունեն, դաս է տալիս հերոսի անունը կրող հարազատ գյուղի կրթօջախում։ Ինչպես ընդունված է ասել, ամենուր բարձր են պահում հայրական օջախի, բոլորին ճանաչ օջախի հարգն ու պատիվը։ Հինգ թոռներից մեկը, որի վեց տարին նոր է բոլորել, կրում է հուշ ու երազ դարձած պապի անունը։ ՎԻԳԵ՜Ն…, մարտական ընկերները, գյուղ ոտք դնող պետական այրերը։ Մեծերն ու փոքրերը։

Ասել է թե՝ հիշում են, գնահատում. չէ՞ որ նրա ու նրա նման նվիրյալ հայորդիների արիության շնորհիվ է, որ այսօր Արցախը ազատ շունչ է քաշում, բարգավաճում, չէ՞ որ նա այն քչերից է, որ հետմահու արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի։

Վկայականում կարդում ենք.

«Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ անձնական արիության համար ԼՂՀ ԳԽ նախագահության 1994թ. թիվ 0310-1 որոշմամբ պարգեւատրվում է…»։

Նորից հիշենք ու հիշատակենք…

hayzinvor.am