Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Արմանը քրոջ պահապան հրեշտակն էր, բայց դարձավ մի ողջ ազգի անմահ հերոս

Նոյեմբերի 06, 2023

«Ժպտերես, անկեղծ սրտով ու բարի աչքերով»,- այսպիսին է Անի Ղազարյանը նկարագրում հերոս եղբորը՝ 2001թ.-ի սեպտեմբերի 22-ին, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում ծնված Արման Արսենի Ղազարյանին:

Արմանը դպրոցում շատ չարաճճի էր։ Քույրը պատմում է, որ ուսուցիչները և՛ սիրում էին նրան, և՛ բողոքում նրանից. «Անգամ դեպք եմ հիշում, երբ նա տանը հիվանդ պառկած էր, դպրոցում իր ընկերները պայթուցիկ էին տրաքեցրել, տնօրենը զանգել էր մայրիկիս ու ասել, որ Արմանը ևս մասնակցել է այդ չարաճճիությանը։ Ուսուցիչները միշտ բողոքում էին նրանից, որ չի սովորում, բայց միաժամանակ գովում էին՝ ասելով, որ նա արտակարգ անձնավորություն է»։

Տղան սովորել չէր սիրում, բայց հակառակ դրան՝ 9 տարեկանից հունահռոմեական ըմբշամարտի էր հաճախում: Արմանը 14 տարեկանից հաճախել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։ Ուսումը պետք է շարունակեր բանակից վերադառնալուց հետո:

2019թ.-ի դեկտեմբերի 20-ին զորակոչվել է բանակ: Քույրն ասում է, որ ծառայությունից չէր բողոքում. «Բանակում շատ հարգված էր բոլորի կողմից՝ անգամ հրամանատարների։ Ծառայում էր Մատաղիսում ու այնտեղ հայտնի էր «Բառեց Արման» կեղծանվամբ։
Կրտսեր սերժանտը տիրապետել է 7 զինատեսակի, ճանաչվել է «Լավագույն դիրքի ավագ», ստացել՝ «Լավագույն զինվոր մարզիկ» շքանշան. «Արմանի պատվոգրերն ու շքանշանները կռվից հետո մնացել են Մատաղիսի զորամասում՝ իր զորամասային հագուստին ամրացված»։

Անին ասում է, որ Արմանը շատ մաքրասեր էր, տուն մտնելիս՝ պետք է ամեն բան իր տեղում լիներ.«Բանակից ուղարկած ամեն նկարի մեջ երևում էր իր մաքրությունը ու կոկիկությունը։ Անգամ 3 զինվորական համազգեստ է ունեցել. մեկը զորամասի համար, մեկը դիրք բարձրանալու համար, իսկ մյուսը՝ զինվորական արձակուրդի համար»:

Արմանը չէր հանդուրժում, երբ մի փոքր թույլ տղաներին նեղացնում էին, նա միշտ պաշտպանում էր նրանց։ Նա երբեք չէ հանդուրժում սուտն ու կեղծավորությունը։

Եղբոր մասին Անին հպարտությամբ է խոսում, ասում է, որ Արմանն իրեն միշտ հոգատարությամբ ու ջերմությամբ է պարուրել. «Շատերը կցանկանան նման եղբայր ունենալ։ Արմանը ինձ համար և՛ եղբայր է եղել, և՛ հայր։ Նա հոր պարտականություններն իր վրա էր վերցրել ու հայրիկս շատ հանգիստ էր, քանի որ գիտեր, որ ինչ կապված է ինձ հետ Արմանը գիտի։ Նա միշտ ինձ ուրախացրել է իր նվերներով։ Անգամ մի օր ինձ ասաց՝ քուրիկ, արի տեղ ենք գնում, ասացի ու՞ր, ասաց՝ արի՛, կիմանաս: Չիմանալով գնացի ու տեղ հասնելուն պես գլխի ընկա, որ Արմանը ինձ տարել է որ ինձ համար հագուստներ գներ»:

Արմանը միշտ ծնողներին ասում էր, որ քույրկին պետք է ամեն ինչով ապահովեն, որ լավ զգա իրեն. «Ամեն Նոր տարի ինձ և ընտանիքիս համար նվերներ էր գնում: Մեր տան ուրախությունն էր։ Ինձնից մեծ էր ընդամենը 2 տարով, բայց ինձ համար լավ ընկեր էր, լավ եղբայր, լավ հայր»:

Արմանը ձեռքին դաջվածք ուներ՝ Մարիամ Աստվածածնի պատկերով: Բարեկամի կինը մի օր հարցրել է, թե ինչ նշանակություն ունի այդ դաջվածքը, իսկ Արմանը ասել է. «Մայրս է՝ Մայրամ Աստվածածինը, իսկ տակի աղավնին քույրիկս է»։

Անին եղբոր համար օծանելիք էր գնել ու ուղարկել զորամաս ու ծառայակից ընկերները պատմում են, որ Արմանը սրվակը միշտ պահում էր սրտի գրպանում ու երբ մի անգամ շփոթվել, աջ գրպանն է դրել, միանգամից ասել է. «Վա՜յ, քույրիկիս նվերն ա, պիտի սրտիս մոտ պահեմ»:

Սեպտեմբերի 22-ին Արմանի ծննդյան օրն էր։ Այդ առիթով մատաղ է արել զինակից ընկերների հետ, իսկ սեպտեմբերի 25-ին բարձրացել է դիրքեր՝ մարտական հերթապահության. «Վերջին անգամ ծնողներիս հետ խոսել է սեպտեմբերի 26-ին։ Հայրիկին ասել է, որ ինձ ու մայրիկիս լավ նայի»,-պատմում է Անին ու շարունակում, որ սեպտեմբերի 27-ին եղբոր դիրքի ուղղությամբ թշնամին ակտիվ գրոհ է սկսել տանկերով ու ԱԹՍ-ներով:

Ծանր դիմադրությունից հետո Արման Ղազարյանը անհավասար մարտերում՝ 6 ժամ անձնվիրաբար պայքարել ու  նույն օրը ժամը 12:30-ին անմահացել է. «Իր ընկերները բոլորն ասում են, որ  Արմանը շատ դուխով էր, վախ չուներ ոչ մեկից, միայն Աստծուց վախ ուներ»։

Անին շնորհակալ է Աստծուն, որ նման եղբայր է ունեցել, ասում է, որ եղբոր կիսատ թողած գործը ինքն է շարունակելու.«Արմանի անունը բարձր եմ պահելու, որ երկնքից նայի ու ուրախանա»:

Արմանը քրոջ պահապան հրեշտակն էր, բայց դարձավ մի ողջ ազգի անմահ հերոս:

banak.info