Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Ճարտարի պաշտպանը․ զոհվել է հրադադարից մի քանի րոպե առաջ

Դեկտեմբերի 17, 2023

Վանիկ Հայրապետյանը երեք տղաների հայր էր, երազում էր աղջիկ ունենալու մասին։ Երազանքը կատարվեց, բայց երջանկության օրերը, կամ ավելի ճիշտ է ասել ժամերը, կարճ տևեցին։ Վանիկի դուստրը՝ Արիանան ծնվեց սեպտեմբերի 11-ին։ Ութ օր անց սկսվեց սեպտեմբերի 19-ի պատերազմը։ Հայրը դստերը միայն երկու օր տեսավ։

Վանիկ Հայրապետյանը Ճարտարի հրամանատարն էր, կոչումով ավագ լեյտենանտ, գրեթե մշտապես դիրքերում։ Պատերազմի օրը պետք է ավարտեր հերթապահությունն ու գար տուն։

«Ամսի  19-ի առավոտը գրեցի՝ ինչո՞ւ տուն չես գալիս, պատասխան չտվեց։ Մեր վերջին հանդիպումն ամսի 18-ին էր, դրանից հետո էլ չեմ տեսել։ Երեխայի նկարն ուղարկեցի, նայեց, բայց չպատասխանեց։ Գրեցի՝ Վանիկ, ինչո՞ւ չես գալիս, ժամանակն անցնում է, էլի պատասխան չկար»,-ամուսնու հետ ունեցած վերջի  հիշողություններով կիսվում է կինը՝ Դոնարա Գրիգորյանը։

Վանիկ Հայրապետյանն ընտանիքին վստահեցրել է, թե ինքը Ճարտարի մշակույթի տանը տեղեկայված շտաբում է լինելու, ասել է՝ չվախենաք ու գնացել է։ Որոշ ժամանակ անց Դոնարան որդուն է ուղարկել այդ տարածք, որպեսզի հետաքրքրվի, թե հայրն ինչպես է։ «Արենը եկավ ասաց՝ մամ, բոլորն այնտեղ են, բայց ինքը չկա։ Մենք գիտեինք, որ ինքը մշակույթի տան մոտ չի մնա, ուրիշների նման չի թաքնվի, ինչպես չթաքնվեց 44-օրյա պատերազմի ընթացքում»։

Այնուհետ, Վանիկի մայրը՝ Սիրվարդ Հայրապետյանն է գնացել մշակույթի տան մոտ՝ միակ որդուց տեղեկություններ ստանալու համար։ «Ես գնացի, ընկերներից հարցրեցի՝ Վանիկից նորություն չկա՞, բոլորը երեսները շուռ տվեցին, ես այդ րոպեին իմացա, որ իմ երեխան արդեն չկա, որ բոլորը ինձնից երես էին թեքում»,-Forrighst.am-ի հետ զրույցում ասաց մայրը։

Կինն ասում է, որ ամուսինը Ճարտարի մատույցներում է եղել, պահել է քաղաքի մուտքը, զոհվել է ամսի 20-ին՝ հրադադարից մի քանի րոպե առաջ։

«Խրամատի դիմաց տեսել է, որ երեք տղա միասին են կանգնած եղել, ասել է՝ չեմ ասել, որ խմբերով չպետք է կանգնել, հետո գնացել է այդ տղաներին ասի, որ առանձին լինեն։ Խրամատից դուրս է եկել, որ ասի ցրվեք, այդ պահին ԱԹՍ-ն հարվածել է  երեք տղաներին, ինքն էլ հետները զոհվել է»։

«Մեզ համար ժամանակն այդ պահից կանգնեց, ամեն ինչ խավարվեց, ոչինչ գոյություն չունեցավ»,-ասում է կինը։

Վանիկ Հայրապետյանը 38 տարեկան էր, վերջին 20 տարում զինվորական է եղել, մասնակցել է բոլոր պատերազմներին։Հայրենիքին մատուցած ծառայությունների համար բազմաթիվ մեդալներ է ստացել, որոնք ընտանիքը չի կարողացել բերել՝ թշնամին ճանապարհին վերցնելու էր ու ոչնչացներ։ Վանիկից միայն մի բուռ հող են կարողացել բերել։

«Որ իմանայինք մեզ հետ կբերեինք, չէինք էլ հուղարկավորի։ Ամսի 23-ին հուղարկավորեցինք, ամիս 27-ին դուրս եկանք։ Իրան թողեցինք, մենք եկանք։ Հիմա շատ ենք ուզում, որ իրեն բերենք։ Հող ենք բերել մեզ հետ, գոնե տեղ տան, որ հուղարկավորենք, որ գոնե գնալու տեղ ունենանք»,-ասում է կինը, իսկ մայրն ավելացնում է՝ Ճարտարը հարկադրաբար լքելուց հետո չի հասցրել այցելել որդու շիրիմին։

«Երեք օր պահեցին Մարտունիում, սառնարան չկար։ Ասացին՝ 22-ի երեկոյան բերենք, հուղարկավորենք, ասացի՝ չէ, թողեք լույսը կբացվի, նոր կբերեք էրեխուս։ Ուզում էին գիշերով հուղարկավորել, շատերին գիշերով են հուղարկավորել, քանի որ դիերի վիճակը վատացել էր, պահել չէր լինում։ Առավոտյան 11-ին Վանիկիս բերեցին, երեք րոպեով դեմքը բացեցին ու տարան։ Ինքնահողին եմ գնացել գերեզմաններ ու էլ չեմ կարողացել գնալ, պետք է յոթն անեինք, ասացին՝ հավաքվեք, պետք է դուրս գանք, էլ չհասցրեցի գնալ մոտը»,-պատմում է վշտահար մայրը։

Վանիկի ընտանիքն այժմ սոցալական լրջագույն խնդիրներ ունի։ Խնդիրներ շատ ունեն, հիմնականը տուն չունենալն է։ Ընտանիքի համար մի բարերար վեց ամսով բնակարան է վարձել, որից երեքը լրացել է։ Դոնարան չգիտի, թե չորս անչափահաս երեխաների հետ երեք ամիս անց որտեղ է բնակվելու։ «Մեր տան միակ աշխատողն ամուսինս էր, հիմա, որ ինքը չկա չգիտենք, թե ինչ ենք անելու։ Փոքրիկս գրկիս ի՞նչ անեմ, ո՞ւր թողեմ, որ գնամ աշխատեմ»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

forrights.am