Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Երբեք մի մոռացեք...

Նոյեմբերի 18, 2023

Յակովին բոլորը գիտեն։ Նրան ճանաչում են ոչ միայն հայրենի Մեծ Թաղեր գյուղում, այլեւ շրջանում ու ողջ հանրապետությունում։ Արցախյան շարժման ակտիվիստներից է, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր։ Առաջին կարգի հաշմանդամ… Զուրկ է երկու ոտքից, բայց ոչ առաջ, ոչ էլ այսօր չի կորցրել ոգու կորովը, քարշ չի գալիս կյանքի պոչից, քանզի «գլուխ պահել» չի սիրում։ Այսօր էլ մեր կողքին է, մեր շրջապատում, ապրում է գյուղի հոգսերով եւ ուրախություններով, մասնակցում թե՛ հարսանեկան հանդեսներին, թե՛ սգո արարողություններին, առանց որոնց ինքն իրենից խորթացած կլիներ…
…87-ի վերջերին՝ խորհրդային բանակից զորացրվելուց հետո, հազար ու մի թելերով կապվել էր նոր-նոր խմորվող Ղարաբաղյան շարժման լիդերների՝ Արթուր Մկրտչյանի, Էմիլ Աբրահամյանի, Լյովա Հայրիյանի, էլի ուրիշների հետ։
***
89-ից դիրքերում էր։ Օգնում, օժանդակում էր կամավորական առաջին ջոկատների ստեղծմանը։ 92-ին նոր կազմավորված վաշտի ճանաչված անդամներից էր։ Նրա հետ էին Բորիկ Աբազյանը, Օլեգ Գյոզալյանը, Ռոբերտ Պողոսյանը, Խաչիկ Սարյանը, ուրիշներ։
Առաջին մարտը ընդունել է հունիսի 28-ին Կարվինի մոտ։ Այդ օրը մերոնցից վիրավորվում է Արթուր Բեջանյանը, Էդիկ Հայրիյանը՝ զոհվում։ Հետո մասնակցում է Դրախտիկի դիրքերի հետգրավմանը, կռվում Խուռհատ կոչվող տեղամասում, Բանաձորի, Ջաբրայիլի կողմերում։ Ապա մասնակցում գեներալ Իվանյանի ստեղծած հրետանու ռազմական կենտրոնի դասընթացներին՝ ստանալով հրետանու հետախույզի որակավորում։ Այնուհետեւ, որպես ուղղորդիչ-հրետանավոր, աչքի է ընկնում Ղաջարի, Գյումշաթվի, Շահարլվի համար մղված թեժ մարտերում՝ թշնամուց առգրավելով երկու թնդանոթ եւ այլ զինամթերք։

1993-ի օգոստոսին Յակովին, իբրեւ փորձառու մարտիկ-ուղղորդիչի, կանչում են Հադրութ։ Նրան եւ Արմեն Աբրահամյանին, Դավիթ Մուխանյանին, Էդիկ Փաթյանին առաջադրանք է տրվում հայտնաբերելու թշնամու կրակակետերը։ Օգոստոսի 16-ին տղաների հետ բարձրանում է «Խուռհատի թումբը»։ Տեղադրում է անհրաժեշտ սարքավորումները, կապի միջոցները, ամեն ինչ բերում մարտական պատրաստականության վիճակի՝ հակառակորդին շշմեցուցիչ հարված հասցնելու համար։ Սակայն օգոստոսի 18-ի առավոտյան ժամը 6-ին տեղի է ունենում անսպասելին. հետ գրավված դիրքում ականի պայթյունից Յակովը ծանր վիրավորվում է։ Մի կերպ հասցնում են Հադրութ, տեղի հիվանդանոցում վիրահատում ու … անդամահատում են երկու ոտքը, (ծնկից վերեւ)։ Նույն օրը ուղղաթիռով տեղափոխում են Երեւան՝ պրոֆեսոր Պետրոսյանի անվան օրթոպեդիկ հիվանդանոց, որտեղ էլ ավելի քան տասը ամիս բուժում եւ կատարում են ոտքերի պրոթեզավորում։
Հայրենի հողի, մարտական ընկերների ու ծնողների կարոտով ապրող զինվորը ամիսներ անց տուն է դառնում՝ լիարժեք չապաքինված, բայց հույսը, հաղթանակի հանդեպ հավատը հոգու խորքում ամուր պահած։ Ու նա տեսավ վաղուց փայփայած հաղթանակը, տեսավ եւ ցնծություն ապրեց, քանզի ինքն էլ անմասն չէր այդ սուրբ գործին։
***
Ճիշտ է, Յակովի մասին գովեստի, դրվատանքի խոսքեր շատ է ասվել, բայց… դեռ էլի պիտի ասվի։ Շա՜տ պիտի ասվի, քանի որ նա, իրոք, հերոսական ուղի է անցել։ Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ գյուղում մեծ թե փոքր սիրում եւ ընդունում են նրան անվերապահորեն։ Թեեւ նա քայլել չի կարողանում, բայց, մի զարմացեք, հաճույքով պարում է։ Պարում է հարսանիքներին՝ ջահելների թեւերի վրա բազմած։ Յակովն իր հարսանիքի օրը նույնպես ամբողջ գյուղի հետ մինչեւ վերջ «ոտքի վրա» էր՝ անսպառ ոգեւորության, ցնծության մեջ։ Ահա այսքան կենսուրախ, այսքան մեծ սրտի ու աներեր կամքի տեր մարդ է մեզ համար արդեն «սովորական» դարձած Յակով Ալթունյանը։
Չզարմանաք, եթե ասեմ, որ մի օր անգամ Յակովը տանը պարապ չի նստում։ Իր հանգիստը նա աշխատանքի մեջ է տեսնում։ Օրը բացվում է թե չէ՝ նա իր «սենասի» ղեկին է (կառավարումը ձեռքով է)։ Կատակ բան չէ, տնտեսություն է վարում, հազար ու մի գործ կատարում։ Անցյալ տարի մեկ հեկտար բերքատու խաղողայգուց ութ տոննա անուշահամ խաղող է ստացել։ Հիմա կասեք՝ ինչպե՞ս։ Բարեկամները, ընկերները օգնում են։ Ու ինքն էլ «պարտքի տակ չի մնում»։ Ավելին, մեկ-մեկ սատար է կանգնում Երեւանում ապրող ավագ եղբորը՝ Վաղոյին, օգնության ձեռք է մեկնում հինգ քույրերին, որոնք բոլորն էլ իրենց ընտանիքներն ունեն։ Օգնում, աջակցում է ինչով կարողանում է՝ միշտ հիշելով մոր խրատը. «Իմացե՛ք, հա՜, օջախի զորությունը, օջախի ամրությունը քույր ու եղբայրների, հարազատ-բարեկամների համերաշխության մեջ է…»։

Յակովը չի մոռանում հանգուցյալ մոր՝ Պուժիի խոսքը։ Չի մոռանում եւ տոնական՝ իրենց մեծ գերդաստանի համար հիշարժան օրերին, ամեն պատեհ առիթով քույր ու եղբայրներով, դրկից-հարազատներով (հայրը՝ Գրիգորը, վերջերս է մահացել) նստում են սեղան, ուրախ զրուցում, քեֆ են անում, բայց չեն մոռանում նաեւ այն ահավոր օրերը, զոհված ընկերներին, նրանց ընտանիքների վիշտը։ Իսկ երբ հանկարծ քույրերից մեկը աչքի պոչով նայում է նրա հատված ոտքերին եւ կամ հառաչում ու բոլորից աննկատ թաշկինակը սեղմում է աչքերին, Յակովը փոքր-ինչ հուզված, մի քիչ էլ վրդովված ասում է. «Հազարավոր հայորդիներ հայրենի հողի համար զրկվել են ոչ միայն ոտքից ու ձեռքից, այլեւ կյանքից… Այս բանը երբեք մի մոռացեք»։
Ահա այսպես է իր ցավը, իր անբուժելի վերքն արհամարհում 45-ամյա Յակով Ալթունյանը, որի երեք զավակների կրակոտ, գեղեցիկ աչքերին նայելիս ինքդ քեզ ես խղճում…

hayzinvor.am