Գեղեցկության աստվածուհին պատերազմում. Ստալինա Խորենի Ասրյան
Ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում: 1980 թվականին ընդունվել է միջնակարգ դպրոց, իսկ 8-րդ դասարանից տեղափոխվել է հաշվիչ մեքենաների ուսումնարան:
1990-92 թվականներին ընդունվել եւ ավարտել է Ստեփանակերտի առեւտրի ուսումնարանը:
Զոհվել է 1993 թվականի մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղի մոտակայքում:
***
Ստալինան ծնողների հետ բնակվում էր Բաքվում: Շինարար հայրը բարձր պաշտոն էր զբաղեցնում, ոչ մի բանի պակասություն չունեին, սակայն փոքրիկ աղջկա մեջ տարիների հետ զորանում էր հայրենիքի կարոտը: Դա հայրենասեր ծնողներից փոխանցվել էր նրան եւ հանգիստ չէր տալիս: Բաքվում հայերեն լեզվով գրքեր դժվար էին գտնվում: Մայրը Ստեփանակերտից հայոց պատմությանը, եղեռնին վերաբերող գրքեր էր բերում աղջկա համար: Ստալինան կարդում էր այդ գրքերն ու թաքուն արտասվում: Նրա քնքուշ մանկական հոգին լալիս էր անգամ անցյալի տառապանքների պատմությունից: Բնականաբար, այդպիսի հոգու տերը չէր կարող անտարբերությամբ տանել կատարվող բարբարոսություններն իր ազգի հանդեպ:
Սումգայիթից հասնող անհավատալի դաժանության մասին լուրերը գերազանցում էին ամեն երեւակայություն, եւ Ստալինան, 1989 թվականին Բաքվից արձակուրդ գալով Ստեփանակերտում բնակվող քրոջ մոտ, այլեւս հրաժարվեց վերադառնալ: Ծնողները դեռուս ինչ որ բանի հետ հույս էին կապում՝ դժվար էր հրաժարվել տարիների ընթացքում արած-դրածից, սակայն, 1990 թվականի հունվարին, ծանոթների միջոցով, հազիվ մեկ ճամպրուկով, կարողացան նստել ինքնաթիռ եւ փրկվել:
Ստեփանակերտում լրացավ Ստալինայի 16 տարին: Ընդունվեց առեւտրի ուսումնարան: Մինչ այդ հայկական կամավորական ջոկատներն արդեն պայքարի էին ելել: Տարբեր ճակատներում կռիվներ էին գնում: Ուսումնարան եկավ հայտնի Ասկոլկան (Աշոտ Ղուլյան) եւ ասաց, որ աղջիկներ են պետք՝ որպես բուժքույրեր: Ստալինան առանց տատանվելու տվեց իր համաձայնությունը: Սկզբում գնաց հիվանդանոց՝ օգնելու եւ փորձ ձեռք բերելու, ապա, ծնողներից գաղտնի, սկսեց հաճախել բուժքույրական դասերի: Չնայած ծնողները կամավոր դոնոր էին դարձել եւ արյուն էին տալիս վիրավոր ազատամարտիկներին, բայց չէին կարողանում համակերպվել իրենց փոքրիկ, թվում էր, թե անօգնական, աղջնակի՝ ճակատ մեկնելու մտքի հետ:
Սակայն Ստալինայի որոշումը հաստատ էր: Նա այդ որոշումը կայացրել էր դեռեւս Բաքվում, երբ Սումգայիթից հայերի կոտորածների լուրերն էին հասնում, երբ դեռ կարդում էր հայոց պատմության գրքերն ու թաքուն արտասվում:
Բուժքույրական դասերն ավարտելով՝ մեկնեց ճակատ: Միաժամանակ ընդունվեց բժշկական ուսումնարան: Կարճ ժամանակում նա կարողացավ իրեն լիարժեք դրսեւորել եւ դարձավ Սամվել Հարությունյանի հրամանատարությամբ կազմավորված Կենտրոնական պաշտպանական շրջանի երրորդ գումարտակի բուժքույր: 1992 թվականի սեպտեմբերն էր: Գումարտակն անցավ մարտական հանձնարարությունների կատարմանը՝ Դրմբոն, Չլդրան, Գյուլաթաղ, Վաղուհաս, Մանիքլու, Սեյսուլան, Ումուդլու, Ջանյաթաղ, Մաղավուզ, Հարությունագոմեր, Սարսանգ, Չափար, Տոնաշեն, Կուսապատ, Կիչան, Կճողուտ, Շուշիի շրջան, Լաչին…
1992 թվականի հոկտեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Կճողուտ գյուղի համար մղվող մարտերում Ստալինան վիրավորվեց: Վերքը թեթեւ էր, մնաց շարքերում: Նույն ամսի 30-ին վիրավորվեց անրակից եւ ստիպված եղավ ապաքինվել Դրմբոնի զինվորական հիվանդանոցում: Ապաքինվելուց հետո նորից շարք մտավ, զբաղեցրեց իր տեղն ընկերների կողքին: Նրան այլեւս ոչինչ չէր կարող ետ պահել՝ ոչ վիրավորվելը, ոչ զոհվելու վտանգը: Նրան սպասում էին մարտական ընկերները: Մեծերը սիրում էին ինչպես իրենց դստերը, մի մասը՝ որպես ընկերոջ, իսկ մնացածը պարզապես սիրահարված էին: Եվ ինչպե՞ս չսիրահարվեին:
Պատերազմ էր: 1992 թվական: Օդում թշնամական ինքնաթիռներն էին, Խփում էին հեռահար թնդանոթները: Թշնամին ուժեղ էր: Շատ տղամարդիկ վախենում էին, հուսահատվում, իսկ Ստալինան ասես գեղեցկության աստվածուհի լիներ պատերազմի մեջ՝ ծաղկուն, երիտասարդ, գեղեցիկ, անվախ ու չընկճվող: Տղամարդիկ ձգվում էին, ամաչում իրենց վախից, իրենց հուսահատության պահերից ու նրա կողքին մարտնչում էին առյուծաբար, որպես մահաբեր սարսափ թշնամու համար:
– Ես հիմա էլ ինձ երջանիկ եմ զգում, որ կյանքում հանդիպել եմ նրա նման մարդու՝ հոգատար, ընկերական եւ սիրելի, – թախծոտ ձայնով պատմում է Ստալինայի մարտական ընկեր Ալիկ Անդրիյանը: – Գումարտակի տղաներից երկուսը սիրահարված էին նրան՝ Բորյան եւ Սասունը: Ափսո՜ս, երկուսն էլ զոհվեցին: Սկզբում՝ Բորյան:
Ստալինան երբեք չէր դողում իր կյանքի համար: Մտնում էր կրակի ամենաթեժ կետերը, վիրակապում վիրավոր ընկերներին, փրկում մահվան ճիրաններից: Երբ անհրաժեշտ էր լինում, զենքը ձեռքին մարտի էր նետվում տղաների հետ, տղաների հետ կողք-կողքի մարտնչում թշնամու դեմ: Պետք էր լինում հետախուզության էր գնում: Նա, ապրած լինելով Բաքվում, ճանաչում էր թշնամուն, եւ ատում էր: Այդ մեծ ատելությունն ուժ էր տալիս, առաջնորդում վրիժառության՝ Սումգայիթում, Բաքվում եւ այլ վայրերում մորթված անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
… Մայրն ընդհատում է զրույցը, մոտենում գրապահարանին, սուրբ մասունքի նման խնամքով փաթաթված ինչ որ բան բերում եւ սկսում զգուշությամբ բացել: Ես ուշադրությամբ հետեւում եմ նրա շարժումներին: Սովորական չորահացի մի կտոր է, սակայն, սովորական՝ կողմնակի մարդկանց համար: Մայրը մեկնում է ինձ: Աչքերն արցունքոտվում են, ձայնը՝ խզվում.
– Մի քանի օրով տուն էր եկել, հետը բերել էր: Հետախուզության էին գնացել, չոր մթերաբաժին էին ստացել: Մասունքի նման պահում եմ… Հացի կտորը մոտեցնում է շուրթերին, ապա երկա՜ր հոտ է քաշում:
Մայրական սիրտ: Դժվար է անգամ կողքից նայելը: Իմ աչքերը նույնպես մշուշվում են: Շրջվում եմ՝ հուզմունքս թաքցնելու համար:
Վերջին կռվից առաջ Ստալինային հրամանատարությունը թողեց թիկունքում, սակայն նա չկարողացավ այնտեղ մնալ: Հաջորդ օրը գումարտակը պետք է գրոհի անցներ: Դուրս եկավ ճանապարհ, պատահական մեքենայով եկավ, հասավ յուրայիններին: Հրամանատարը բարկացավ՝ հրամանը չկատարելու համար, բայց մտքում ուրախացավ՝ Ստալինայի ներկայությունը ոգեւորում էր մարտիկներին: Սակայն նրանց վիճակված չէր մասնակցելու հաջորդ օրվա կռվի: 1993 թվականի մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղի մոտակայքում, հրամանատարական մեքենան, որի մեջ հինգ հոգի էին, պայթեց ականի վրա: Մեծ սուգ էր գումարտակում: Միանգամից կորցրին եւ հրամանատարի, եւ իրենց քրոջը, ում հետ երկար ու տառապալից ճանապարհ էին անցել մինչեւ հաղթանակների երջանկությունը վայելելը:
Ստալինային հողին հանձնելուց հետո Սասունն ասաց.
– Եթե ես էլ զոհվեմ, ինձ կթաղեք Ստալինայի կողքին:
Կարծես սիրտն զգացել էր: Շուտով նա էլ զոհվեց, եւ զինակից ընկերները կատարեցին նրա վերջին խնդրանքը: Այսօր, երբ դադարել են պայթյուններն Արցախի սրբազան հողում, երբ չեն լսվում թշնամական ինքնաթիռների հռնդյուններն ու մեռնողների ճիչերը, երկու մարտական ընկեր կողք-կողքի պառկած լսում են իրականություն դարձող խաղաղության ձայնը եւ երջանիկ են, որ իրենք եւս մասնակից են այդ հաղթանակի կերտմանը: Նրանք ննջում են խաղաղությամբ, որովհետեւ գիտեն՝ եթե վաղը թշնամին նոր պատերազմ սանձազերծի, իրենց փոխարեն իրենց նման տասնյակները, հարյուրավորները կելնեն ու կգնան իրենց սկսած, բայց անավարտ մնացած փառքի ճանապարհով:
Հովիկ Վարդումյանի «Աստվածների կանչը» գրքից