Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Անդրեասը մահացել է վիրավորվելուց 7 օր անց. Աշխարհը փուլ էկավ մեր գլխին

Ապրիլի 25, 2024

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում բնակվող Անդրեասյանների կյանքը շրջվել է այն պահից, երբ որդին 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվելուց հետո 7-րդ օրը մահացել է։

«Հիվանդանոցից զանգեցին ու ասեցին, որ տղաս մահացել ա։ Աշխարհը փուլ էկավ մեր գլխին»,- արցունքների միջից պատմում է մայրը՝ 38-ամյա Վարսիկ Մարգարյանը, և ընդգծում, որ որդու վիճակի կտրուկ վատթարացումն ու մահը հանկարծակիի են բերել իրենց, քանի որ բժիշկներն ասում էին՝ վիճակը լավանում է, կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

«Ստեփանակերտում ասել էին՝ ինքը ծանր վիրավոր չի, թեթև վիրավոր ա, ու հաստատ կյանքին վտանգ չի սպառնում։ Երևանում էլ մեզ հույս տվեցին, որ, ճիշտ ա՝ վիճակը ծանր ա, բայց կայուն ա։ Չորրորդ օրվանից սկսած տղաս հիվանդանոցից ինձ զանգում էր, պատմում՝ ոնց ա վիրավորվել, հարցուփորձ էր անում, արդեն վիճակը լավանում էր, արդեն ճաշ էի եփում, ուղարկում։

Ասում են՝ այրվածքներից թունավորում ա տալիս, թե՞ թունավորում տվեց, թե՞ ուշադիր չեղան, թե ինչ եղավ՝ մեզ համար տենց էլ հանելուկ մնաց»,- հուզվում է որդեկորույս մայրը։

Անդրեաս Անդրեասյանը ժամկետային զինծառայող է եղել, պատերազմական գործողություններին մասնակցել է Աղդամում։

Մայրն ասում է, թե քանի որ տղան հաշվարկից լավ է եղել, պատերազմի օրերին հրետանային հաշվարկի անձնակազմում է եղել, թեպետ պատերազմից քիչ բան է մորը պատմել, բայց մեկ-երկու անգամ ոգևորությամբ հայտնել է հակառակորդին խոցելու հաջողությունների մասին․ «Ես ասում էի՝ տղես, կգաս, կհանդիպենք, մանրամասն կպատմես… Ես իրան ոնց որ ուզում էի ոգևորեի, որ մենք պիտի հանդիպենք»,- ցավով հիշում է մայրը։

Վարսիկն ասում է՝ ամուսինը երկու անգամ Արցախ է գնացել, որ որդու մոտ լինի, սակայն թույլ չեն տվել մնալ։ Հոկտեմբերի 28-ին հայրը կրկին որոշել է Արցախ գնալ, Անդրեասի համար իրեր տանել, սակայն Արցախ հասնելու ճանապարհին որդին վիրավորվել է։

«Հոկտեմբերի 28-ին ամուսինս էլի գնաց Արցախ, էլի մի մեծ արկղ պատրաստեցի, ուղարկեցի։ Անդրեասի հետ մի քանի անգամ խոսեցի, ասում էր՝ ինչ ա պետք, ավելացնում էի։ Ամուսինս ճամփա ընկավ, էլ դրանից հետո տղաս չի զանգել, փաստորեն խոսալուց երկու ժամ հետո վիրավորվել ա»,- պատմում է Վարսիկը։

Որդու վիրավորվելու մանրամասների մասին ընտանիքն իմացել է Անդրեասի ընկերոջ պատմելով։

Ընկերը պատմել է, որ միասին ուտելիք են պատրաստել, բայց այդ ընթացքում հակառակորդի դեմ հարձակում գործելու հրաման են ստացել. «Ժարիտը դրել են մի կողմ, դուրս գնացել, հետո տղաս ձեռնոցը մոռացել ա, ընկերներից մի քանի վայրկյան հետ ա ընկել, գնացել ա, որ ձեռնոցը վերցնի, էդ ընթացքում խփել են… Մյուս տղաներն անցել են էդ մասից, իսկ տղաս, հրետանու պատրոնները իրա ձեռքը՝ չի հասցրել փախնի, մտել ա խրամատի մեջ, կրակել են հենց խրամատի մեջ, ձեռի միջի պատրոնները պայթել են, ինքը շատ-շատ այրվածքներ է ստացել։

Մինչև ամուսինս կհասներ էնտեղ, իրեն Ստեփանակերտի հիվանդանոց են տարել, հետո էնտեղից տեղափոխեցին Երևան։ Ինքն էդ ամբողջ ընթացքում ոչ մի վայրկյան գիտակցությունը չի կորցրել, դեպի լավն էր գնում, մեկ էլ վիճակը միանգամից կտրուկ վատացել ա»,- ցավով ասում է մայրը։

Մայրն ասում է, որ պատերազմի օրերին ամեն վայրկյանն անցկացնում էր աղոթքով, որ տղան ողջ-առողջ վերադառնա, ամեն օր գոհանում էր, որ տղան այդ օրն էլ լուսացրեց։ Իսկ տղայի վիրավորվելու օրից հույսով սպասում էր Անդրեասի ապաքինմանը․

«Իմ հույսս էն էր, որ իմ աղոթքները կպահեն էրեխուս։ Ամեն օր գոհանալով ու հաջորդ օրվա համար խնդրելով անցկացրել ենք էդ 31 օրը։ Հետո, որ վիրավորվեց, ես ու մեր ամբողջ հարազատությունը փառք էինք տալիս Աստծուն, որ ինքը էդ ամենի միջից պրծավ, դուրս էկավ, հասավ ստեղ։

Մենք մենակ լավի մասին էինք մտածում, որոշել էինք հիվանդանոցի մոտ տուն վարձենք էդքան չգնալ-գալու համար, որովհետև մեզ ասել էին՝ 3-5 ամիս բուժում ա պետք։ Ամուսնուս մի անգամ թույլ էին տվել տեսնել Անդրեասին։ Չորրորդ օրն ասեց՝ դեմքի ուռածությունը իջել է, դեպի լավն է գնում»,- պատմում է Վարսիկը։

Ասում է՝ որդուն հիվանդանոց այցելել ու տեսնել այդպես էլ չկարողացավ, թույլ չտվեցին:

«Ես էդպես էլ չտեսա, ինձ չէին թողնում, ամուսինս էլ թույլ չէր տալիս, որ ես էդ վիճակում Անդրեասին տեսնեմ։ Ես որ հիմա մեղադրում եմ, ասում եմ՝ ինչի՞ ինձ թույլ չտվեցիք, գնայի, տեսնեի, ասում ա՝ ավելի լավ ա, որ դու չես տեսել, դու իրան լավ վիճակով կհիշես։ Ինքը որ տեսել ա, ասում ա՝ ես իրա աչքերը չեմ մոռանա, ամբողջ մարմինը բինտերով փաթաթված էր»,- հուզվում է մայրը։

19 տարեկանը չբոլորած ավագ որդու զոհվելուց հետո ընտանիքի անդամների համար ապրելը ծանր բեռ է թվում, կարծես շնչահեղձ են լինում: «Աննկարագրելի ցավ ա, ամեն մեռնողի հետևից ասում եմ՝ երանի իրան, որ գնաց, ուղղակի ստիպված ապրում ենք»,- արցունքներն աչքերին ասում է մայրը։

Մայրը կսկիծը սրտում ասում է՝ տղայի երազանքներն անկատար մնացին, որդուց էլ մնացին միայն հուշերն ու հիշողությունները։

Անդրեասը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող է եղել, բանակից վերադառնալուց հետո պետք է կիսատ մնացած ուսումը շարունակեր: Մոր խոսքով՝ տղան ամեն ինչ անում էր ընտանիքին օգնելու համար, ուսմանը զուգահեռ հողագործությամբ էր զբաղվում․ «Պետք ա գար, տուն սարքեր, շատ խնձորի ծառեր ունեինք, անընդհատ զանգում էր, ասում՝ մի տարի էլ յոլա տարեք, կգամ, կօգնեմ, կանենք»։

Մայրն ասում է՝ Անդրեասը շատ կազմակերպված, լուրջ, հավասարակշռված էր․ «Ավելորդ բաներ չէր անի, շատ համեստ էր ու շատ ընկերասեր, հասնող, օգնող»։

Մայրը պատմում է՝ որդին առանձնահատուկ վերաբերմունք ուներ փոքր եղբոր նկատմամբ, շատ էր սիրում նրան ու փոքրուց շատ կապված էր:

«Ինքն ինձ երկար ժամանակ համոզում էր իրեն ախպեր բերեմ, 16 տարեկան էր, որ ախպերը ծնվեց, ասում էր՝ ես էսքան ժամանակ չեմ հարբել, բայց հենց ախպերս ծնվի, մի լավ խմելու եմ, հարբեմ: Հետո բարեկամներս պատմում են, որ ծնվելու օրը Անդրեասն էնքան ա խմել, հարբել ա ու քնել։ 3․5 տարեկան Հայկը հիմա ամեն օր հարցնում ա՝ ինչի՞ ապերը չի զանգում, զանգի՝ խոսամ ապերի հետ»,- հուզվում է մայրը։

Վարսիկն ասում է, որ համակերպվել որդու կորստի հետ չի ստացվում, հաճախ մտածում է, թե ուր որ է՝ կգա, հետո եթե մի պահ գիտակցում է, որ նա էլ չկա, «քիչ ա մնում խելագարվեմ։ Ինձ ասում են՝ էլի երեխեք ունես, բայց կապ չունի, Անդրեասն իրա տեղն ուներ, մյուսները՝ իրանց, իսկ հիմա, սենց կիսատ….»- հուզմունքի պատճառով խոսքը չի շարունակում մայրը։

azatnews.am