Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Անմահ հերոս ավագ լեյտենանտ Դավիթ Հովհաննիսյան

Հունվարի 27, 2024

Դավիթ Արայի Հովհաննիսյանը ծնվել է 1995 թվականի օգոստոսի 1-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
«Շատ ակտիվ ու աշխույժ երեխա է եղել։ Հայրս միշտ համեմատում էր Սիմբա մուլտֆիլմի փոքրիկ առյուծի հետ, որովհետև նույնքան քաջ հատկանիշներ ուներ»,- հիշում է քույրը՝ Անին:
Մասնակցել է «Հայ ասպետ» մրցախաղին և մաթեմատիկական բազմաթիվ օլիմպիադաների: Դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվել է Ագրարային համալսարանի սննդաարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում բաժինը: Հենց այս ուղղությամբ էլ հետագայում աշխատել է՝ համալրելով ՀՀ ԶՈՒ-երը: 2018 թվականի օգոստոսից Սյունիքի մարզի Նորավան գյուղի զորամասում Դավիթն աշխատանքի անցավ որպես իրային և պարենային ծառայության պետ:
«Փոքրուց է սիրել զինվորական գործը։ Հայրս հաճախ դեմ էր, սակայն նա է ընտրել իր ուղին։ Հենց առաջին օրվանից մասնագիտացել էր իր գործի մեջ, շատերը զարմանում էին Դավիթի մասնագիտական հմտությունների վրա։ Դեռ երկու տարի էր, ինչ աշխատանքի մեջ էր, բայց ծառայակից ընկերներն ասում են, որ Դավիթը զարմանալի հասունություն ուներ տարիքի համեմատ»,- պատմում է Անին։
Հարազատները նրան նկարագրելիս ասում են՝ անսահման նվիրվող էր, հավասարակշիռ ու հասուն, չափից դուրս հումորով: Իսկ ծառայակից ընկերներն ասում են՝ շատ ընկերասեր էր.
«Պարտաճանաչ, համեստ, ուշադիր ու շատ հոգատար: Ես այս բառերը հենց այնպես չեմ ասում, նա իսկապես այդպիսին էր: Դավիթը յուրահատուկ էր»,- ասում է կապիտան Համբարձումյանը
Դավիթն ու կապիտան Համբարձումյանը նույն զորամասում են ծառայել, իսկ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 4-ից, մասնակցել են Ջրականում (Ջաբրաիլ) մղվող մարտերին: Կապիտանը ասում է՝ չկար մեկը, ով միայն իր նշանակված աշխատանքով կամ հանձնարարությամբ էր զբաղվում: Բոլորն անում էին այն ամենը, ինչն այդ պահին պետք էր, Դավիթը նույնպես:
«Մայրիկիս հետ խոսելիս անընդհատ պայթյուններ են եղել, մայրս լսել է, և երբ հետո հարցրել է՝ հո չե՞ք վնասվել, Դավիթն ասել է, որ շատերն արդեն չկան։ Իր ամենամոտ ընկերներից մինչ օրս անգամ լուր չկա»,- ասում է Անին։
Դավիթ Հովհաննիսյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին. անօդաչու թռչող սարքի հարվածի ժամանակ 4 ընկերներով խրամատում են եղել:
«Զոհվելու մասին ընտանիքս իմացել է հաջորդ օրն առավոտյան միայն։ Սակայն նախորդ օրն արդեն ընդամենը մեկ օրվա չզանգելը մեր մեջ վատ կանխազգացում էր առաջացրել։ Ամեն օր զանգում էր ու կատակում, որ շատ չտխրեմ, ամուսինս նույնպես զինվորական է: Իսկ այդ օրը չզանգեց: Ասես կանխազգայինք՝ ինչ է կատարվել, անհնար էր մեկ ամբողջ օր նա չզանգեր»,- պատմում է Անին։
Երբեք պլաններ չէր կազմում ապրում էր պահի թելադրանքով, որ պահին ինչ ուզեր սիրտը պատրաստ էր անելու։ Անին հիշում է՝ կար մեկը, ում մասին Դավիթը ժպիտով պատմում էր ու ցույց տալիս նկարները:
«Դավիթը անսահման սիրում էր ֆիլմեր։ Երբ ժամանակ ունենար անպայման ֆիլմ էր դիտում։ Անգամ անձնական համակարգչի վերջին բացված էջը ֆիլմ էր: Ցավոք, Դավիթի կյանքն էլ հենց իր սիրած ֆիլմերի պես կարճ էր, բայց շատ բովանդակ»,- ասում է քույրը:
Մարտական ընկերները  Դավիթի ընտանիքին այցելելիս շոկոլադներ են տարել, պատմել են, որ Դավիթը բոլոր ընկերներից մեկական շոկոլադ էր վերցրել, դասավորել մի ամանի մեջ և ասել, որ պատերազմի ավարտից հետո միասին են ուտելու։ Ցավոք բոլոր կոնֆետները տեղում մնացին, Դավիթ Հովհաննիսյանն անմահացավ:

banak.info