Տղերքին ասել է՝ դուք գնացեք, տեսել է՝ հնար չկա, նռնակը պայթեցրել է․ կամավորական Վարուժան Խոջոյան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Խոջոյանը ընտանիքի 4-րդ զավակն էր։ Մայրը՝ Անահիտ Խոջոյանը, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց, որ նա լավ հայր է եղել, կնոջ համար՝ լավ ամուսին․ «Ամեն ինչով յուրահատուկ էր, ամեն ինչ ձեռքից գալիս էր դեռ փոքրուց»։
46-ամյա Վարուժանը կամավոր է մասնակցել պատերազմին։
«Առևտրով էր զբաղվում, խանութ ուներ։ Ասում էր՝ ամաչում եմ, որ ես խանութի դիմաց նստած եմ, իմ տղայի տարիքի երեխաները զոհվում են։ Բոլորը թուղթ էին հանում, որ չգնային, թուղթն իր ձեռքը, մի թևը լրիվ երկաթով էր հավաքված։ Ասացի՝ Վարուժ, էդ թևով ո՞նց ես գնալու, ասաց՝ ես հաշմանդամ չեմ։ Պատերազմը, որ սկսվեց տեղը չէր գտնում, մի օր ասաց՝ մամ, կարողա ինձ այսօր «պավեսկա» բերեն, ես գիտեմ՝ դու կպահես, չես տա։ Պարզվեց, որ ինքը կամավոր է գնացել, գրվել։ Մի օր էլ մի պայուսակ բերեց, պատրասվում էր։ Օրը մի քանի անգամ գնում էր զինկոմիսարիատ»,-պատմեց մայրը։
Վարուժան Խոջոյանը հոկտեմբերի 3-ին մեկնել է պատերազմ։
«Շրջափակման մեջ են եղել, 100-ից ավել մարդ, բոլորը փախել են, մնացել են 10 հոգով։ Էդ տղերքին ասել է՝ դուք գնացեք, ես ձեր թիկունքը կպահեմ, նրանք իջել են, ինքը մենակ դուրս է եկել էդ գազանների դեմը, տեսել է, որ հնար չկա, չի կարող, ձեռքի նռնակը պայթացրել է։ Բայց որ ես իր երեսը չեմ տեսել, չեմ հավատում, դեռ սպասում եմ։ Շատ դաժան է, կարոտը խեղդում է, չեմ դիմանում»,-ասաց մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։