Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

ԱՐԱԲՈ-ԱՆՈՒՇԱՎԱՆ

Նոյեմբերի 26, 2023

Ղարաբաղյան շարժման առաջին օրերին քչերն էին այն համոզմունքին, որ միայն զենքով կա հային փրկություն: Այդ քչերից առաջինները Բերդաձորի ինքնապաշտպանության ջոկատի անդամներն էին: Նրանց մեջ՝ Անուշավանը: Պատմում է Անուշավանի քույրը. «Ողջ Հայաստանն այդ օրերին ցույց ու միտինգ էր անում, բոլորի շուրթերին «Ղարաբաղ» ու «Միացում» էր: Ցույց ու միտինգի տենդ էր: Այդպիսի մի օր էր, երբ Անուշավանը տուն եկավ եւ կնոջը՝ Անժելային, ասաց. «Պատրաստվիր, երեխաների հետ գնում ենք Բերդաձոր»: Գնացին: Այնտեղ մտավ
Հ. Յ. Դ. շարքերը: Ինքնապաշտպանական ջոկատներ էին կազմակերպում, մեծ դժվարությամբ զենք ու զինամթերք էին հասցնում Բերդաձոր: Լաչինի միջանցքը փակ էր: Ուղղաթիռներով, թշնամու որջերի վրայով էին թռչում: Երեւանում ազատամարտիկներին հետապնդում էր ՊԱԿ-ը, իսկ այնտեղ դարանակալ սպասում էր ՕՄՈՆ-ն ու ռուսական զորքը: Զինատարներն ամեն անգամ օդ էին բարձրանում մահն աչքերի առաջ ունենալով: Գրպաններում մշտապես ունեին սուրսայր ածելիներ, որ շրջապատման մեջ ընկնելիս կտրեն երակները, գերի չընկնեն…: Վերջին անգամ քիչ էր մնում ծուղակն ընկնեին, բայց բարեբախտաբար շուտ նկատեցին դարանն ու վայրէջք կատարեցին ոչ թե Բերդաձորում, այլ մոտակա ադրբեջանական գյուղի մոտ՝ անտառի բացատում: Այնտեղից գիշերով, շալակով, դժվարանց արահետներով զենք ու զինամթերքը տեղափոխեցին Բերդաձոր: Զենք տեղափոխելուց բացի Անուշավանը վերանորոգում էր Բերդաձորի հացի փուռը, սակայն ընդամենը մի շաբաթ կարողացավ հաց թխել ու բաժանել ժողովրդին: 1991 թվականի մայիսի 15-ին ռուսական զորքն ու ՕՄՕՆ-ը մտան գյուղ: Մտան ու… գիտեին, գիտեին՝ ով ով է: Իսկույն շրջապատեցին մեր տունն ու իմ աչքի առջեւ, տան մեջ գնդակահարեցին եղբորս՝ Անուշավանին: Զոհվեց սիրասուն եղբայրս, զոհվեց, հավատացած, որ Բերդաձորն ազատագրվելու է, առնական զավակներ է ծնելու: Ինքը երեք զավակ ուներ, չորրորդին էին սպասում: Վստահ էր, որ տղա է ծնվելու: «Արաբո եմ դնելու անունը, – ասում էր, – որ հայրենիքի պաշտպան ու թուրքի սարսափ դառնա»…: Զոհվելուց քսան օր անց ծնվեց արու զավակ: Կնքեցին Արաբո-Անուշավան: Հիմա հարցնում է՝ ո՞ւր է պապաս: Չեմ կարողանում պատասխանել: Կգա օրն ու նա կիմանա հոր տեղը՝ այնտեղ, ուր Արցախի համար զոհված նահատակներն են, եղբորս զինակից ընկերները՝ Վարդանը (Բախշյան), Ստյոպան, Նորիկը, Վաղոն, Անդոն (Առնո), Հրաչիկը, Գագոն (Արվիգ)…»:

88-ից ի վեր շատ բան է փոխվել: 91-ի մայիսի 15-ին ընկավ Բերդաձորը: Ընկավ Անուշավանը: 92-ի մայիսի 15-ին, մի տարի անց, Բերդաձորն ազատագրվեց: 93-ի մայիսի 15-ին լրանում է Բերդաձորի ազատագրման մեկ տարին, Անուշավանի նահատակման երկու տարին: Այդ ընթացքում կորցրեցինք Շահումյանն ու Մարտակերտը: Բայց ազատագրվեց Շուշին, բացվեց Լաչինի միջանցքը, Արցախում թուրք չմնաց, ազատագրվեց Քարվաճառը: Ստեղծվեց Արցախի բանակը, որն ամենուր ջախջախիչ հարվածներ է հասցնում թշնամուն: Այդ ընթացքում ոտքի ելավ եւ լեզու առավ Անուշավանի որդի Արաբո-Անուշավանը, ով բնազդով արդեն անպայման գիտե հոր տեղը՝ անմահների մեջ: Ու երբ գա օրը եւ անմահները հրամայեն նրան՝ կելնի հոր հետքերով՝ հզոր, անսասան եւ հաղթական ու երջանիկ, քանի նրա ընթացքը պաշտպանելու են երկու վիթխարի ոգի՝ Արաբո եւ Անուշավան:

freedomsoldiers.wordpress.com