Հասմիկ Արզումանյան
44-օրյա պատերազմի առաջին զոհերից մեկը 35-ամյա կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանն էր։ Մայրը պատմում է՝ դեռ 2020թ․-ի ամռանը ասում էր՝ մամ, պատերազմ է լինելու, բայց չգիտենք՝ երբ, որ օրը, ասել է՝ թող, դուրս արի, Հասմիկ ջան, պատասխանել է՝ մամ, եթե ես ծառայում եմ ու երդում եմ տվել, պիտի մինչև վերջ ծառայեմ հայրենիքիս։
Մոր՝ Նունիկ Արզումանյանի բնութագրմամբ շատ հայրենասեր Հասմիկը թեև մանկուց չէր երազում զինվորական ծառայության անցնելու մասին, բայց երբ սկսել էր աշխատել, միանգամից սիրել էր ծառայությունն ու նվիրվել բանակին։
«Դպրոցն ավարտելուց հետո Հասմիկը վարսահարդարություն էր սովորել, սակայն միշտ ձգտում էր բարձրագույն կրթություն ստանալ: Մի օր ամուսնուս եղբորորդին ասաց, որ Սիսիանի զորամասում Հասմիկին հարմար աշխատանք կա», – պատմում է մայրը։
Սկզբում թե՛ Հասմիկը, թե՛ մայրն ու եղբայրը մերժել են առաջարկը, մտածելով, որ չի կարող հարմարվել ծառայությանն ու զորամասին։ Հետո Հասմիկը մտափոխվել է ու 2014թ․-ից անցել ծառայության որպես օպերատոր։
«Մի քանի ամիս աշխատում էր մեզ մոտ, այնուհետև տեղափոխվեց Կապան։ Երբ Կապան պիտի գնար, ես էլի դեմ էի, ասում էի՝ հեռու ես գնում, բայց ինքն ասում էր՝ մամ, Կապանում միշտ տաք է, ես էլ էդպիսի եղանակ սիրում եմ, իսկական իմ տեղն է։ Ու աղջկա հետ գնացին ապրելու Կապանում», – ասում է մայրը։
Մի քանի օր էր, ինչ տիկին Նունիկը Կապանում էր, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան Հասմիկը սկսեց զանգերին չպատասխանել։
«Դեռ չգիտեի, որ պատերազմ է սկսվել, և որ կրակել են Հասմիկենց զորքի ուղղությամբ․ բոլորը վիրավոր են, հոսպիտալում են։ Անմիջապես գյուղ վերադարձա։ Մեր բակում հավաքված մարդիկ և վառվող լույսն ամեն ինչ գուժեցին»։
Անչափ աշխույժ, ընկերասեր ու բարեհամբույր Հասմիկին զորամասում սիրում էին բոլորը։ Ուրախ մարդ էր, կատակասեր, երաժշտությունն ու պարելն էլ անբաժան էին իրենից։ Նրա նման է նաև 15-ամյա աղջիկը՝ Քրիստինեն։ Տիկին Նունիկի խոսքով՝ նման է Հասմիկին թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ։ Ինչպես Հասմիկը, ինքը նույնպես նպատակ ունի բարձրագույն կրթություն ստանալու ու կատարելու նաև մոր երազանքը։