Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Հուսիկի դրոշը պիտի ծածանվի

Նոյեմբերի 18, 2023

Այս անգամ ես Հայրենիքը թշնամուց պաշտպանելիս զոհված հերոսի քրոջ հետ եմ զրուցում: Կենսագրության մեջ կարդում եմ, որ կամավորական Հուսիկ Հովակիմյանը արտաշատցի է: Նույն հողուջրից ենք՝ ասում եմ Շուշանին: Հենց առաջին լուսանկարին նայելիս նկատում եմ տղայի նմանությունը Վազգեն Սարգսյանին: Վառվռուն, կրակով լի աչքեր, պայծառ, ցնծուն ժպիտ, վճռական, հաղթամարմին… Գեղեցիկ դիմագծերն ու դեմքին շատ սազող մորուքն էլ են նման:

-Վազգեն Սարգսյանին է նման,- ասում եմ Շուշանին:

-Թուրքերը տեսանյութ էին տարածել: Նկարահանել էին մեքենան, որի ղեկին Հուսիկն էր եղել: Նկարահանել էին եղբորս ու երեք վիրավորներին, որոնց Հուսիկը Մարտունու հոսպիտալ էր տանում: Դա միակ տեսանյութն է, որ թուրքերը ցուցադրել էին իրենց պետական հեռուստատեսությամբ: Ասում էին՝ ձեր Վազգենին ենք սպանել:

Ես գիտեի, որ Հուսիկը զոհված է, նաև գիտեի նրա զոհվելու պատմությունը: Բայց ցնցվում եմ «Վազգենին ենք սպանել» նախադասությունից: Վազգենին: Այսինքն՝ սպանել ենք ձեր ուժը, ձեր հաղթանակը, ձեր ապագան: Ձեր հերոսին: Հանկարծ իմ սրտում սկսում է ինչ-որ թրթիռ արթնանալ, հետո ահագնանում, տարածվում է մարմնովս մեկ: Կամք ասեմ, ուժ, կատաղություն… Ես ուզում եմ, որ վայրկյան առաջ ծնվի, ամբողջանա, օդում թևածի մի հերոսական պատմություն մեր բազմաթիվ Վազգեններից մեկի մասին՝ որպես վրեժի երդում… Ես հիմա՝ առաջին անգամ, չեմ ուզում լսել, թե որքան հրաշալի մարդ էր զոհված հերոսը, որքան բարի էր, կարեկից, սիրառատ-տաղանդավոր… Ես ուզում եմ, որ Շուշանը պատմի, թե քանի ասկյարի է էն աշխարհն ուղարկել Հուսիկը ապրիլյան կռվի ժամանակ, երբ զինվոր էր, և 44-օրյա պատերազմում քանի թուրք է զոհվել նրա գնդակից, երբ ընկերոջ՝ Էդգարի հետ պահում էին դիրքն ու տարբեր զինատեսակներից կրակելով՝ հնձում թշնամու հրոսակներին:

-Հուսիկը պայծառ ու տաք լույս էր: Իր անվան նման՝ հույս,- ասում է Շուշանը: Ձայնի մեջ լացի հետ ինչ-որ երանություն կա: Ես հասկանում եմ, որ չեմ կարող ընդհատել նրան ու որոշում եմ գնալ քրոջ հիշողությունների հետքով:

-Հուսիկը մեր երեք քույրերի կրտսեր եղբայրն է: Երբ ծնվեց, ես 14 տարեկան էի: Մաման առողջ չէր, ու ես էի խնամում Հուսիկին: Ու նա ավելի շատ իմ որդին էր, քան եղբայրս: Երբ նա մտավ մեր տուն, կյանքը գլխիվայր փոխվեց: Աշխույժ էր, եռանդուն, լուսավոր, բարի, քաջ: Մի իսկական հրաշք: 3-4 տարեկան երեխա էր, չէր թողնում որևէ մեկը նեղացնի ընկերուհուն՝ Անիին: Ասում էր՝ Անին աղջիկ է, պիտի պաշտպանեմ նրան: Ումի՞ց էր սովորել, չգիտեմ: Բայց մանկությունից մինչև իր կյանքի վերջին օրը նա պաշտպանում էր… մորը, քույրերին, ընկերներին, ծանոթ-անծանոթ մարդկանց: Հայրենիքը: Չէր սպասում, որ օգնություն խնդրեն: Գործ անող կար, ինքը կողքին էր: Ձեռքից ամեն ինչ գալիս էր: Կարիքի մեջ մարդ տեսավ, նրա հոգսը իրենն էր: Էդքան սրտացավ մարդ չեմ տեսել: Հուսիկս յուրաքանչյուր մարդու հարազատն էր: Այնքան կենսասեր էր, պայծառ, լավատես: Ժպիտը միշտ դեմքին էր: Նույնիսկ ամենադժվար պահին ասում էր՝ լավ կլինի: Միշտ մտածում էի՝ էդքան պարզ, ազնիվ, խորամանկությունից զուրկ՝ էս կյանքում ո՞նց է ապրելու:

13 տարեկանից սկսեց աշխատել՝ դպրոցին զուգահեռ: Ամբողջ փողը մեզ՝ հարազատների, մտերիմերի վրա էր ծախսում:

-Ի՞նչ էր երազում Հուսիկը:

-Ո՞ր մի երազանքն ասեմ: Ուզում էր ռազմական օդաչու դառնալ: Դիմեց Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան, ռուսերենից ցածր գնահատական ստացավ, միավորները չհերիքեցին, չընդունվեց: Առաջարկեցին սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Չհամաձայնեց, ասաց՝ ես օդաչու եմ ուզում դառնալ, ու… գնաց բանակ:

Մեր բակում մատուռ էր կառուցել մինչև ժամկետային ծառայության մեկնելը: Աստծուց այդ մատուռում էր օրհնություն խնդրում: Երազում էր երկու որդի ունենալ: Մեր տունը հիմքից քանդել, նորոգում էր, որ ամուսնանա: Կիսատ թողեց, գնաց պատերազմ:

-Կամավո՞ր…

-Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվոր էր, կռվել էր ամենաթեժ կետում՝ Ջրականում: Արկը պայթել էր կողքին, բայց հրաշքով կենդանի էր մնացել: Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, ես արտերկրում էի: Գիտեի, որ պատերազմի լուրն առնելուն պես, գնալու է ռազմաճակատ: Զանգեցի: Ասացի՝ Հու՜ս, մամային քո հույսով եմ թողել: Էդ խեղճ կինը հիվանդ է, սիրտը չի դիմանա, չգնա՛ս, խնդրում եմ: Ինձ համոզեց, որ չի գնա: Հետո իմացա, որ հենց նույն օրը գնացել էր զինկոմիսարիատ, որ իրեն ճակատ ուղարկեն: Ասել էին՝ գնա տուն, կկանչենք, ու չէին կանչել: Նորից էր գնացել, էս անգամ արդեն պահանջել էր: Ասել էին՝ քո անունը չկա ցուցակում, համ էլ ճակատում առայժմ հետևակի կարիք չունենք, գնա տուն: Բայց վերջին պահին հասցրել էր ավտոբուս բարձրանալ…

Մաման անգամ չէր հակաճառել, գոնե մի բառով չէր ասել՝ մի գնա: Գիտեր, որ անօգուտ է: Միայն ասել էր՝ տղաս, զգույշ կլինես: Քեզ լավ պահի, մինչև գամ՝ խնդրել էր մամային: Վերցրել էր Եռագույնն ու դուրս էր եկել տնից:

-Դրո՞շը… Դրոշն ի՞նչ պիտի աներ ռազմաճակատում:

-Հուսիկը համոզված էր, որ հաղթելու ենք: Իր ասելով՝ պիտի ծածաներ դրոշը՝ իբրև հաղթության նշան: Բայց դրոշը մոռացել էր մեքենայի մեջ: Ընկերներին ասել էր՝ ես հիշում եմ, թե մենք՝ զինվոր տղերքով ոնց ուրախացանք, երբ կամավորականները Ապրիլյանի ժամանակ հասան պոստեր, ո՜նց էինք մեզ ապահով զգում: Ես Ջրականում եմ ծառայել, էդ իմ տարածքն է, գնամ-կանգնեմ զինվորների թիկունքին…

Կռվի ամենաթեժ պահին մամայի վիճակը կտրուկ վատացել էր: Երբ զանգեց, ասացինք՝ գոնե մի քանի օրով արի տուն, էլի հետ կգնաս: Զանգել էր մամային, ասել էր՝ մամ ջան, ո՞նց ես, կդիմանա՞ս, մինչև կռիվն ավարտվի, ես դավաճան չդառնամ: Մաման ասել էր՝ կդիմանամ:

-Դավաճան՝ մամայի՞ հանդեպ..

-Չէ, Հուսոս ռազմաճակատից մի քանի օրով տուն գալը դավաճանություն էր համարում: Մի քանի անգամ հրաշքով էր փրկվել մահից: Ընկել էր շրջապատման մեջ, բայց կարողացել էր ողջ դուրս պրծնել դարանակալ թուրք բորենիների ձեռքից: Հուսիկն ու Էդգարը երկուսով էին մնացել դիրքում, բայց չէին նահանջել: Երկուսով կռիվ էին տվել թուրքական ջոկատի դեմ:

-Հուսիկի վերջին սխրանքը պատմեք:

-Հադրութի գլխին (տեղանքն այդպես են անվանում տղաները) երեք վիրավորներ կային, որոնցից մեկը՝ լեյտենանտի կոչումով ջահել տղա, շատ ծանր վիճակում էր: Հուսոն շտապօգնության մեքենայի վարորդին առաջարկում է վիրավորներին տանել Մարտունու հոսպիտալ: Վարորդը հրաժարվում է, ասում է՝ բացառված է, որ տեղ հասնենք. չորսբոլորը թուրքեր են: Այդ ժամանակ Հուսիկը որոշում է ինքը նստել շտապօգնության մեքենայի ղեկին: Ասում են՝ վիրավոր սպան չի ապրի, գնդակը պարանոցին է կպել, վերջին շնչում է, կյանքդ մի վտանգի: Չեմ կարող կանգնել-նայել, թե ոնց է արնաքամ լինում՝ ասում է եղբայրս: Հուսոս լեյտենանտին ու ևս երկու վիրավորի տեղավորում է մեքենայի մեջ ու ճամփա ընկնում դեպի հոսպիտալ …Հետո համացանցում հայտնվում է թուրքերի տարածած տեսանյութը:

Գիտեք՝ ի՞նչ եմ մտածում: Հուսիկը ապրեց, ինչպես ինքն էր ուզում, նա երջանիկ էր: Նա այն հասարակ-սովորական տղաներից չէր, որոնք կարող էին նստել տանը, մոր կողքին, երբ Հայրենիքի սահմաններին պատերազմ էր:

-Ընդամենը 24 տարեկան՝ ու այդքան մեծ կամք, այդքան մեծ արժանապատվություն, այդքան արիություն…

-Հուսիկին պատերազմի ժամանակ տանը պահել, կնշանակեր՝ ոչնչացնել նրան բարոյապես: Ուղղակի, այլընտրանք չկար: Ռազմաճակատից զանգել էր ընկերջը, ասել էր՝ վրեժս առել եմ թուրքից: Նա պիտի կռվեր ինքնամոռաց, պիտի կյանքը տար Հայրենիքին, պիտի վիրավորներին սեփական կյանքի գնով փրկելիս զոհվեր… երջանիկ:

Շուշանին հրաժեշտ տալիս հարցնում եմ.

-Որտե՞ղ է Հուսիկի դրոշը:

Շուշանը նայում է տարակուսած, հետո պատասխանում.

-Մեզ մոտ: Ինչո՞ւ եք հարցնում:

-Լավ պահեք դրոշը: Երբ օրը գա, մենք Հուսիկի փոխարեն այն ծածանելու ենք ՝ որպես հաղթանակի նշան: Այդ դրոշը պիտի ծածանվի. մենք այլընտրանք չունենք:

hayzinvor.am