Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Կլուբի դուռ, պատուհան ջարդեցին, դագաղներ սարքեցին, տարան Ճարտար․ արցախցի  զինվորականի այրու հուշերից

Նոյեմբերի 05, 2023

«Ծնողի սեր չէր վայելել։ Ծնողականն էլ չհասցրեց լիարժեք վայելել։ Ամեն տեղից ցավ, ցավ, ցավ․․․ Որտե՞ղ ու ո՞նց, ո՞ր մեկը տեղավորես՞։ Արժեզրկված, անարժեք կյանք․․․․», -Նուբար Ավետիսյանը վերջերս հաճախ է խոսում ինքն իր հետ։ Ամուսնուն կորցնելուց հետո է առաջացել այս սովորությունը։

Նա ապրում էր Ստեփանակերտում։ Ոչ թե ապրում, այլ դժոխքի միջով էր քայլում։ Հատկապես վերջին երեք  տարիներին։  44-օրյա պատերազմում կորցրել է երկու եղբայրներին։

Մայրը օրը երեք անգամ տղաների գերեզմանն էր այցելում։ Այնտեղ էլ մահացավ, իր երկու որդիների գերեզմանի վրա՝ կաթվածից։

Դեռ տեղահանվելուց առաջ՝ սեպտեմբերյան վերջին հարձակման օրերին հայրը վայր ընկավ պոպոքի ծառից, 8 ողի կոտրվածքով ընկավ հիվանդանոց։

Ամուսինը՝ Զորի Դանիելյանը, ծնունդով Ստեփանակերտից, դիրքապահ, պայմանագրային զինծառայող, ով 17 տարվա զինվորական էր, զոհվեց սեպտեմբերի 19-ին Ճարտարի մոտակա դիրքերում։

«37 տարեկան էր  ընդամենը։ Համարյա առանց ծնող էր մեծացել, ծնողները շուտ էին մահացել։ Ապրում էր երեխաներով։ Ասում էր, ես պետք է լավ պապա լինեմ, երեխեքը ինչ ուզում էին, ասում էր՝ առնելու եմ։ Առավ․․․» , — մղկտալով պատմում է կինը։

Երեք երեխա ունի, որոնց հետ մի կերպ տեղափոխվել է Երևան։

Ամենաբարդը վերակենդանացման բաժանմունքից հորը՝ Գրիշա Ավետիսյանին, հանելն ու տեղափոխելն էր Երևան, բուժօգնություն կազմակերպելու նպատակով։

«Ֆորդի մեջ մի նստարան էինք զբաղեցրել։ Պապային ապարատները միացրած ենք տեղափոխել։ Թոքերից ջուրն ու արյունը հանելով։ Ավտոյի դուռը բացած ենք բերել։ Երկու տղա է կորցրել, փեսա է կորցրել, չգիտի դեռ, որ ամուսինը մահացել է» , — հիշում է Նուբարը։

Եղբայրն ու կինն  են թաղել Զորոյին։ Այդ ժամանակ  նրան Մաճկալաշենում էին, Մարտունու շրջանի գյուղերից մեկում, որտեղ Նուբարի հայրական տունն  էր։

«Ամուսնուս մարմինը Ստեփանակերտ հասցնելու ձեև չկար, որովհետև ճանապարհը դեպի Ստեփանակերտ փակ էր։ Ամուսինս Մաճկալաշենի ու Ճարտարի մոտի դիրքերում էր։ Ամսի 19-ից դարձավ անհասանելի։ Երրորդ օրն իմացանք, որ չկա։ Եղբայրս հետաքրքրվեց, ասեցին՝ դպրոցի պադվալում են դիակները։ Ռուսները հանել էին դիրքերից, դրել էին դպրոցի պադվալում։ Երեք օր մնացել էին, առանց սառնարան։ Ամսի 21-ին եղբայրս գնաց, ճանաչեց, կլուբի դուռ պատուհան ջարդեցին, դագաղներ սարքեցին, տարան Ճարտար, որովհետև ոչ մեր գյուղն էր մեր ձեռում, որ թաղեինք, ոչ Ստեփանակերտ կարող էինք բերել, Մարտունուց Ստեփանակերտ ճամփան փակ էր։ Ճարտարում գիշերը հարսս «ֆանարիկ» է պահել, ախպերս թաղել է Զորոյին», — պատմում է Նուբարը։

Արցունքը կուլ տալիս։ Երեք երեխա ունի, փոքրը՝ 6 տարեկան։  Մեծը՝ 16։ Միջնեկը՝ 13։ Բոլորով Ջրվեժում են, ազգականի տանը։ Ինչ է լինելու հետո, չգիտի։ Դեռ դպրոց չի տարել երեխեքին։ «Սպասում եմ, որ հոգեպես տեղավորվեմ այս նոր իրականության մեջ, նոր կտանեմ։ Հիմա ի վիճակի չենք», — բացատրում է Նուբար Ավետիսյանը։

Ամուսնու մահվան թուղթ ունի, այն գտել է դժվարությամբ, հույսով, որ որպես զինվորականի կնոջ ինչ-որ օգնություն  կհասնի իրեն։ «Էս փաստաթուղթը մի կերպ եմ վերցրել, ոչ մի հիվանդանոցում չկար թուղթ։ Արխիվն էլ վառվել է։ Սաղ վառել էին, դուրս էին եկել», — ասում է Նուբարը։  Պետությունից ոչինչ չի ստացել։ Ամուսնու մահվան թուղթը տարել են ՊՆ, այնտեղ ասել են՝ սպասեք, այս պահին չենք կարող օգնել։

Լավ, էդ մադը 17  տարի ծառայել է, իր կյանքը տվել է, ու վերջ։։ Աննպատա՞կ։ Հանուն ոչինչի՞, ինչպես ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, էդպե՞ս պետք է լիներ։ Այս հարցերի պատասխանը Նուբարը չունի։ Երեխեքին ասել է, որ հայրիկը դիրքերում է, կգա։

forrights.am