Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Փրկվելուս հավանականությունը քիչ էր, 5 բժշկից միայն մեկը ռիսկի դիմեց

Նոյեմբերի 18, 2023

 44-օրյա պատերազմի մասնակից 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Հայրապետյանի համար պատերազմի մասին անգամ հիշելն է ցավոտ։ Սկզբում, երբ վերքերը թարմ էին, ուզում էր անհանդատ խոսել, բայց հիմա, երբ սպիացել են, այլևս չի ցանկանում խոսել։

«Տեսել ենք նենց բաներ, որ երևի սարսափ ֆիլմերում մենակ կարանք տեսնենք»- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հայկը։ Հայկը 2019-ը թվականին էր զորակոչվել բանակ, 6 ամիս եղել է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո տեղափոխել են Արցախ։ 2 ամիս էր մնացել, որ ավարտեր ծառայությունը, երբ սկսվեց պատերազմը։

«Սկզբի մի քանի օրը լուրջ չէինք վերաբերում, անսովոր էր, չէինք պատկերացնում պահի լրջությունը, հենց հասկացանք, որ հաջորդ պահին կարող էինք էլ չլինել, սկսեցինք ավելի սթափ ու լուրջ լինել։ Էլ ավելի լուրջ սկսեցինք նայել, երբ մեր տղաներից զոհվեցին․․․

Պատերազմը շատ վատ բան ա, չեմ ուզում, որ մեր հաջորդ սերունդը տեսնի դա, որովհետև դա սարսափելի էր»,- ասաց Հայկը։

44-օրյա պատերազմի ժամանակ Հայկը ԱԹՍ-ի հարվածից գլխի շրջանում վիրավորում էր ստացել։ «Դրանից հետո բան չեմ հիշում էլ, աչքերս բացելուց հետո եմ իմացել, որ ընկերներս են ինձ իջեցրել բլրի վրայից։ Սկզբում տարել են Ստեփանակերտ, հետո ուղղաթիռով Վարդենիս։ Այդ ժամանակահատվածում այնքան շատ էին վիրավորները, որ գրեթե ազատ հիվանդանոց ու բժիշկ չկար, տեղափոխեցին Երևան Քանաքեռ-Զեյթուն ուռուցքաբանական հիվանդանոց։ 5 բժշկից 4-ը չհամարձակվեցին վիրահատել, ասացին՝ փրկվելու հավանականությունը շատ քիչ է, միայն մեկն էր, որ ռիսկի դիմեց, եթե նա էլ ռիսկի չդիմեր, ես հիմա այստեղ նստած չէի լինի»,-պատմում է Հայկը։

2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը Հայկի համար բարդ էր։ Սայլակի վրա հարմարվելը ծանր էր Հայկի համար, պայքարում էր դրանից ազատվելու համար։

Ասում է՝ լավ է, որ ստեղծել են սայլակները, մարդիկ կարողանում են տեղափոխվել, բայց այն շատ վատ բան է։ Հիշում է, որ մի քանի ամիս տնից դուրս չգալուց հետո մարդկանց մեջ հայտնվելը շատ խորթ էր․ «Մարդիկ խղճահարությամբ նայում էին, բայց մենք էլ ենք, չէ՞, սովորական մարդիկ, ուղղակի պատերազմի հետևանքով մի փոքր խնդիր ունենք»։

Հայկն ասում է՝ իրեն օգնել է իր ուրախ տեսակը ու Զինվորի տունը․ «Այնտեղ ինձ հասկացողները շատ էին»։ Հայկ 23 տարեկան է․ կատակում է՝ «Էդ փաստը ինձ սպանում ա»։

Այժմ սովորում է Եվրասիա միջազգային համալսարանում՝ իրավագիտության 4-րդ կուրսում։ Մայրիկի հորդորով է ընտրել այս մասնագիտությունը ու հիմա հաճախ է նրան շնորհակալ լինում դրա համար։ Արդեն 3 տարի նաև աշխատում է SMM ոլորտում։ Ուսմանը զուգահեռ հիմա զբաղվածության մաս են կազմում աշխատանքը, բուժումները, նոր լեզու սովորելը։ Հիմա ուսոմնասիրում է թուրքերեն։

Հիշում է՝ առաջ շատ երազկոտ էր, իսկ հիմա երազանքը դարձնում է նպատակ ու իրականացնում դրանք․ «Երազելով ոչ մի բանի չես հասնի, պետք է նպատակ դնես ու հասնես»։

ORAGIR.NEWS