Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք. Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն <<վերադարձել>> հինգ ամիս անց
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Բնավորությամբ հանգիստ էր Արմանը, բայց նաև աշխույժ: Հետաքրքրասեր էր, ամեն տեսած առարկայից պետք է պարտադիր հարցներ, իսկ այն իրերի դեպքում, որոնց մասին տեղեկություն ուներ, ինքը հարցերը տալիս էր, ինքը պատասխանում»,- «Փաստի» հետ զրույցում որդու մանկության օրեր է տեղափոխվում տիկին Հերմինեն՝ Արմանի մայրիկը:
Մինչև Արմանի 3,5 տարեկան դառնալն ընտանիքն ապրել է Օձունում, հետո տեղափոխվել Ալավերդի: Դպրոցում գերազանց առաջադիմությամբ է սովորել Արմանը: Մայրիկի խոսքով, դպրոցում ցույց չէր տալիս իր գիտելիքները, հատկապես ավելի բարձր դասարաններում:
«Երբ հարցնում էի, թե ինչ է ստացել, արձագանքում էր՝ մա՛մ, պե՞տք է ձեռք բարձրացնեմ ու պատասխանեմ: Յուրահատուկ սեր ուներ «Ես և շրջակա միջավայրը» առարկայի հանդեպ, որը հետագայում դարձավ աշխարհագրություն, առարկայի յուրացման հարցում օգնում էր նաև հայրիկը, միասին շատ էին զբաղվում: Բայց բոլոր առարկաները սիրել ու սովորել է հավասարաչափ: Սա նաև մեծ խնդրի առաջ կանգնեցրեց, երբ 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է հոսք ընտրեր: Մեր խորհուրդների ու զրույցների արդյունքում ընտրեց բնագիտական հոսքը, իրեն ասում էի՝ երեք տարում արդեն կհասկանաս, թե ինչ մասնագիտություն ես ընտրելու: Երբ մաթեմատիկայի լրացուցիչ պարապմունքների էր հաճախում, ուսուցիչը, հաշվի առնելով երեխաների ընդունակությունները, նրանց նաև ուղղորդում էր մասնագիտական ընտրության հարցում: Արմանի պարագայում դա ծրագրավորումն էր, քանի որ մաթեմատիկայից զատ նաև հրաշալի տիրապետում էր ֆիզիկային: Իր տեսակից ու բնավորությունից ելնելով՝ սկզբում ամաչում է անգամ դասախոսին ասել, որ ծրագրավորումն իրենը չի: Չէր կարող ժամեր շարունակ նստել համակարգչի առաջ, հակառակը՝ թուղթ ու գրիչով կարող էր մաթեմատիկայի ու ֆիզիկայի խնդիրներ լուծել: Իմ խորհրդին հետևելով՝ դասախոսին «խոստովանեց», որ ծրագրավորող դառնալ չի ուզում: Հետո հստակ որոշեց՝ ճանապարհաշինարար է դառնալու»,-ասում է մայրիկը:
Հետո ձայնի մեջ ժպիտով վերհիշում է որդու խոսքերը. «Քանի որ մեզ մոտ ճանապարհները միշտ քանդված են լինում, փոսերով, ասում էր՝ գնամ, սովորեմ ու գամ Ալավերդու ճանապարհները սարքեմ»: Արմանն ընդունվում է Ճարտարապետության և շինարարության համալսարանի «Ճանապարհաշինություն» բաժինը: Նա հասցրել է մեկ տարի ուսանող լինել, քանի որ մեկ տարի շուտ է դպրոց գնացել: «Շատ էր սիրում իր ուսանողական կյանքը, երբեմն մտածում եմ՝ երևի ի վերուստ էր տրված, որ հասցնի ամեն ինչից մի փոքր վայելել: Ծառայության հետ կապված էլ շատ լավ էր տրամադրված, ասում էր՝ թողե՛ք՝ ինչ լինելու է իր հերթականությամբ լինի, իմ հասակակիցների հետ ծառայեմ ու վերադառնամ: Բացի դա, մտածում էր, որ իր աշխատանքային գործունեության համար շատ կարևոր է լինելու զինգրքույկ ունենալը, ներքին վստահություն ուներ, որ հաճախ է արտերկիր մեկնելու, և չէր ուզում որևէ խանգարող հարց լինի: Իր համար հետաքրքիր էին նաև համալսարանի՝ ուսանողների համար անցկացվող վերապատրաստման կուրսերը Եվրոպայում, ցանկանում էր մասնակցել դրանց լավ մասնագետ դառնալու նպատակով: Ամեն անգամ զրույցներում նաև ասում էր՝ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել: Իր այդ խոսքերն ինձ շատ էին ուրախացնում»:
2020 թ. օգոստոսի 11-ին Արմանը զորակոչվում է բանակ, ծառայում էր Ասկերանում: Երբ ծառայության շատ կարճ ժամանակահատվածի տպավորությունների մասին եմ հարցնում, մայրիկն ասում է՝ Արմանը շատ զուսպ էր, պատմել շատ չէր սիրում: «Երբ հարցնում էի, թե ինչն է պակասում, ասում էր՝ քաղցր-մաղցրը, մա՛մ: Հասկանում էի՝ այդ պահին իմ թխվածքների մասին է խոսում»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Տիկին Հերմինեն ասում է՝ պատերազմը սկսվելուց առաջ ամեն օր ներսում տագնապ կար, կարծես սպասեր պատերազմի լուրին: «Աղջիկս խնդրել էր և այդ օրը նրա համար խմորեղեն էի թխում, ամուսինս զանգեց ու հայտնեց պատերազմի բոթը՝ ասելով, որ Արմանից լուր ունի ու ամեն ինչ նորմալ է»: Արմանը զանգում էր երեկոյան իննի կողմերը, մայրիկի խոսքով, ժամը 7-ից իր մոտ արդեն տագնապ էր սկսվում: Արմանի կռիվը տևում է մեկ ամիս:
«Զինակից ընկերն է պատմում՝ երբ բունկերում էինք և գալիս էին զինվորներին Ջրական կամ այլ ուղղությամբ տեղափոխելու, Արմանն անընդհատ հրամանատարին ասում էր, որ իրենք երեք նորակոչիկով ուզում են գնալ: Բայց հրամանատարը մերժում էր: Ընկերն ասում է, որ մեկ ամիս պայքարել են, այո, առաջին գիծ չէին, բայց սնունդ և այլ անհրաժեշտ իրեր էին հասցնում տղաներին»: Հոկտեմբերի 25-ին Արմանին և նրա խմբին տեղափոխում են Սղնախի դիրքեր: «Այդ օրը հրամանատարն ասել է, որ նորակոչիկները հնարավորություն ունեն և կարող են չգնալ: Բայց Արմանը համառում է և բարձրանում դիրքեր: Հրամանատարները հետ են եկել, չեն մնացել իրենց հետ: Տղաները 6-7 հոգանոց խմբերով կանգնել են տարբեր դիրքերում: Հոկտեմբերի 26-27-ին բավականին ծանր մարտեր են մղել այդ դիրքից: Տղաներին չեն էլ զգուշացրել, որ Ավետարանոցն արդեն գրավել են, և թշնամին այդքան մոտ է: Հոկտեմբերի 27-ին՝ ցերեկը ժամը 3-4-ին, թշնամու նահանջ են նկատել»:
Հոկտեմբերի 28-ի լուսադեմին կապ են տալիս Արմանին, նախազգուշացնում է, որ թշնամու մեծաթիվ ուժեր իրենց են մոտենում: «Հետո նկատում են անօդաչուներին, սկզբում չեն էլ կողմնորոշվում՝ մերն է, թե թշնամունը: Հետները հրամանատար չի լինում, չեն զգուշացնում, թե ինչ է կատարվում: Ժամը 11-ին սկսվել է հարձակումը թիկունքից: Տղաները կապ են տվել, որ իրենց վրա կրակում են, պատասխան չեն ստացել, երկրորդ անգամ են կապ տվել, նոր ասել են՝ դուք էլ կրակեք: Արմանենց խմբին սղնախցի կամավորականն է մոտենում՝ մի քանի պատերազմ տեսած Սպարտակը, ոգևորում տղաներին, բայց մինչև մոտենալը վիրավորվում է»: Սպարտակը զոհվել է: Հինգ տղաները հեռանում են դիրքից, Արմանը ևս զոհվում է: Արմանի զոհվելու հանգամանքների մասին ամեն մեկն իր վարկածն ունի: Մայրիկն ասում է՝ որևէ մեկին չի մեղադրում, որովհետև տղաներից որևէ մեկի զգացածը չի զգացել, որևէ մեկի փոխարեն չի եղել, բայց գուցե որոշ ժամանակ հետո հանդիպի նրանց և իրեն տանջող հարցերի պատասխանը ստանա:
Պատերազմն ավարտվում է, և Արմանի ընտանիքը երկար ճանապարհ է անցնում մինչև իրենց որդին տուն է «վերադառնում»: Առաջին որոնողականի ժամանակ գտնում են Սպարտակին և էլի չորս կամավորականների Սղնախից: Հետո էլի երեք անգամ մտնում են Սղնախի դիրքեր, մտքեր կային անգամ, որ գուցե Արմանին գերեվարել են, քանի որ գտնում են նրա գոտին և զրահաբաճկոնը: «2021 թ. մարտի 29-ի առավոտյան ամուսինս ասաց, որ Սղնախում կրկին որոնողական աշխատանքներ են լինելու: Այդ օրը տունը փլվեց գլխիս, քանի որ հասկացա՝ եթե Սղնախ են մտնում, ուրեմն կրկին գնում են Արմանին փնտրելու: Թշնամին ցույց էր տվել Արմանի գտնվելու կոնկրետ տեղը, խրամատում էին պահել»: Արմանը զոհվել է հոկտեմբերի 28-ին, տուն «վերադարձել»՝ ապրիլի 8-ին: «Երբ զանգում էր ինձ, հարցնում էր իր ընկերներից՝ մա՛մ, խոսե՞լ ես, ի՞նչ նորություն կա, այսինքն՝ ամեն օր պետք է նորություն ունենայի տղաներից, որ երբ զանգեր, ընկերների անունները տար, հերթով իրեն ասեի, թե ով ինչպես է: Ինքն էլ հեռախոսահամարը փոխանցեց և խնդրեց, որ ընկերները իրեն զանգեն: Վերջին օրերն էին, նրանք այդպես էլ չկարողացան կապ հաստատել Արմանի հետ»:
Արմանի ընկերներն այսօր էլ իրենց ընկերոջ տան մշտական հյուրերն են: «Եթե գալ չեն կարողանում, պետք է զանգեն, հետաքրքրվեն, մենք դա շատ գնահատում ենք, որ չեն մոռանում մեզ ու ամենակարևորը՝ Արմանին: Իրեն միշտ ասում էինք, որ մեծ մարդ է դառնալու, բայց ոչ այս գնով: Չգիտեի, որ այսքան ուժեղ տղա եմ մեծացրել, որ մահվանն ընդառաջ է գնացել: Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում: Ինձ միայն իմ Արմանն է պետք: Արժեք չունի նյութական և որևէ իր մեզ համար: Շոյվում ես, երբ մեկը մի գրառում է անում, որտեղ Արմանի անունն է, որտեղ նրա նկարն է, գրքեր են հրատարակվում: Կարևոր է, որ մեր տղաներին հիշում են, ոչ միայն Արմանին, այլ բոլորին: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան այս ցավը խորանում է, կրծում է ներսից, ուղղակի սովորում ենք ցավի հետ համընթաց քայլել»: Արմանին ապրեցնում են նաև նրա ընտանիքի կառուցած մատուռն ու հուշաղբյուրը, ինչպես Արմանի ժպիտն է ապրեցնում բոլորին, հույս ու լույս փոխանցում:
Հ. Գ. - Արման Ղուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Օձունի գերեզմանատանը: