Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Այսօր Դուշման Վարդանի ծննդյան օրն է. Անմիջնորդ

Մարտի 09, 2024

«Հայրենիքի համար պայքարը սուրբ գործ է: Երանի նրան, ով Մասիսը տուն կբերի»:

Դուշման Վարդան

Ազատամարտիկները ամենասովորական վիճակներում իսկ ուժեղ տպավորություն են գործում: Պարզապես նրանց մտահորիզոնն էլ այլ կարգի է, ավելի լուրջ են եւ հասուն: Վարդան Ստեփանյանի համալսարանի ընդունելության քննության շարադրության մեջ ի հայտ է եկել նվիրյալ ազգայինը: Զարմանալի է, թե դպրոցական նորավարտն ինչպես է այդքան հասուն կերպով արտահայտել հայրենասիրության իր զգացմունքներն ու ըմբռնումը, ազգի զավակ լինելու ինքնագիտակցությունը: Պատանին կարողացել է վերապրել Ավարայրն ու Հայոց ցեղասպանությունը, հերոսականն ու ողբերգականը, որոնք Հայրենիքը պաշտպանելու, կորածը ետ բերելու վճռականությամբ են տոգորում ամեն ազնիվ հայի: Գրվածքի մեջ, ընդ որում, Վարդանն իմացաբանական կարեւոր եզրակացության է հանգում. «Անցյալը կորուսյալ չէ, այլ անցյալով է Հայն ստեղծում իր ապագան»:

Ասույթն արտահայտում է մի իրողություն, որն ի վիճակի են հասկանալու միայն ողջամիտ մարդիկ, բայց ոչ քաղաքական իմաստակները: Այս ընդհանրական իրողությունը Վարդանը մասնավոր օրինակով լուսաբանում է եւ հավաստիացնում Ձորի Միրոի կերպարով կերպարով, որը վերջին հարյուրամյակի՝ ազատության համար մարտնչող հայի տիպարային կերպար է: Ուշագրավ է նաեւ Վարդանի լավատեսությունը եւ միանգամայն խորհրդանշական նրա եզրափակիչ միտքը. «Եվ Միրոն իր որդուն կռիվ է ուղարկում: Նա հպարտությամբ է որդուն ճանապարհում: Պահել-մեծացրել է հենց դրա՝ Հայրենիքի համար: Կռվել եւ զոհվել Հայրենիքի համար՝ մարդու սրբազան պարտքն է»:

Վարդանը, եւս, իր պարտքը կատարեց գերազանց: Նա եւ իր ընկերները նախ կարողացան ամբողջ հանրությանը, փաստորեն, պարտադրել իրենց իղձ-երազանքը: Այնուհետեւ անձամբ ինքը՝ մտքի եւ ոգու այդ արծիվը, գնաց մարտնչելու իր երազի իրականացման համար: «Ա՜խ, երանի այն մարդուն, ով Մասիսը տուն կբերի»: Եվ իրոք, ի՞նչ է սրա համեմատ ամեն մի անցողիկ գայթակղություն եւ ամեն մի մահ՝ հոգու անմահության դեմ:

 

Նա «Ազատամարտ»-ի խմբագրատուն մտնող այն հազվագյուտ ազատամարտիկներից էր, ում հետ անձամբ շփվել եմ, եւ զրուցել ենք ի սրտե: Դա բացառիկ օր էր, որովհետեւ Վարդանն ինքն էր առաջին հարկում գտնվող մարտական հավաքակայանից բարձրացել երկրորդ հարկ: Մեր աշխատանքն այնքան լարված էր, որ չէինք հասցնում իջնել եւ ռազմաճակատ մեկնող մարտիկների հետ մի քանի խոսք փոխանակել: Համալսարանի իրավաբանականի չորրորդ կուրսում էր սովորում: Մոտավորապես երկու ժամ տեւած մեր զրույցը հիմնականում փիլիսոփայական խնդիրների շուրջ էր: Իմանալով, որ կրթությամբ իմաստասեր եմ, ինքն ընտրեց եւ հունավորեց մեր զրույցը: Զգացվում էր, թե երիտասարդի ընդհանուր իմացական զարգացումը որքան բարձր է իր տարիքի համեմատ եւ ինչպիսի անթերի տրամաբանությամբ էր շարահյուսում մտերը՝ դժվարին հարցերի վերաբերյալ խոհածությունների ընթացքում: Շատ հաճելի էր նրա հետ զրուցելը: Հիշում եմ նրա պայծառ դեմքը, արեգակունք աչքերը, որոնք ուժ եւ իմաստություն էին արտացոլում:

Պատրաստվու, էինք «Միտք» գիտա-իմաստասիրական հավելվածի առաջին թվի հրապարակմանը, երբ լսեցինք Վարդանի զոհվելու բոթը: Վերջին՝ բաց էջի վրա զետեղեցինք նրա կենսագրականը եւ լուսանկարը: Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին, Երեւանում: 1973-83 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 32 դպրոցը: 1983 թվականին փականագործի մասնագիտությամբ աշխատել է Երեւանի նուրբ-բրդյա գործվածքեղենի հիմնարկում: 1984 թվականի մայիսի 5-ին զորակոչվել է խարհրդային բանակ՝ ծառայելով Աֆղանստանում: Պարգեւատրվել է մի շարք շքանշաններով եւ մեդալներով:

1986 թվականին, վերադառնալով ծառայությունից, ընդունվել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

1988 թվականից ամբողջովին իրեն նվիրել է ազգային-ազատագրական պայքարին: Եղել է ինքնապաշտպանության կազմակերպիչներից: Մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի եւ Լաչինի ազատագրմանը, այլ գործողությունների:

Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին, ականի պայթյունից, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում, երկու մարտական ընկերների՝ Արմենի եւ Արայիկի, հետ միասին:

Արհեստավարժ ռազմիկ էր, աչքի էր ընկել իսկատիպ ֆիդայու հատկություններով: Սառնասիրտ էր, խոհուն, քաջարի, կենցաղում՝ սակապետ, բոլորանվեր հայրենապաշտ:

Վարդան Ստեփանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

freedomsoldiers.wordpress.com