Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Արմենն այն եզակիներից էր, ով քաջ գիտակցում էր, որ առանց զենքի ուժի չի կարող լուծվել ազատ ապրելու խնդիրը

Նոյեմբերի 05, 2023

Հոկտեմբերի 31-ին լրացավ Աշանի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ գաղափարակիր Արմեն Ավագյանի ծննդյան 56-ամյակը:

Երբ դեռ շատերին թվում էր, որ Արցախի հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով, Արմենն այն եզակիներից էր, ով քաջ գիտակցում էր, որ առանց զենքի ուժի չի կարող լուծվել ազատ ապրելու խնդիրը: Եւ այդ իսկ նպատակով նա առաջիններից մեկը եղավ, ով սկսեց ինքնաշեն զենքեր պատրաստել, հետո ստեղծեց շրջանում առաջին կամավորական, ինքնապաշտպանական  ջոկատը՝ դառնալով ջոկատի, հետո արդեն վաշտի հրամանատարը:

«Արցախը մեր երազանքն էր, որը նպատակ չդարձրինք, դրա համար էլ այդ երազանքը խլեցին մեզնից»,֊ MediaHub-ի հետ զրույցում ասում է արցախցի երիտասարդ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Հերմինե Ավագյանը, ով Արցախում է թողել ամենաթանկը՝ առաջին պատերազմում անմահացած հոր՝ Արմեն Ավագյանի գերեզմանը։ 

«Երազանքները սիրում են, երբ իրենց նպատակ են դարձնում։ Մենք ունեինք այդ ժամանակը, մենք դա կարող էինք, բայց մենք երազանքներ սիրող ժողովուրդ ենք, իսկ մեզ տրված ժամանակը երազողների համար չէր, լեռնոտ երկրին լեռնոտ մարդիկ էին պետք, լեռը ամրոց պիտի դառնար»,֊ Արցախի կորուստն այսպես է մեկնաբանում Հերմինեն։ 

Վաղը  երջանկահիշատակ Արմենի ծննդյան օրն է։ Ընտանիքի անդամների հետ այդ օրը նրա մոտ էին գնում մարտական ընկերները, համագյուղացիները, հարգանքի տուրք էին մատուցում դպրոցականները։  Հիմա Հերմինեն չգիտի ո՞ւր գնալ։  

Ասում է հորս թողել եմ այնտեղ, որտեղ թողել ենք մեզ։ Նրանք, ովքեր հավերժ մնացին Արցախում, հավերժ մնացին իրենց հողի հետ։  Հերմինեն որոշել է, վաղը՝ հոր ծննդյան օրը  Եռաբլուր կգնա, ծաղիկներ կխոնարհի մարտական ընկերոջ՝ Ավոյի շիրմաքարին։ 

«Կասեմ, որ հորս փոխանցի՝ չեմ մոռացել խոստումս։ Երկնքից ավելի լավ են երևում նրանք, ովքեր ուզում են շրջել պատմության վերջին էջը, բայց համոզված եմ՝ հենց երկնքից է լինելու նրանց պատիժը, երկնքից՝ երկրի վրա, իսկ ժողովուրդը, այս խաբված ու մոլորված ժողովուրդը, որ հիմա թմբիրի մեջ  երազում է, մի օր որոշելու է, որ չի ուզում կործանվել, որ հայրենիքը նպատակ է ու այդ նպատակի գիտակցումն է, որ տանելու է արթնության։ Մենք ժամանակ չունենք, պիտի արթնանանք»։ 

Դժվար է համակերպվել հիմա, երբ Արցախը չկա, երբ երկիրը հայկական չէ, իսկ նրա ազատագրման համար մղված պատերազմներում բազմաթիվ կյանքեր ենք տվել։ Արցախցիները փոխեցին հասցեները՝ հավերժ մնալով այնտեղ։

«Ես ինձ եմ թողել այնտեղ, որովհետև արմատս այնտեղ է, սկիզբս այնտեղ է, մնացած տեղերում ընդամենը շարունակություն եմ, ուրիշ ոչինչ։ Հավատում եմ, որ մի օր, եթե ոչ ես, ապա իմ զավակները հաստատ կգնան, կգտնեն արմատս ու նորից կջրեն։ Ես հավատում եմ իմ վերադարձին․ երկրում, թե երկնքում, մեկ է՝ ես իմ վերադարձին լինելու եմ ներկա»։ 

Հերմինեի համար Արցախն այն հոգևոր տարածքն է, առանց որի մարդն ընդամենը սովորական երազող է, ով ամեն օր հավատում է, որ մի օր կգտնի ինքն իրեն։ 

«Շատ դժվար է քեզ ամեն օր փնտրել ու չգտնել, հասկանալ,  որ քո ներսի տարածքը գրավել են, քեզ ու քո ներսում ապրող մարդկանց քշել են այնտեղից, քո ներսում հիմա դատարկություն է, քո ներսում բազում լքված տներ են ու դարպասների ճռռոց»։ 

Հերմինե Ավագյանն ամուսնու և 3 որդիների հետ Հայաստանում է։ Ավելի ուշ նրան միացել է մայրը, այս աշխարհում այն մեկը, ով Հերմինեին և՛ հայր է, և՛ մայր, և՛ քույր, և՛ եղբայր։

«Ես ու մայրս հիմա շատ ենք լռում, դա մեր ամենածանր զրույցն է։ Մայրս մի բուռ հող է բերել հորս գերեզմանից, որ միշտ հիշեմ՝ այդ հողը մեր արժանապատվությունն է։ Երեկ որդիս հարցրեց՝ մա՛մ, տատին պապիկի ձեռքով սարքած զենքը թաքցրե՞լ է, չէ։ Ասացի՝ հա՛։ Ասաց․ «Ուրեմն  թուրքերը չեն գտնի, մինչև հետ գնանք»․․․Ես հավատում եմ իմ որդուն»,֊ այսպես զրույցը եզրափակեց Հերմինեն։

mediahub.am