Անմահ հերոս կապիտան Գեղամ Մեսրոպյան
Գեղամ Էդուարդի Մեսրոպյանը ծնվել է 1991 թ-ի փետրվարի 23-ին Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղում: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում ու անցել ծառայության Արցախում՝ Մարտունիում: Մոտոհրաձգային վաշտում էր ծառայում։
Գեղամն ամուսնացած էր, ունի 2 երեխա՝ 4 և 2 տարեկան փոքրիկներ։
«Իր զինվորներին միշտ ասում էր, որ իր երեխաներն են: Շատ հոգատար ու նվիրված սպա էր: Նույնիսկ, երբ հրամանատար էր, իր վաշտը «լավագույն վաշտ» է ճանաչվել: Իր մասին անվերջ կարելի է խոսել, որովհետև այդքան նվիրված սպա չեմ տեսել: Մենք միասին մնում էինք զորամասին կից ծառայողական շենքում»,-պատմում է Գեղամի կինը՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը:
Գեղամը հասել է մինչև կապիտանի կոչման, գումարտակի հրամանատարի տեղակալ էր: Մասնակցել է նաև Քառօրյա պատերազմին: Ստացել է շատ պատվոգրեր, մեդալներ: Ցավոք թշնամու գրաված տարածքում է մնացել իրենց տունը և անգամ չեն կարողացել իր հուշերը բերել:
«Նվիրված ու սիրող հայր էր իր որդիների համար: Շատ դրական, բարի, խելացի, լավ ընկեր, հրաշալի ու հասկացող ամուսին էր Գեղամը: Իր տեսակի մարդիկ շատ քիչ են: Մի բան չկար, որ ասեին ու չկարողանար անել: Միշտ ասում էր, որ մարդ առաջինը պետք է հայրենիքը սիրի ու հետո՝ ընտանիքը: Առանց հայրենիք մարդը նման է որբ երեխայի: Իր լսած երգերն էլ էին հայրենասիրական: Միայն հայրենասիրական երգեր էր լսում: Միշտ լավատես ու չհանձնվող տեսակ էր: Երբեք չէր հուսահատվում ու ինձ էլ հույս էր տալիս: Ինքն իմ ուժն էր, իմ ամեն ինչն էր, իմ թիկունքն էր ու թևերը: Երբ կողքիս էր, ոչնչից չէի վախենում: Պատերազմի ժամանակ, երբ հետը անհանգստացած խոսում էի, ինձ ուժ էր տալիս ու ասում՝ ամեն ինչ լավ է լինելու»,-հիշում է կինը:
Երբ սկսվել է պատերազմը, Գեղամն արդեն առաջնագծում է եղել: Հրաշալի կատարել է իր առջև դրված խնդիրները: Հասցրել է խոցել անօդաչու սարք: Հոկտեմբերի 6-ին իր կամքով գնացել է Մեխակավան ու մասնակցել թեժ մարտերի: Հետո, երբ մարտական ընկերները եկել են, պատմել են, թե ինչ հերոսություններ է արել: Տանկիստ չլինելով, առգրավել է թշնամու տանկ, նստել է ու բերել ապահով վայր: Բոլորին ոգևորել է ու ուժ տվել: Իր շնորհիվ զինվորները անվնաս հետ են եկել: Հոկտեմբերի 9-ին թշնամու արկից զոհվել է:
«Շատ նպատակներ ու երազանքներ ունեինք միասին: Պետք է մեր երեխաներին մեծացնեինք, ավաղ, մնաց անկատար՝ իր կյանքը հայրենիքին տալով, բայց ես խոստացել եմ իմ Գեղամին, որ իր անունը բարձր եմ պահելու ու իր տղաներին իրեն արժանի զավակ եմ մեծացնելու: Ինքն ինձ ուժ կտա ու ես զգում եմ, որ միշտ ինձ հետ է ու կապ չունի, որ ֆիզիկապես չկա, միշտ հոգեպես ինձ ու իմ տղաների հետ է»,-հպարտորեն պատմում է Հռիփսիմեն: